Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրեն չի հաջողվել նոր կոալիցիոն կառավարություն հավաքել։
Նաթանյահուն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն 10 տարի, բայց սեպտեմնբերի համընդհանուր ընտրություններից հետո նրա «Լիկուդ» կուսակցությանը չի հաջողվել խորհրդարանում 61 մանդատ ունենալ, ինչն անհրաժեշտ է կառավարություն ձևավորելու համար։
Իսրայելի անկախության ողջ պատմության ընթացքում ոչ մի կուսակցության չի հաջողվել քնեսեթում (Իսրայելի օրենսդիր մարմինը) տեղերի մեծամասնություն ստանալ, կառավարությունները միշտ կոալիցիոն են եղել, այսինքն, հաղթող կուսակցությունները ստիպված են եղել համաձայնություններ կնքել ավելի քիչ ձայներ հավաքած կուսակցությունների հետ։
Այժմ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտարարել է, որ Նաթանյահուի գլխավոր մրցակից Բենի Գանցին 28 օր ժամանակ է տրամադրում՝ նոր կառավարություն հավաքելու համար։
Վերջին ընտրություններում Նեթանյահուի կուսակցությունը քնեսեթում 32 մանդատ ուներ, Գանցի կուսակցությունը՝ 33։ Երկու կուսակցությունները կարող էին միասին կոալիցիա կազմել՝ առանց այլ կուսակցությունների օգնության կառավարություն հավաքելու համար։ Նեթանյահուն Գանցին առաջարկել էր այդ տարբերակը, պայմանով, որ վարչապետի պաշտոնում մնալու է ինքը։ Գանցն այդ պայմանը չէր ընդունել, ասելով, որ ցանկանում է անձամբ ղեկավարել կոալիցիան, որում Նաթանյահուի համար տեղ կգտնվի։
Եթե Գանցին նույնպես չհաջողվի կոալիցիա ձևավորել, Իսրայելում այս տարվա ընթացքում երրորդ ընտրությունները կանցկացվեն։