Վրացական Go Egypt տուրիստական գործակալությունը խոստացել է ուլտրաաջ շարժման առաջնորդներ Լևան Վասաձեին, Սանդրո Բրեգաձեին ու Գիե Կորկոտաշվիլիին ֆինանսավորել ուղևորություն դեպի ցանկացած երկիր։ Գրառումը գործակալության ֆեյսբուքի էջում հայտնվել է «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ցուցադրության հետ կապված հոմոֆոբ ակցիաներից հետո։
«Եթե որոշեք հեռանալ այս երկրից… ոչ միայն Եգիպտոս, այլ ուր ուզեք, ցանկացած ժամանակով՝ ամիս, տարի, տասնամյակ․.. Երբ ուզենաք, համակիրների ցանկացած քանակության հետ․․․ Դուք միայն ասեք, միայն գրեք, շշնջացեք, և մենք կհրավիրենք, մեր գրպանից կվճարենք, կանենք անհնարինը։ Մենք կգնահատենք ձեր ջանքերը։ Եվ այն հիանալի օրը, երբ դուք երկինք կբարձրանաք ու ինքնաթիռի լուսանցույցից սպիտակ թաշկինակ կթափահարեք, մենք հանգստյան օր կհայտարարենք։ Ընդունեք այս առաջարկը», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Թբիլիսում և Բաթումիում վրաց֊շվեդական արտադրության «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան էր։ Ուլտրաաջ շարժման անդամներն ու կողմնակիցները, հավատացյալների հետ համատեղ խոստացել էին խափանել պրեմիերան։ Կան տուժածներ։