Home / Առողջապահություն / Հակասահմանադրական է ճանաչվել` հոգեբուժարաններում երեխաների և անգործունակների կարծիքը հաշվի չառնելը

Հակասահմանադրական է ճանաչվել` հոգեբուժարաններում երեխաների և անգործունակների կարծիքը հաշվի չառնելը

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները:

Հայաստանում գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։

Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։

Ավելին, օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում օրինական ներկայացուցիչների համաձայնության հիմքով:

Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից, պարզաբանում է օմբուդսմենի գրասենյակը։

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին: