Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելոց զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ձերբակալվել է 15 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ։ Վ. Ավետիսյանը և Զ. Պարոնիկյանը տեղում մահացել են, իսկ Հ.Հակոբյանը, Ա.Պետրոսյանը, Ա.Սարգսյանը, Ս.Մելոյանը, Ա.Հայթյանը և Վ.Դավոյանը՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են «Գավառ ԲԿ» ՓԲԸ:
Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:
Ըստ ՔԿ-ի, Զ.Պարոնիկյանի և Վ.Ավետիսյանի հարազատները և ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Ա. Հայթյանը, Դ. Հայթյանը և Վ.Դավոյանը, ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել և փորձել սպանել նրանց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Բացի այդ, նրանք, շրջափակելով Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրելով այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք էին գործել հիվանդանոց՝ կոտրելով մուտքի դռները և վնասելով հիվանդանոցի գույքը:
Դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասով, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասով:
Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված քննչական խմբին:
Այս պահի դրությամբ ձերբակալվել է 15 անձ:
Նախաքննությունը շարունակվում է: