Home / Ազգային ժողով / Կասկածելի իրավաբանը այլևս ՍԴ դատավորի թեկնածու չէ

Կասկածելի իրավաբանը այլևս ՍԴ դատավորի թեկնածու չէ

Կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվել է իր թեկնածությունից:

«Այսօր Ազգային ժողովի նախագահին եմ ներկայացրել «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմում։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Կառավարությանը իմ թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին մաղթում բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու և մեր Հայրենիքի», – ֆեյսբուքի իր էջում գրել է Ավետիսյանը։

ՍԴ դատավորի նախկին թեկնածուն նշել է, որ նման որոշման է հանգել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո։

Հիշեցնենք, որ մի խումբ իրավապաշտպաններ, փաստաբաններ և 2008 թվականի Մարտի 1-ից հետո քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մի քանի տասնյակ մարդիկ դիմել էին Կառավարությանը՝ խնդրելով հետ կանչել Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում: Վերջիններս ընդգծում էին, որ Ավետիսյանը չի համապատասխանում բարձր դատարանի անկախ դատավորի հատկանիշներին՝ ոչ այնքան մասնագիտական, որքան բարոյական պատասխանատվության և շահերի հնարավոր բախման տեսանկյունից. Ավետիսյանի հայրը՝ Դավիթ Ավետիսյանը 2008-ից 2016 թվականներին պաշտոնավարել է որպես Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ, քննել և կնքել է «Մարտի 1»-ին առնչվող մի շարք խիստ խնդրահարույց գործեր։

Ինքը՝ Ավետիսյանը, 2008-2009 թվականներին պաշտոններ է զբաղեցրել Դատախազությունում։ Տեղեկություններ էին շրջանառվում նաև նրա անվան հետ կապված կոռուպցիոն գործարքների մասին։

Բացի այդ` Ավետիսյանը 2012 թվականից ղեկավարել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման և մոնիթորինգի միջազգային ինստիտուտը, որը, ինչպես նշում է իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը, «փորձում էր հակադրել ԱՊՀ դիտորդական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կամ մյուս վստահելի կառույցներին, պարբերաբար տարածաշրջանի բոլոր խայտառակ ընտրություններում արձանագրելով հիասքանչ ընտրական գործընթաց և թեթև կազմակերպչական թերություններ»։ Ավետիսյանը, այսպիսով, անմիջականորեն մասնակցել է նաև 2013, 2017 թվականների կեղծված ընտրությունների և 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի լեգիտիմացման գործում։

«Մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։

Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի», – ֆեյսբուքի իր էջում գրել է Ավետիսյանը՝ հավելելով, որ նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարել է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար։