Home / Հայաստան / Հայաստանն ու Ադրբեջանն անցյալ են վերադարձել․ պատերազմ֊աղետի տագնապային սպասումը

Հայաստանն ու Ադրբեջանն անցյալ են վերադարձել․ պատերազմ֊աղետի տագնապային սպասումը

Հայաստանում և Ադրբեջանում մեծացել է պատերազմ֊աղետի տագնապային սպասումը։ Բաքվի մամուլի ակումբին տված հարցազրույցում ասել է «Թեքալի» ասոցացիայի նախագահ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Գեորգի Վանյանը։ Հայաստանում աշխարհազորի և կանանց նախնական զինվորական պատրաստության վարժությունների ֆոնին, Ադրբեջանը պատասխան գործողություններ է սկսել։

Վանյանի կարծիքով, այդ միջոցառումները վկայում են լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հավանականության մեծացման մասին։

«Եթե խոսենք Հայաստանում և Ադրբեջանում ապրող մարդկանց տեսանկյունից, ապա այո, պատերազմ֊աղետի տագնապալից սպասումն ուժգնացել է։ Պարզ է, որ ես ոչինչ կանխագուշակել չեմ կարող, բայց պատերազմի հավանականությունը անփոփոխ բարձր է արդեն շուրջ 30 տարի, քանի որ մենք գործ ունենք հակամարտության հետ, որը քաղաքական և մարտավարական առումներով ձևակերպված է որպես մշտական։

Անկախ նրանից, մեր ղեկավարները Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ժամանակ իրարից մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում, թե մոբիլիզացիայի մասին հրաման են ստորագրում, թե գործող պրոպագանդայի մեքենային նոր հրահանգներ են տալիս, էությունն անփոփոխ է մնում․ իներցիոն, տարիներով մշակված իրավիճակի էսկալացիա է, որը կհանգեցնի զոհերի մաթեմատիկայի և հակամարտության տիրոջից սպասվող «ստոպ» ազդանշանի։

Բայց աշխարհն իր տեղում չի մնում։ Մենք արդեն երկար ժամանակ հետևում ենք պատերազմը վերսկսելու դեմ երկու փաստարկների․ Մինսկի խմբի՝ հասարակություններին խաղաղության պատրաստելու հորդորները, և հայերի ու ադրբեջանցիների համակեցության փաստը երկու երկրների սահմաններից դուրս։

Կարծում եմ, ոչ ոք արդեն չի հավատում, որ ԱՄՆ֊ն, Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԵԱՀԿ այլ երկրները կարող են մոռանալ իրենց միջև առկա լուրջ տարաձայնությունների մասին և բարեհաջող աշխատել Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ»։

Իրավապաշտպանի կարծիքով, Միսնկի խումբը Ղարաբաղը Ռուսաստանին է տվել։

«Դեռ երեկ մենք՝ հայերն ու ադրբեջանցիները, աշխարհով մեկ փողոցային բախումների միջոցով դարձանք անիմաստ բռնության գործող դեմքեր՝ համաշխարհային հասարակությանը ցույց տալով մեր թշնամության տարերայնությունն ու բնականութունը։

«Խաղաղության պատրաստություններից» «պատերազմի պատրաստություններին» գնալու կրկնվող անցումներն այնքան հաճախակի են դարձել, որ արդեն ծածկում են իրար։ Հակամարտության պահպանման գործում յուրօրինակ ցայտնոտ է սկսվել։

Ռազմական և հասարակական մոբիլիզացման միջոցառումները հաջողությամբ երկու ֆունկցիա են իրականացնում․ միջազգային խաղացողներին հիշեցնել Ղարաբաղի՝ որպես Կրեմլի ձեռքում խաղաքարտի գոյության մասին, և տոտալ ենթարկման տանող ևս մեկ գործողությամբ կարգավորել ներքին ռեսուրսները։

Մենք հետ ենք վերադարձել՝ 80-ականների վերջ, 90-ականների սկիզբ։ Այսպիսի հետթնացը նաև գլոբալ բացատրություն ունի․ համավարակը ոչ միայն տնտեսական ընկճախտի է տանում, այլև մերկացնում է չկայացած պետությունների բոլոր թուլությունները։ Մեր երկրներում ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ ցեյտնոտի պատասխան ռեակցիա է․ պատերազմի սկսելն ավելի շատ կախված է Նավալնու գործից, Սիրիայի իրավիճակից, ԱՄՆ ընտրություններից և, գուցե, պատվաստանյութի մրցավազքից։ Ավելի ճիշտ, դա կախված է Ռուսաստանի դրությունից, որի քաղաքականության մեջ ամրապնդվում է կայսրության վերականգնման իղձը։ Սա նշանակում է, որ պահպանվում է «ռուսական» և «ոչ ռուսական» աշխարհի սահմաններն ամրագծող իրական կամ հիբրիդային պատերազմի հավանականությունը։

Ով ենք մենք՝ ես կամ դուք, այս ֆոնին։ «Ղրիմը մերն է»֊ականներ, «Ղարաբաղը մերն է»֊ականներ, «Աբխազիան մերն է»֊ականներ, «Օսետիան մերն է»֊ականներ, «Մերձդնեստրը մերն է»֊ականներ… Մեզ չեն հարցրել, համաձա՞յն ենք արդյոք դառնալ ԽՍՀՄ֊անման զորանոցի գործիքը»։

Գեորգի Վանյանը դեռևս հույս ունի, որ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան դուրս գալ այս փոսից։

«Այսօր «պատերազմի պատրաստության» փուլն է, ի՞նչ կլինի վաղը։ Ցինիկաբար կասեմ, որ ամեն դեպքում հետո «խաղաղության պատրաստության» փուլն է գալու»։

Իրավապաշտպանը վստահ է, որ իշխանությունները չէ, որ պետք է ժողովուրդներին խաղաղության պատրաստեն․ «Մենք պետք է իրենց պատրաստենք խաղաղության՝ ստիպելով առարկայական խոսել միմյանց հետ։ Պետք է իրար դիմաց նստեն Տավուշ֊Թովուզի չեզոք գոտում ու խոսեն անցյալից, ներկայից ու ապագայից։ Պետք է տեղներից չշարժվեն, մինչև չգտնեն լուծումն ու չդառնան քաղաքացիների անվտանգության երաշխավորը։ Այդպես պետք է լինի»։

Ավելի մանրամասն՝ այստեղ։