Վրաստանում մի խումբ մարդիկ, հիմնականում՝ իրավապաշտպաններ, ձախ և ֆեմինիստ ակտիվիստներ, որոնց մեջ կային նաև Վրաստանում ապրող էթնիկ հայեր և ադրբեջանցիներ, այսօր՝ հոկտեմբերի 2-ի երեկոյան հակապատերազմական բողոքի ցույց էին անում Կառավարության շենքի մոտ։
Ցուցարարները
— Վրաստանի իշխանություններին և ԶԼՄ-ներին կոչ էին անում ցուցաբերել բացարձակ չեզոքություն և հաշվի առնել Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի համայնքների հույզերը, իսկ
— Վրաստանի Կառավարությանը՝ հումանիտար օգնություն ցուցաբերել հարևան երկրների’ պատերազմից տուժած քաղաքացիներին, և անհապաղ գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ պատերազմը դադարեցնելուն և բանակցությունների մեկնարկին նպաստելու համար։
Կային նաև կոչեր’ ուղղված կողմերին, միջազգային հանրությանը և իրավապաշտպան աշխարհին։ Մեծ մասամբ’ ընդհանրական բնույթի։
«Ո՛չ պատերազմին», «Կովկասը մեր տունն է», «Խաղաղությունը դա շովինիզմին, էթնոազգայնականությանը և ռազմատենչությանը ո՛չ ասելն է», «Չեմ ուզում պատերզամ»՝ գրված էր պաստառների վրա (վրացերեն, հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն լեզուներով)։
Պիկետի մասնակիցները բարձրախոսով ընթերցեցին նաև նախապես գրված «Խաղաղության մանիֆեստը», որը հայերեն տարբերակը (թարգմանությունը՝ հեղինակներից) հրապարակում ենք ստորև․
— Արդեն մի քանի օր է, ինչ մենք ականատես ենք լինում վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարդ զինված առճակատի մեկնարկին և հակամարտության գոտում ռազմական իրավիճակի ծայրահեղ սրմանը: Այսօր երկու պետություններում էլ ռազմական դրություն է հայտարարված, և ընթանում է բնակչության զանգվածային ռազմական մոբիլիզացում: Երկու պետություններն էլ հայտնում են զոհերի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Չնայած միջազգային կազմակերպությունների և այլ դերակատարների քննադատական հայտարարություններին, ռազմական կոնֆլիկտի քաղաքական բանակցությունների դաշտ մտցնելու նշաններ և պատրաստակամություն, ցավոք, մինչ այժմ չենք տեսել:
Մենք՝ Կովկասի տարածաշրջանի ժողովուրդներս, ունենք դաժան պատերազմների, հակամարտությունների և փախստականության ամենադժվար փորձը: Մենք բոլորս մեր սեփական պատմական փորձից գիտակցել ենք, որ պատերազմը ճնշում է գործադրում մարդկանց վրա, նրանց ոչնչացնելու և աղքատացնելու զորություն ունի և միայն բերում է ցավ, տառապանք ու հիասթափություն: Մեր տարածաշրջանում ոչ մի ժողովուրդ կամ էթնոս պատերազմի արդյունքում հաղթանակի և զարգացման չի հասել: Այդ պատճառով մենք հավատում ենք, որ միայն խաղաղության, բանակցությունների և համագործակցության քաղաքականությունը կբերի մեր տարածաշրջանին կայունություն և զարգացում:
Մեր տարածաշրջանի մշտական առանձնահատկությունը միշտ եղել է բազմազանությունը: Ուլտրա-ազգայնականության, էթնոնացիոնալիզմի և շովինիզմի համատեքստում էթնոսների և երկրների միջև տարբերությունները օգտագործվում են մեր առանձնացման և տարանջատման համար, կարծես այդ տարբերությունները անհաղթահարելի խոչընդոտ են մեր միջև: Կարևոր է հասկանալ բազմազանության արժեքը և օգտագործել այն միավորման համար: Միևնույն ժամանակ, շովինիստական հռետորաբանության մեջ հաճախ լիովին բաց են թողնված այն առանձնահատկությունները, որոնք միավորում են այս տարածաշրջանի ժողովուրդներին. Մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան՝ տարբերակում: Մենք անընդհատ գտնվում ենք քաղաքական, մշակութային, սոցիալական, մարդասիրական աջակցության և փոխանակման գործընթացում, և պատերազմի հետևանքներն ու ցավը նույնպես հաճախ կիսում ենք միմյանց հետ: Աշխարհաքաղաքական բարդ համատեքստում Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը առանձին երկրների և ամբողջ տարածաշրջանի զարգացման նախապայմանն է, և այդ փաստը չպետք է խախտվի կառավարությունների կողմից:
Կարևոր է խաղաղության, հետևաբար մարդկային կյանքի գերագույն արժեքը հասկանանք նաև քաղաքացիներս, չհետևենք էթնո-ազգայնականության, շովինիզմի և ռազմատենչության գերակշռող գաղափարներին, որոնք ժողովուրդների դեմ օգտագործվում են որպես կույր զենք, ստրկացնելու և գերելու համար:
Մենք՝ Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններս, այդ թվում Վրաստանի քաղաքացի էթնիկ ադրբեջանցիները և հայերը, ինչպես նաև այլ էթնիկ համայնքների ակտիվիստներ, միասին կանգնած ենք հանուն խաղաղության, մարդասիրության և համերաշխության, և կոչ ենք անում մեր տարածաշրջանի կառավարություններին և միջազգային դերակատարներին վարել խաղաղ և մարդկային քաղաքականություն:
Մենք կոչ ենք անում.
Վրաստանի կառավարությանը
Խստորեն պահպանել չեզոքություն ստեղծված հակամարտությունում և հնարավորության սահմաններում ձեռնարկել հումանիտար և այլ միջոցներ երկու երկրներում էլ տուժած քաղաքացիական բնակչությանը աջակցելու համար.
Ավելի լավ հասկանալ իր դերը տարածաշրջանում խաղաղության աջակցության գործընթացի մեջ և ակտիվ քայլեր ձեռնարկել կողմերի միջև բանակցությունների գործընթացի մեկնարկը հեշտացնելու համար:
Անցկացնել համապատասխան քաղաքական և մշակութային միջոցառումներ՝ Վրաստանում ռազմական և քաղաքական լարվածության հետ կապված զգացմունքների ու տրամադրությունների տարածումը կանխելու նպատակով:
Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին
Անհապաղ քայլեր ձեռնարկել ռազմական առճակատումը դադարեցնելու ուղղությամբ և աշխատել խաղաղ քաղաքական բանակցությունների միջոցով կարգավորել հակամարտությունն և լարվածությունը:
Ռուսաստանի և Թուրքիայի կառավարություններին
Չմասնակցել ստեղծված ռազմական առճակատմանը և իրենց միջամտությամբ չխորացնել ստեղծված ռազմական և քաղաքական բախումն ու տարածաշրջանում ստեղծված լարվածությունը.
Միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ–ին, ԵԱՀԿ–ին, ՆԱՏՕ–ին, Եվրոպայի խորհրդին և Եվրամիութանը
Ձեռնարկել ավելի արդյունավետ և անմիջական միջոցներ հրադադարի ռեժիմի պահպանման համար և մշակել ավելի արդյունավետ ռազմավարություններ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և քաղաքական լուծմանը նպաստելու համար:
Վրաստանում գործող լրատվամիջոցներին
Զինված հակամարտության հետ կապված իրադարձությունները հնարավորինս չեզոք լուսաբանել և հաշվի առնել Վրաստանում տեղական էթնիկ փոքրամասնությունների գործոնը:
լուսանկարները տրամադրեց Եկատերինե Գեջաձեն