Home / Բանակ / Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության կոչ

Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության կոչ

Գայատրի Չակրավորտի Սպիվակ, Թարիք Ալի, Վիգեն Բերբերյան, Նոամ Չոմսկի, Ջուդիթ Հերման, Քորնել Ուեսթ, Սեյլա Բենհաբիբ, Հարոլդ Արամ Վիզեր, Շահիդուլ Ալամ և Ամիտավ Գոշ

ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 2020

Սիրելի՛ ընկերներ,

Մենք գրում ենք այս նամակը, հուսալով, որ կմիանաք զինադադարի միջազգային կոչին՝ վերջ դնելու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի խորհրդային շրջանի սահմաններում գտնվող «դե ֆակտո Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայկական հանրապետությունում» սկսված արյունահեղությանը և մարդկային ու մշակութային նախճիրին։

Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի հիմնադրման ժամանակ՝ սահմանների շուրջ բուռն վեճերից ի վեր, տարածաշրջանում մխում էր էթնիկական անհանգստությունը, որը ԽՍՀՄ-ի փլուզմամբ վերաճեց բաց հակամարտության: Այդ ժամանակից ի վեր ունենք   հակամարտության պատմություն, հազարավոր խախտվածներից մի քանի կարճ զինադադար: Լուրջ ռազմական առճակատումը սկսվեց 2016 թվականին՝ կրկին խախտված զինադադարներով: Այժմ բռնությունը կարծես շատ արագ տեմպերով աճում է, և Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված վերջին հրադադարը խախտվեց hոկտեմբերի 10-ին: Ադրբեջանցիները ռմբակոծեցին ոչ միայն Արցախի Հադրութ քաղաքը, այլ նաև բուն Հայաստանի մարզերից մեկը: Կան քաղաքացիական զոհեր և շատ վիրավորներ . . . և մենք չգիտենք՝ ինչ ակնկալել առաջիկա օրերին:

Այս զանգվածային ոչնչացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լայնածավալ ու բռնի տարածքային քաղաքականության մասն է, որի նպատակն է տարածաշրջանում վերահաստատել նոր տեսակի Օսմանյան իշխանություն։ Մենք ավելի մոտ կլինեինք փոխհամաձայնությանը, եթե Ադրբեջանն ունենար ներքին զսպումներով և հակակշիռներով կառավարման ավելի բաց համակարգ, քան Թուրքիան։ Ներկա իրավիճակում մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, իրականացնում է խորհրդային շրջանի իր սահմաններում գտնվող պատմական հայկական անկլավի՝ Արցախի էթնիկ հայ բնակչության զտում։ Առաջնագծում կռվող զինվորների շարքում են ոչ միայն Սիրիայից և Լիբիայից վարձկաններ և ապստամբ զինյալներ, այլև Ադրբեջանում ապրող փոքրամասնություններ՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ և քրդեր: Մենք կոչ ենք անում այս փոքրամասնություններին աջակցել հայերի փոքրամասնական պայքարին, այլ ոչ թե դիմադրել: 1997-2006 թվականներին Նախիջևանում Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի բնաջնջումը մեզ թույլ է տալիս գիտակցել քաղաքացիական կյանքի և սեփականության՝ հատկապես հնամենի պատմություն ունեցող փոքրամասնությունների նկատմամբ շարունակական բռնության և անողոք ոչնչացման լրջությունը, ինչի ականատեսն ենք վերջին տասնամյակների ընթացքում: Հիշեցնում ենք ձեզ, որ ռմբակոծվող տարածքներում են գտնվում այնպիսի հնավայրեր, ինչպիսին է հին հայկական Տիգրանակերտ քաղաքը:

Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի և 20-րդ դարի բերած ավերածությունները, տարածաշրջանի ադրբեջանցիներն ու հայերը ապրում էին այնպիսի հակամարտային համագոյակցության պայմաններում, որոնք մեզ ծանոթ են աշխարհի բազմաէթնիկ մասերից:

Մենք այժմ խնդրում ենք, որ ձեռք բերվի ոչ միայն զինադադարի համաձայնություն, այլև հաստատակամություն՝ այդ զինադադարի պահպանման և իրենց ինքնորոշմանն ուղղված ջանքերում հայ փոքրամասնության պաշտպանության համար: Հուսով ենք, որ երկարաժամկետ հեռանկարում, արդարադատության բոլոր միջազգային կառույցների մասնակցությամբ՝ այս տարածաշրջանի էթնիկ հայերի ժողովրդավարական կամքը կարող է ճանաչվել:

 

Ի համերաշխություն,

Գայատրի Չակրավորտի Սպիվակ, Կոլումբիայի համալսարան
Թարիք Ալի, գրող
Վիգեն Բերբերյան, գրող
Նոամ Չոմսկի, Արիզոնայի համալսարան
Ջուդիթ Հերման, Հարվարդի բժշկական դպրոց
Քորնել Ուեսթ, Հարվարդի համալսարան
Սեյլա Բենհաբիբ, Յեյլի համալսարան
Հ. Արամ Վիզեր, Նյու Յորքի Սիթի քոլեջ
Շահիդուլ Ալամ, լուսանկարիչ
Ամիտավ Գոշ, գրող

Անգլերեն բնագիրը՝ lareviewofbooks.org