Home / Մարզեր / Հայաստանի նախկին պատգամավորը դարձել է արցախյան նախարար

Հայաստանի նախկին պատգամավորը դարձել է արցախյան նախարար

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով Միքայել Վիրաբյանն ազատվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

«Ստեղծված պայմաններում նպատակահարմար եմ գտել Մանե Թանդիլյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա փորձն ու գիտելիքները, քանի որ ակնկալում եմ, որ ավելի արդյունավետ լուծումներ կգտնենք երկրում առկա սոցիալական լարվածությունը մեղմելու համար»,  ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:

Թանդիլյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տեղափոխվում է Ղարաբաղ։

Մեկնաբանելով էլ ԱՀ սոցապ նախարար նշանակվելու մասին լուրը՝ գրել է, որ «Արցախում գտնվելու ընթացքում ծանոթանալով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև ունենալով քննարկումներ Արցախի նախագահի և այլ պաշտոնյանների հետ, հասկացա մի պարզ ճշմարտություն, որ մեր ձախողումների գլխավոր պատճառներից մեկը կորսված ժամանակ է, ինչը տեղի է ունեցել տասնամյակներ, գուցե և ավելի։ Հետևաբար, այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը, հակառակ պարագայում տարիներ անց էլի խոսելու ենք նախկինում բաց թողնված հերթական հնարավորությունների մասին։

․․․Այս ամենի իրականացման համար իմ արդյունավետ ներգրավումը ուղղված Արցախը ապրեցնելուն առաջիկա ժամանակահատվածում համարում եմ Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարի կարգավիճակը, որը վստահ եմ թույլ կտա արագ լուծում տալ Արցախի քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ նպատակ ունենալ կարճաժամկետ հատվածում ապահովել արցախցիների վերադարձը Արցախ՝ ստեղծելով կյանքի և աշխատանքի համար որակյալ պայմաններ»։

Թանդիլյանը, հիշեցնենք, 2020-ի օգոստոսին վայր էր դրել իր պատգամավորական մանդատը և դադարեցրեց գործունեությունը որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Նա հայտարարել էր, որ ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։

2018 թվականի հեղափոխությունից հետո Թանդիլյանը նշանակվել էր Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ամիսներ անց՝ հրաժարական ներկայացրել՝ կառավարության հետ մի շարք հարցերում անհամաձայնություն ունենալու հիմնավորմամբ։