Home / Բանակ / Ադրբեջանը նվազեցնում է գերիների քանակը․ Հարությունյան

Ադրբեջանը նվազեցնում է գերիների քանակը․ Հարությունյան

Խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովն այցելել է Ադրբեջան, անձամբ հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել հայկական կողմին, հայտնել է Արայիկ Հարույթունյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հանդիպել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և խաղաղ բնակիչների ընտանիքների անդամների հետ։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կառավարությունում տեղի ունեցած հերթական հանդիպմանը մասնակցել են Հայաստանի վարչապետը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ տեղեկատվություն են ներկայացրել գերիների, զոհերի աճյունների փոխանակման, անհետ կորածների հայտնաբերման, ԴՆԹ հետազոտությունների և դատագենետիկական նույնականացման հետազոտությունների երկրորդ հոսքագծի ձեռք բերման ու տեղադրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Ղարաբաղի նախագահն էլ՝ զեկուցելով Արցախում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ հարազատների հետ քննարկմանը մասնակցել է նաև խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին։

Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս», – գրել է Հարությունյանը։

Նա վստահեցրել է, որ բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։

Այսօր ավելի վաղ վարչապետ Փաշինյանը նշել էր, որ գերիների վերադարձի հարցում որոշակի առաջընթաց կա։

«Ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև դրանից առաջ հայկական ու ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն։

Հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն», – առավոտյան ուղերձի ժամանակ ասել էր վարչապետը։