2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում 300 նոր վերելակ կտեղադրվի, խոսնատում է քաղաքապետարանը։ Միջոցները կհատկացվեն համանքային բյուջեից։
Քաղաքապետարանի տվյալներով՝ մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար առավելագույնը 25 տարի անց։
Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը Երևանում փոխվել է ընդամենը 35 վերելակ, հայտնում է քաղաքապետարանը՝ հավաստիացնելով, որ 2019 թվականից հետո Երևանում արդեն իսկ 520 վերելակ է փոխվել, «և այդ պրոցեսը շարունակվում է»։
Մայրաքաղաքում գործող 4428 վերելակներից 3000-ը, ըստ քաղաքապետարանի, ենթակա է փոխարինման։
Առաջնահերթությունը տրվում է ամենամաշվածներին։
Համատիրության նախագահները, նախ, ներկայացնում են հասցեները, որոնք փոխանցվում են քաղաքապետարանի կոմունալ բաժնին։ Հետագայում հատ-հատ դրանք ստուգվում են։ Ընտրությունը, ըստ աղբյուրի, կատարվում է ոչ թե կաբինայի, այլ մեխանիկական մասերի վիճակը հաշվի առնելով՝ մասնագետների եզրակացության հիման վրա։
Քաղաքապետ Հայկ Մարությանը նոր վերելակներ է խոստանում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների բազմահարկ շենքերում։
Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարների հաշվին նված շենքերում նոր վերելակներ կտեղադրվեն, որոնք հասանելի կլինեն նաև սայլակներով տեղաշարժվելու համար։ Սայլակով տեղաշարժին կհարմարեցվեն նաև շենքերի մուտքները։