Փետրվարի լույս 13-ի գիշերը Եղեգնաձորի ոստիկանությունը Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից բերման է ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով։ Բերման է ենթարկվել նաև նրանց մեքենան։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության պաշտոնական կայքը։
Մեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին Պաշտպանության նախարարության կարիքների համար։
Բերման ենթարկված 47-ամյա տղամարդը հայտնել է զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Ղարաբաղում պատերազմին մասնակցելիս։ Նշանակվել է փորձաքննություն։