ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Հայրենիք» և մոտ 12 այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժումը» վերադառնում է փողոց՝ պայքարելու հանուն Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի։
Դեռևս փետրվարի սկզբին շարժման առաջնորդները՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ԲՀԿ ղեկավար, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը և վարչապետի նրանց թեկնածու Վազգեն Մանուկյանը փակ հանդիպում էին ունեցել։ Հանդիպման ընթացքում, ինչպես հայտնել էր Սաղաթելյանը, որոշվել էր վերսկսել փողոցային պայքարը՝ «ամբողջ թափով» և «ամենօրյա ռեժիմով»։
Թեև ամենօրյա ռեժիմ չեղավ, կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է լինելու։
Հանրահավքը եղավ։
Հանրահավաքի վերջում դաշնակցական Իշխան Սաղաթելյանը կրկին ազդարարեց «պայքարի նոր սկիզբը»․ հայտարարվեց, որ հանրահավաքներն ու անհնազանդության ակցիաներն այս անգամ լինելու են առանց դադարի։
Առաջին ելույթը «Փրկության» վարչապետի թեկնածուինն էր։
Վազգեն Մանուկյանը երկու բառով խոսեց իրենց պատկերացրած ապագայի մասին։ Հայտարարվեց, որ իրենց շարժման հաղթանակից հետո վերականգնվելու է բանակը (կոնկրետ ինչպես՝ կասի նախկին նախարար Սեյրան Օհանյանը), վերականգնվելու են նաև հարաբերությունները «բնական դաշնակիցների», այսինքն՝ Թուրքիայի դեմ պայքարող բոլոր պետությունների հետ (նրանց շարքում Վազգեն Մանուկյանը տեսնում է նախևառաջ Ռուսաստանին և Չինաստանին)։ «Անելիքները շատ են», – եզրափակեց Մանուկյանը։ Ապագային վերաբերող խոստումներն այսքանով սահմանափակվեցին։
Սկզբում, ըստ քաղաքական գործչի, անհրաժեշտ է ազատվել այս իշխանություններից։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվողը չէ, հայտարարեց Վազգեն Մանուկյանը։ Եվ առաջարկեց ջարդել հենարանները։
Փաշինյանի առաջին հենարանը, ըստ նրա, մեր ժողովրդի մի հատվածն է․ նրանց առաջարկվեց «բացատրել», թե ինչ է կատարվում և ինչ է լինելու։ Երկրորդ հենարանը, Մանուկյանի կարծիքով, ուժային կառույցներն են, իսկ երրորդը՝ պատգամավորները։ Նրանց հետ էլ առաջարկվեց «լինել կոշտ, համոզեցուցիչ», բայցև «թողնել նահանջի ճանապարհ»։
«Հայաստանը պետք է եռա», – ամփոփեց վարչապետի թեկնածուն։
«Բայց կա նաև պլան Բ։ Ցանկացած պահ՝ դա կարող է լինել այսօր, մի շաբաթ հետո, տասը օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ Մենք գնալու ենք Ա ճանապարհով՝ միշտ պատրաստ Բ ճանապարհին», – հայտարարեց Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանի ելույթի ընթացքում և հատկապես ավարտին բեմի մոտ կանգնած տղամարդիկ վանկարկում էին «Ծառուկյան, Ծառուկյան»։
Ելույթ ունեցավ նաև Ծառուկյանը։
Ծառուկյանը խոսեց պատերազմում զոհվածների, վիրավորվածների, անհետ կորածների հարազատների մասին։ Հետո հիշեց իր հունիսի 5-ի ելույթը, երբ պահանջում էր «այս անփորձ երիտասարդների» հրաժարականը։ Դանակը, ըստ օլիգարխ բարերարի, հասել է արդեն ոսկորին։ «Կա՞ մարդ, որ վարկ չունի», – հարցրեց նա։ «Ո՛չ», – վանկարկեց ամբոխը։
«Այսօր պետք է խնդիրները կարգավորվեն, պետք է թոշակները բարձրացվեն, որ մարդը չեմ ասում՝ բարեկեցիկ ապրի, բայց գոնե գոյատևի», – շարունակեց ձեռներեց պատգամավորը։ Նա թվարկեց վարկերի տեսակները և առաջարկեց, որ պետությունը որոշ վարկերին ներում շնորհի, որոշ վարկեր սառեցվեն։ «Այո», – արձագանքեցին ցուցարաները։ «Կառավարությունը պետք է վայրկյան շուտ հրաժարվի, դա է մեր ազգի փրկությունը, որ ձևավորվի նոր կառավարություն», – ամփոփեց Ծառուկյանը։
Հանրահավաքի ընթացքում խոսեց նաև արդարադատության նախկին նախարար, նախկին հանրապետական Արփինե Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին վարչապետ, ՀԱԿ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որդեկորույս Գեղամ Նազարյանը, շուռնուխեցի Անդրանիկ Աղաբեկյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։
Հանրահավաքը վարում էր դաշնակցական հաղորդավար Գեղամ Մանուկյանը։
Հանրահավաքին էր եկել նաև Արսեն Ղուկասյանը, ով օրեր շարունակ՝ անհետ կորած մյուս զինվորների հարազատների հետ միասին, դուրս է գալիս ցույցերի՝ Կառավարության, ՊՆ-ի, պետական այլ գերատեսչությունների մոտ։ Ղուկասյանը եկել էր իր անհամաձայնությունը հայտնելու տեղի ունեցողի հետ, կարճ վիճաբանությունից հետո ցույցին մասնակցող մի քանի տղամարդիկ նրան ձեռքերից բռնած դուրս հանեցին ամբոխից։
Բարձրախոսն այդ ընթացքում գոռում էր՝ «սադրիչ»։
Վերջում մասնակիցները բաժանվեցին չորս մասի և գնացին՝ շարունակելու անհնազանդության ակցիաները։ Կարճ ժամանակով փակվեցին Մաշտոց-Պուշկին, Մաշտոց-Ամիրյան փողոցները, փորձեցին փակել նաև Պռոշյան և Արշակունյաց փողոցները։
Հայտարարվեց, որ ակցիաները շարունակվելու են երկուշաբթի օրը։