Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է «Քառյակ Մեդիայի» (Արմնյուզ, tert.am) համահիմնադիր, ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունը։
Փետրվարի 19-ի երեկոյան ձերբակալված Բեքարյանը, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մհեր Ավագյանը և ոմն Արամ Սարգսյանը, ըստ ԱԱԾ-ի, ստեղծել և վարել են Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի ֆեյք էջը, որը հայտնի է իշխանությունների հասցեին հայհոյախառն քննադատությամբ։
«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով Բեքարյանը, Սաղաթելյանը, Ավագյանը և Սարգսյանը կասկածվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու մեջ։
Նախօրեին Դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին։ Կալանավորվել է նաև Արամ Սարգսյանը։ Իսկ Մհեր Ավագյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է։
Սաղաթելյանի և Սարգսյանի պաշտպանները նշել են, որ կալանավորման մասին որոշումը բողոքարկելու են վերաքննիչ ատյան։