Home / Օրենքի մարդիկ / Ադրբեջանցի ընդդիմադիրը դանակահարվել է Ֆրանսիայում

Ադրբեջանցի ընդդիմադիրը դանակահարվել է Ֆրանսիայում

Մարտի 14-ին Ֆրանսիայում հարձակման է ենթարկվել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Մահոմեդ Միրզալին։ «Turan» գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրան և հեռացել։

Միրզալին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է նախաձեռնել։

2020 թվականի հոկտեմբերին Միրզալին հաղորդել էր իր նկատմամբ Ֆրանսիայում կազմակերպվող մահափորձի և սմս-սպառնալիքների մասին, որոնք, ըստ բլոգերի, ուղարկվում են Ադրբեջանի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի կողմից։ Սպառնալիքներին ի պատասխան նա հայտարարել էր, որ իր գործունեությունը դադարեցնելու մտադրություն չունի։

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ ընդդիմադիրը պատմել էր, որ իրեն շանտաժի են ենթարկում քրոջ ինտիմ տեսանյութերով․ «WhatsApp մեսենջերի միջոցով ինձ ինտիմ տեսանյութ են ուղարկել քրոջս ու նրա ամուսնու մասնակցությամբ։ Ինչ-որ մեկը տեսախցիկ է տեղադրել նրանց ննջասենյակում», — ասել էր էր Միրզալին։

Տեսանյութն ուղարկելուց հետո նրան զանգել ու պահանջել են այլևս հրապարակայնորեն չխոսել, հակառակ դեպքում՝ սպառնացել տարածել ձայնագրությունը։

Իշխանությունները մինչ այդ էլ բազմիցս փորձել են լռեցնել նրան։ Երեք տարի առաջ, օրինակ, առևանգվել էր նրա հայրը, ավանդական դարձած՝ «ապօրինաբար թմրանյութեր պահելու» մեղադրանքով ձերբակալվել էր նրա քրոջ ամուսինը, որոշ ազգականներ ճնշումների պատճառով ոստիկանությունում դիմում էին գրել՝ Միրզալիի հետ ազգակցությունից հրաժարվելու մասին։

27-ամյա Մահոմեդ Միրզալին Ադրբեջանից հեռացել է մի քանի տարի առաջ։ Պատճառը ուժայինների կողմից իրականացվող հետապնդումներն էին, որոնք հատկապես ուժգնացել էին զինվորների մահացության դեմ Գյոքչայ քաղաքում կազմակերպված բողոքի ակցիայից հետո։ Նա հայտնի է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ քննադատական դիրքորոշմամբ և ռեպորտաժներով, որ հրապարակվում են վերջին մի քանի տարիներին։