Home / Բանակ / Ադրբեջանի տերը ծաղրում է զոհերին և «խաղաղություն» առաջարկում

Ադրբեջանի տերը ծաղրում է զոհերին և «խաղաղություն» առաջարկում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հովանու ներքո նախօրեին Բաքվում բացվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմի զոհերի ծաղրին նվիրված «Հաղթանակի պուրակը»։

Էքսպոզիցիան, որը ակնդրում էր Ադրբեջանի ամենահարուստ կլանի պարագլուխը, ռազմական ավարից բացի ներառում էր նաև զինվորական սաղավարտներ՝ հավաքված մարտի դաշտից, որտեղ մինչ օրս զոհերի մասունքներ են հայտնաբերվում, և զինվորական հագուստով մանեկեն-«հայեր»։

Իր ելույթում Ալիևը հերթական անգամ «երկաթե բռունցքով» էր սպառնում և պատմում հայաստանցի գործընկերների հետ մինչպատերազմյան բանակցությունների մասին։

Արդեն այսօր՝ ռազմահագուստը կոստյում-փողկապով փոխարինելով և Պուրակի ֆաշիստական ինտերիերից դեպի ADA համալսարանի «Նոր հայացք Հարավային Կովկասին․ զարգացում և համագործակցություն հակամարտությունից հետո» կոնֆերանս անցում կատարելով, Ալիևը խոսում էր Երևանի հետ երկխոսություն սկսելու և Ղարաբաղում, որը Բաքուն իրենն է համարում, մնացած հայերի անվտանգության երաշխիքների մասին։ Պարզվեց, որ խաղաղության համաձայնագրի հարցում Ալիևը Հայաստանի քաղհասարակության հետ ավելի մեծ հույսեր է կապում, քանի որ իշխանության և ընդդիմության հռետորաբանությունը, նրա կարծիքով, դեռ «ադրբեջանատյաց» է և «ռևանշիստական»։

Այստեղ կարելի մի քանի մեջբերում անել ադրբեջանցի առաջնորդի ելույթներից․

երկուշաբթի

— 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի գործող նախագահ [Սերժ] Սարգսյանը խոստացավ վերադարձնել օկուպացված տարածքները և երկու շաբաթ ժամանակ խնդրեց։ Դրանից հետո այնտեղ ոստիկանության գունդ գրավեցին, և հղվելով դրան՝ Սարգսյանը հրաժարվեց խոստումը կատարել։

— Հայաստանում 2018-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանը ևս խոստացավ լուծել հակամարտությունը՝ ներքին խնդիրների լուծման համար ժամանակ խնդրելով, բայց հայերը նորից խաբեցին մեզ։ Պարզ դարձավ, որ բանակցություններն անիմաստ են։

— Հայաստանում այսօր ռևանշի մասին խոսողները պիտի հիշեն՝ երկաթե բռնուցքն իր տեղում է։

երեքշաբթի

— Ադրբեջանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական պլաններ չունի։ Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե լինի հայկական կողմի փոխադարձ ցանկությունը։ Սակայն եթե Հայաստանում գերակշռեն ռևանշիստական տրամադրությունները, Ադրբեջանը պատրաստ է կրկին ջախջախիչ հարված հասցնել թշնամուն։

Մասնակիցների հարցերին պատասխանելիս․ — Մենք չենք պլանավորում ուժ կիրառել Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ։ Ինչպես արդեն ասել եմ՝ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է։ Ադրբեջանը ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող տարածքներում ապրող հայերին իր քաղաքացին է համարում։ Այն հումանիտար օգնությունն ու նյութատեխնիկական աջակցությունը, որ մենք մինչ օրս տրամադրել ենք, ևս վկայում են մեր մտադրությունների մասին։

— Ադրբեջանը ռուս խաղաղապահներին հումանիտար հարցերի լուծման համար տրանսպորտային-լոգիստիկ օգնություն է տրամադրում՝ իր երկաթուղու միջոցով։

— Ես այլ օրինակներ ևս կարող եմ բերել։ Մենք «Գազպրոմին» թույլ ենք տվել Ադրբեջանի տարածքով գազ մատակարարել Հայաստան՝ ռուսական տարածքում վերանորոգման աշխատանքների պատճառով։ Սա հերթական նշանը՝ ժեստն է։ Մենք նաև հայերին թույլ ենք տվել մեր՝ Կուբաթլուի և Զանգիլանի ճանապարհի 21 կիլոմետրից օգտվել և չենք շրջափակում այն։ Սրանք ոչ միայն ժեստեր են մեր կողմից, այլ սկզբունքային քաղաքականություն։

—Մենք այս առումով ավելին ենք սպասում Հայաստանի քաղաքացիական հասարակությունից, քանի որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը դրականորեն չեն արտահայտվում Ադրբեջանի մասին։ Հայաստանում պահպանվում է ադրբեջանատյացությունը, տասնամյակներ շարունակ խթանվում է ատելությունն ադրբեջանցիների նկատմամբ։ Նրանք պիտի ճշմարտությունն ասեն հայ ժողովրդին, քանի որ պատերազմն անցել է պատմության գիրկը և անհրաժեշտ է նայել ապագային։

— Ես կարծում եմ, որ մենք պիտի ակտիվորեն կամուրջներ ստեղծենք այստեղ և Երևանում։ Եթե, իհարկե, հայկական կողմն ունի այդ ցանկությունը։ Մենք այդպես էլ Հայաստանից մեսիջներ չենք ստացել խաղաղության համաձայնագրի հնարավորության մասին։ Ընդ որում՝ Հայստանի վարչապետը հանգիստ է, իսկ արտգործնախարարը՝ ագրեսիվ։ Հայաստանը նույնիսկ հիմա չի կարողանում հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքից։ Նրանք պետք է հիշեն՝ ինչ տեղի ունեցավ պատերազմի ժամանակ։

— Եթե Հայաստանում դրական ազդակներ կան, եթե Հայաստանը ցանկանում է կապեր հաստատել, մենք պատրաստ ենք անել ամենն, ինչ մեր ուժերում է։

Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին Բաքուն ռազմական պլաններ չունի։

Պուրակներ, պարադներ, համալսարանական կոնֆերանսներ․ ինչպե՞ս է ալիևյան «խաղաղաշինությունը» համատեղվում այլատյացության մանիֆեստացման հետ. Epress.am-ի հարցերին պատասխանում է հակապատերազմական ակտիվիստ Բահրուզ Սամեդովը :