Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից այսօր հնչեցված մեղադրանքների վերաբերյալ.
— Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ` Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի` ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:
Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա` իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես` ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։
Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն այսօր հայտարարել է, որ նախօրեին հայկական կողմը մի շարք սադրանքներ է ձեռնարկել Սյունիքի ուղղությամբ։
Ավելի վաղ Ղարաբաղի ներքին գործերի, պաշտպանության, իսկ հետո նաև արտաքին գործերի նախարարությունն ահազանգել էին ապրիլի 20-ին Բաքվի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Համաձայն Ղարաբաղի ԱԳՆ հայտարարության՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։