Home / Առողջապահություն / AstraZeneca-ն՝ բոլորին, Sputnik-ը՝ ռիսկի խմբին․ 2 հազար մարդ արդեն պատվաստվել է

AstraZeneca-ն՝ բոլորին, Sputnik-ը՝ ռիսկի խմբին․ 2 հազար մարդ արդեն պատվաստվել է

Առաջիկայում Հայաստան կներկրվի նաև չինական՝ Coronavak պատվաստանյութը, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը։

COVAX հարթակի միջոցով Հայաստան կներկվեն ևս մի քանի տեսակի պատվաստանյութեր․ կոնկրետ որոնք՝ դեռ հայտնի չէ:

Մինչև այսօր Հայաստան է ներկրվել 24 000 դեղաչափ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութից՝ նախատեսված 12 հազար քաղաքացու համար և երկու խմբաքանակ ռուսական Sputnik-ից՝ նախատեսված է 21 հազար 500 մարդու համար։

Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Հայաստանում առ այսօր պատվաստվել է 2044 մարդ, որոնցից 597-ն արդեն ստացել են նաև երկրորդ դեղաչափը։

«Բոլոր պատվաստվածների շրջանում առողջական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել, սպասվող ռեակցիաները` այն, ինչ որ մենք սովորաբար ասում ենք` թեթևակի ջերմության բարձրացում, որոշակի տեղային ռեակցիաներ, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ․․․ բոլորը կարճ ժամանակից հետո անցնում են», – ասել է պաշտոնյան:

Տարածաշրջանում պատվաստումների պատկերն ըստ Սահակյանի՝ հետևյալն է. Թուրքիայում պատվաստվել է բնակչության 13.2 տոկոսը, Ռուսաստանում` 6.7 տոկոսը, Իրանում` 0.5 տոկոսը, Վրաստանում` 0.5 տոկոսը:

«Ընդամենը 2 շաբաթ է մեզ մոտ իրականացվում, և 2 շաբաթվա կտրվածքով մենք ունենք 2641 դեղաչափ պատվաստում: Օրական կտրվածքով մենք աճ ենք գրանցում, յուրաքանչյուր օր նախորդից 4-5 տոկոսով ավելի են պատվաստումները», – ասել է Սահակյանը։

Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 23-ին նախարար Անահիտ Ավանեսյանը վերանայել է մինչ այդ ընդունված որոշումն, ըստ որի բրիտանա-շվեդական արտադրության այս պատվաստանյութով պետք է պատվաստվեին միայն 55-ից բարձր տարիքի մարդիկ։

Այժմ 18-ից բարձր տարիքի բոլոր մարդիկ, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիները, այլևս կարող են հայաստանյան ցանկացած պոլիկլինիկայում անվճար պատվաստվել AstraZeneca-ով։

Տարիքային սահմանափակումը պայմանավորված էր վարկածով, որ AstraZeneca-ն հատկապես միջին տարիքի կանանց մոտ կարող է թրոմբային խնդիրներ առաջացնել։ Մասնագետները, սակայն, վիճակագրություն են մեջբերում` ընդգծելով, որ աշխարհում կիրառման առումով բրիտանա-շվեդական այս պատվաստանյութն առաջին տեղում է, հետևաբար՝ օգտագործման այդ հսկայական ծավալներում չեն բացառում նաև բարդությունները։ Թրոմբային խնդիրները շատ հազվադեպ են արձանագրվել, իսկ պատվաստանյութի հետ դրանց կապը դեռևս հստակ բացահայտված չէ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը նշել է, որ աշխարհի ավելի քան 170 երկրում կատարվել է 1.1 մլրդ դեղաչափ պատվաստում, կիրառված պատվաստանյութերի առումով AstraZeneca-ն առաջին տեղում է՝ մոտ 200 միլիոն դեղաչափ։

Ռուսական Sputnik V-ը դեռ այդքան էլ հասանելի չէ։ Այստեղ շարունակում է գործել նախարարի որոշումն, համաձայն որի՝ Sputnik-ով կպատվաստվեն միայն 18-ից 54 տարեկան բուժաշխատողները, քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչներն ու աշխատակիցները։

Պաշտոնյան նշել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից առաջ հավելյալ անալիզներ անելու կարիք չկա։

Շատերն, ըստ նրա, արյան անալիզ են հանձնում, նախօրոք ստուգում են արյան մակարդելիությունը, հակամարմինների քանակը և այլն, ինչը ժամանակի և միջոցների վատնում է միայն։

«Ոչ մի հետազոտություն պետք չի, ոչ մի արյան հետազոտություն, որ տրոմբոցիտների քանակի որոշում, ոչ հակամակարդիչների կիրառում, որովհետև ինչի մասին խոսքն այսօր գնում է, դա բոլորովին կապ չունի սովորական հակամակարդիչների կիրառմանը կամ արյան հետազոտությունների ինչ-որ բան հայտնաբերման հետ»: