Ադրբեջանում դատում են 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։ Մեղադրող դատախազը նրա համար 20 տարվա ազատազրկում է պահանջում։ Հայ ռազմագերին մեղադրվում է վարձկանության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության տեսանյութ էր տարածել, որում Վիգեն Էուլջեքչյանը ներկայացվում էր որպես պատերազմին մասնակցած վարձկան, ով 2500 դոլարի դիմաց կռվել է Ադրբեջանի դեմ։
Հիշեցնենք՝ Վիգեն Էուլջեքչյանը և Մարալ Նաջարյանը գերեվարվել էին նոյեմբերի 10-ին՝ զինադադարի մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։ Հարազատների փոխանցմամբ, նրանք Հայաստան էին տեղափոխվել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո, պատերազմից առաջ վերաբնակեցման ծրագրով հաստատվել էին Ղարաբաղում, պատերազմի ընթացքում՝ եկել Երևան։ Էուլջեքչյանը կամավորագրվել և մեկնել էր Մարտունի, մեկ շաբաթ անց՝ վերադարձել Երևան։ Զինադադարի հաստատումից անմիջապես հետո Մարալ Նաջարյանի հետ միասին նրանք գնացել էին Բերձոր (Լաչին), այնուհետև՝ մեկնել Շուշի՝ ընտանիքին պատկանող իրերը վերցնելու։ Նոյեմբերի 10-ին նրանց հետ կապն ընդհատվել է։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկուսն էլ գերեվարվել են։
Չորս ամիս գերության մեջ մնալուց հետո Մարալ Նաջարյանը վերադարձվել է Բեյրութ։ Վիգեն Էուլջեքչյանը մնացել է Բաքվում՝ բանտարկության մեջ։
Ադրբեջանը մեղադրում է նրան վարձկանություն, ահաբեկչություն համար․ ընդհանուր առմամբ նրան հինգ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել։
Առաջին դատական նիստն այսօր էր։
Նիստի մեկնարկին, ըստ «Թուրան» գործակալության, դատարանն «ուսումնասիրել է» Էուլջեքչյանի ընկերուհու՝ Մարալ Նաջարյանի «ցուցմունքների» տեսագրությունը։ Ցուցմունքները վերցվել են գերության ընթացքում։ Տեսագրությունում, ըստ աղբյուրի, Նաջարյանը պատմում է, թե պատերազմի ընթացքում Էուլջեքչյանի հետ մեկնել են Շուշի, որտեղ վերջինս մեկ այլ լիբանահայի կողմից առաջարկ է ստացել մասնակցել ռազմական գործողություններին՝ 2000-2500 դոլար հավելավճարի դիմաց, համաձայնել է, սակայն մի քանի օր հետո փախել է ռազմաճակատից՝ հայտարարելով, թե (ուղիղ մեջբերում դատական գործից) «ադրբեջանցիք չափազանց ուժեղ են» և «բոլոր արտասահմանցի վարձկանները արդեն զոհվել են»։ Այնուհետև զույգը, ըստ գործի, մեկնել է Լաչին, իսկ նոյեմբերի 10-ին՝ իմանալով, որ ռազմական գործողություններն արդեն ավարտվել են, շարժվել դեպի Շուշի՝ իրերի հետևից, և ձերբակալվել ադրբեջանցի զինվորականների կողմից։
Աղբյուրը նշում է, որ նիստի ընթացքում Էուլջեքչյանը հերքել է գերության մեջ գտնվող ընկերուհուց վերցված ցուցմունքները։ Սա դատարանի կողմից առանձնակի ուշադրության չի արժանացել։
Նիստի վերջում դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։ Գործը քննության վերադարձնելու վերաբերյալ պաշտպանող կողմի միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։
Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 11-ին։ Վիգեն Էուլջեքչյանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Դեռևս պատերազմի ժամանակ, երբ հայկական կողմը և Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հայտարարում էին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին, Ադրբեջանը հանդես էր գալիս «հայելային» մեղադրանքներով, թե հայկական կողմից ռազմագործողություններին մասնակցում են օտարերկրյան քաղաքացիներ (սփյուռքահայեր): Վերջիններիս պաշտոնական Բաքուն «վարձկան» էր անվանում՝ այդկերպ, ըստ էության, արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին։ Վիգեն Էուլջեքչյանի քրեական գործն ադրբեջանական կողմ այժմ օգտագործում է այս գծի շրջանակներում։
Հիշեցնենք նաև, որ մայիս 4-ին Սյունիքի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց երկու սիրիացիների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Վերջիններս մեղադրվում էին վարձկանության և ահաբեկչության մեջ։ Պատիժը կրում են Հայաստանում։