Home / Ազգային ժողով / Օրենսդիրները վարկաբեկում են վարկաբեկվածը

Օրենսդիրները վարկաբեկում են վարկաբեկվածը

Կառավարության անդամների և նորաստեղծ խորհրդարանի առաջին հանդիպումն արդեն երկու օր է ընթանում է արտահերթ ընդմիջումներով․ խորհրդարանում ծեծկռտուքներ, քաշքշուկներ, հրմշտոցներ, հայհոյանքներ են։ 

ԿԳԲ-շնիկ Վահե Հակոբյան

Առավոտյան նիստն ընդհատվեց, քանի որ օրենսդիրները միմյանց վրա շշեր էին նետում։ Վերամեկնարկից կարճ ժամանակ անց կրկին ընդմիջում հայտարարվեց․ այս անգամ՝ քաշքշուկի պատճառով։

Ընդմիջումից հետո ելույթ էր ունենում ԿԳԲ-ի ռուսական դպրոցի շրջանավարտ, նախկին ԱԱԾ-ական, Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատեր, Para TV լրատվական կայքի հովանավոր, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։

Հակոբյանը կառավարության ծրագիրը համեմատեց «կուրսային աշխատանքի» հետ։ Իշխանական պատգամավորները սկսեցին տեղից արձագանքել։ Հակոբյանը պատասխանեց․ «Արան դու ես, այ տվար»։

Հնչեցին հայհոյանքներ, սկսվեց քաշքշոց, նորից ընդմիջում հայտարարվեց։

Թարմացում․ – Մամուլում հայտված տեսանյութերից դատելով՝ միջադեպում աչքի են ընկել հատկապես ՔՊ կուսակցության խոսնակ, այժմ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, ով ամբիոնի մոտ իջնելուն պես՝ ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին։

Մեծահարուստ Սեյրան Օհանյան և հարսանիքավոր Հայկ Սարգսյան

Մինչ այդ նիստն ընդհատվել էր ՔՊ-ական Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը, որը վերջին անգամ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել իր ճոխ հարսանիքի շնորհիվ, հայտարարեց, թե «այն նախարարները, որոնց օրոք բանակից փողով մարդ է ազատվել, ազգի դավաճան են»: Ռեպլիկին արձագանքելով՝ ընդդիմադիր պատգամավորներից մեկը Սարգսյանի ուղղությամբ ջրի շիշ նետեց։ Գործողությանը միացան նաև մյուսները. իշխող և ընդդիմադիր պատգամավորները սկսեցին շշեր նետել միմյանց վրա։

ԱԺ նախագահը ներս հրավիրեց ՊՊԾ-ականներին, մինչև կեսօրը ընդմիջում հայտարարվեց, հեռարձակումն ընդհատվեց։ Արգելվեց նաև լրագրողների տեսանկարահանումը։ ԱԺ միջանցքներից գոռգռոցներ էին լսվում․ փակ դռների հետևում կրկին հրմշտոց էր։

Միջադեպը անմիջապես մեկնաբանեց Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, այժմ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով առաջին շիշը նետողն էր։ Օհանյանի բանակային կարիերան, ինչպես հայտնի է, սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից։ Հայաստանի անկախացումից ի վեր նա զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ՝ հասնելով գեներալ-գնդապետի բարձրագույն զինվորական կոչմանը, ինչը չի խանգարել նրան կուտակել հսկայական ֆինանսական կարողություններ, օրինակ՝ մոտ 40 սենյականոց դղյակ կառուցել էլիտար Վահագնի թաղամասում։ Դատելով գեներալի խոսքերից, քոչարյանի-սերժական խմբակցություններին զայրացրել է բանակային կոռուպցիայի մասին իշխանական պատգամավորի հայտարարությունը, որը նրանք, հավանաբար, անձնավորված են ընդունել։ «Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որ այս բախումը տեղի ունենա», – դեպքից հետո հայտարարեց Օհանյանը։

Քասախցի Աննա Մկրտչյան

Խորհրդարանում «բախում էր» նաև երեկ՝ Կառավարության հնգամյա ծրագրի քննարկման առաջին օրը։

Նախկին ԱԱԾ-ական Արթուր Վանեցյանի գլխավորած ՀՀԿ-ական «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր, Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանի դուստր, հանրապետական Աննա Մկրտչյանը հայտարարեց՝ «այս անձնավորությունը [նկատի ունի վարչապետին – խմբ․] իր հետ դահլիճ է բերել ախրաննիկներ»։ Ռեպլիկին տեղից սկսեցին արձագանքել ՔՊ-ականները։ Մկրտչյանը պատասխանեց՝ «կապիտուլյանտների կողմից ձայներ մի հանեք»։

Լեզվակռիվը շարունակվեց։ Ալեն Սիմոնյանը անջատեց Աննա Մկրտչյանի խոսափողը, նկատողություն տվեց նաև Նիկոլ Փաշինյանի աներորդի, ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։

Խոսափողը անջատված էր, տիկին Մկրտչյանը խոսում էր տեղից։ Նրան դուրս հրավիրելու համար՝ ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները։ Տեղից վեր կացան ընդդիմադիր մնացած պատգամավորները։ Լարված իրավիճակը վերածվեց քաշքշուկի, հետո՝ ծեծկռտուքի։ Լրագրողները նկարահանելու իրավունք չունեին։ Միջանցքից գոռոցներ էին լսվում։ Հետագայում հայտնի դարձավ, որ քաշքշուկի ընթացքում պատռվել է Սերժ Սարգսյանի օրոք սոցապ, էկոնոմիկայի և բնապահպանության նախարարի պաշտոնները զբացեղրած դաշնակցական Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։