Home / Մեդիա / Հաստատել կյանք առանց մահագրերի․ արդյո՞ք ժամանակակից ծրագիր չէ լրագրության համար

Հաստատել կյանք առանց մահագրերի․ արդյո՞ք ժամանակակից ծրագիր չէ լրագրության համար

Հատված ռուսական «Новая газета»-ի գլխավոր խմբագիր Դմիտրիյ Մուրատովի Նոբելյան ելույթից․

— Աշխարհն այլևս չի սիրում ժողովրդավարությունը։

Աշխարհը հիասթափվել է իշխող էլիտաներից։

Աշխարհը ձգտում է դեպի բռնապետություն։

Պատրանք է ստեղծվել, որ առաջընթացի կարելի է հասնել տեխնոլոգիաների և բռնության միջոցով, այլ ոչ՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությամբ։ Ահա այսպիսի առաջընթաց՝ առանց ազատության։ Կաթ՝ առանց կովի։

Բռնապետություններն իրենք իրենց համար ապահովել են բռնության ավելի հեշտ հասանելիություն։

Մեր երկրում (և ոչ միայն մեզ մոտ) պոպուլյար է հետևյալ միտքը․ արյունից խուսափող քաղաքական գործիչները թույլ մարդիկ են։ Աշխարհին պատերազմով սպառնալը իսկական հայրենասերների պարտքն է։

Իշխանությունը ջանասիրաբար վաճառում է պատերազմի գաղափարը։

Պատերազմի ագրեսիվ մարքեթինգի ազդեցության տակ մարդիկ ընտելանում են դրա թույլատրելիությանը։

Պետական հեռուստաալիքների միլիտարիստական հռետորաբանության համար ողջ պատասխանատվությունը կրում են կառավարություններն ու նրանց սատարող քարոզիչները։

Բայց ես նաև այլ ժողովուրդ եմ տեսել՝ այլ հեռուստացույցների առաջ։ Ազնիվ և սարսափելի։

Չեչենական պատերազմի օրերին կայարաններից մեկում երկաթգծերի վրա շուրջօրյա հսկողության տակ հինգ սպիտակ վագոն-սառնարաններ էին կանգնած։ Պաշտպանության նախարարության 124-րդ լաբորատորիայի դիահերձարանն էր։

Սառցարանների մեջ պահվում էին զինվորների ու սպաների անճանաչելի մարմինները։

Շատերն արդեն անդեմ էին՝ խոշտանգումներից և ուղիղ նշանառության հարվածներից։ Լաբորատորիայի ղեկավար, առաջին կարգի կապիտան Շչերբակովն ամեն ինչ անում էր, որ անանուն զինվոր չմնա։ Գծերի մոտ տեղակայված տնակում կար հեռուստացույց։ Բազկաթոռներին, ասես սպասասրահում, անհայտ կորած զինվորների մայրերն ու հայրերն էին նստած։ Իսկ տեսախցիկով օպերատորը մեկը մյուսի հետևից էկրանին հեռարձակում էր աճյունների պատկերները: Մեկ առ մեկ. 458 անգամ։ Հենց այդքան զինվորականներ էին պառկած վագոնների դարակներում՝ մինուս 15 ջերմաստիճանին, իրենց վերջին գնացքում՝ «Պատերազմ-Մահ» երթուղով եկած։

Մայրերը, ովքեր երկար ամիսներ փնտրում էին իրենց երեխաներին Չեչնիայի լեռներում և կիրճերում, որդու դեմքն էկրանին տեսնելով, բղավում էին. «Նա՛ չէ: Ախր, նա՛ չէ»:

Բայց նա՛ էր։

Մեր ժամանակների գաղափարախոսները քարոզում են մահ՝ հանուն հայրենիքի, ոչ թե կյանք՝ հանուն հայրենիքի։ Թույլ չենք տա՛ իրենց հեռուստացույցին նորից հիմարեցնել մեզ։

Հիբրիդային մարտական գործողությունները, «Բոինգ 777»-ի (МН-17) ողբերգական, տգեղ ու հանցավոր պատմությունը քանդեցին Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները, և չգիտեմ՝ հաջորդ սերունդները արդյոք կկարողանան վերականգնել դրանք… Առավել ևս, գեոպոլիտիկ գործիչների հիվանդ գլխում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն այլևս ահնար չի թվում։

Բայց ես գիտեմ՝ պատերազմներն ավարտվում են զինվորների նույնականացմամբ և գերիների փոխանակմամբ: Չեչենական պատերազմի ժամանակ «Новая газета»-ն և մեր թղթակից մայոր Իզմայլովը կարողացել են գերությունից ազատել 174 հոգու։ Եթե ​​հիմա՝ իմ նոր կարգավիճակում ես կարող եմ ինչ-որ բան անել դեռ կենդանի գերիներին տուն վերադարձնելու համար, ասեք։ Ես պատրաստ եմ։

***
Ուզում եմ հիշել ևս մեկին, ով 1990 թվականին այս դահլիճում ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Մոսկվա։ Կրեմլ։ Ապրիլի 18, 1988 թիվ։ Քաղբյուրոյի նիստն է։ Սովետական նախարարներից մեկը պահանջում է պահել զորքերը Աֆղանստանում, Միխայիլ Գորբաչովը կոպտորեն ընդհատում է նրան. «Դադարեցրու՛ ճուռակի ճղճղոցդ»։

«Դադարեցնե՛լ ճուռակի ճղճղոցը»․ արդյո՞ք ժամանակակից ծրագիր չէ քաղաքականության և լրագրության համար՝ հաստատել կյանք առանց մահագրերի։

***
Բայց Եվրոպայի կենտրոնում՝ Ուկրաինայի արևելքում, տեղի ունեցող իրադարձություններին գումարվեց նախագահ Լուկաշենկոյի՝ մեծ արյան շեմին ծավալվող խաղը։ Նրա զինվորականները Մերձավոր Արևելքի փախստականներին ավտոմատներով քշում են Եվրամիության սահմանները հսկող ավտոմատավորների վրա։ Կողմերը միմյանց են մեղադրում, իսկ խելագարված մարդիկ ընկած են բառացիորեն երկու կրակի մեջտեղում։

Մենք լրագրող ենք, մեր գործը պարզ է՝ տարանջատել փաստն ու կեղծիքը։ Պրոֆեսիոնալ լրագրողների նոր սերունդը կարողանում է աշխատել մեծ տվյալների, տեղեկատվական բազաների հետ։ Եվ մենք ուսումնասիրել ենք դրանք, մենք պարզել ենք, թե ում օդանավերն են փախստականներին հասցնում կոնֆլիկտի գոտի: Զուտ փաստեր։

Բելառուսական ինքնաթիռներնով Մերձավոր Արևելքից դեպի Մինսկ թռիչքները այս աշնանը ավելի քան քառապատկվել են։ 2020 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին իրականացվել է 6, իսկ այս տարվա նույն ամիսներին՝ 27 չվերթ։ Սահմանի հնարավոր ճեղքման համար այս տարի բելառուսական ընկերությունը բերել է 4․5 հազար մարդ։ Նախկինում ընդամենը 600 մարդ է եկել։ Եվս 6000 փախստականի բերել է Իրաքի ավիաընկերությունը։

Այսպես են կազմակերպվում զինված սադրանքներն ու հակամարտությունները։ Մենք՝ լրագրողներս, բացահայտելով՝ ինչպես է դա աշխատում, արել ենք մեր գործը։ Հետոն՝ քաղաքական գործիչների աշխատանքն է։

Ելույթն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/watch?v=F90XejeCtH8