Թեհրանը Մոսկվային առաջարկել է Իրանի տարածքով հեղուկ գազի սվոփային[1] մատակարարումներ իրականացնել․ ենթադրվում է, որ ռուսական գազը Ադրբեջանի տարածքով կհասնի Իրանի հարավ, իսկ այնտեղից՝ կարտահանվի այլ երկիր կամ երկրներ։ Մոսկվա կատարած այցի ընթացքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
«[Ռուսաստան կատարված] այս այցի ընթացքում քննարկվել է Իրանի տարածքով ռուսական գազի սվոփային մատակարարումների հարցը։ Վերջին ամիսներին մենք սկսել ենք Իրանի տարածքով գազի սվոփային մատակարարումներ իրականացնել Թուրքմենստանից Ադրբեջան։ Համանման կերպով մենք առաջարկել ենք ռուսական գազի սվոփ իրականացնել Ադրբեջանից Իրանի հարավ՝ հետագա արտահանման նպատակով», – Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Իրանի տարածքով գազի սվոփային մատակարարումներ են իրականացվում նաև Թուրքմենստանից Ադրբեջան։ Նոյեմբերի վերջին երեք երկների նախագահները համաձայնագիր էին ստորագրել, որով պայմանավորվել էին իրանական գազամուղերով Ադրբեջան մատակարարել տարեկան 1․5-ից մինչև 2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Համաձայնագիրը էական նշանակություն ունի նաև Տրանս-Անատոլիական (TANAP) և Տրանս-Ադրիատիկ (TAP) գազամուղների գործունեության տեսանկյունից: TAP-ը TANAP գազատարի շարունակությունն է, վերջինը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով ձգվում է Հունաստանի սահման, առաջինը՝ Հունաստանից Ադրիատիկ ծովի հատակով հասնում է Իտալիա (2020-ի տարեվերջից ադրբեջանական գազը բավարարում է Հունաստանում գազի պահանջարկի 17, Իտալիայում՝ 10 և Բուլղարիայում՝ 33 տոկոսը)։
Ուր է նախատեսվում արտահանել Ադրբեջանով Իրան մատակարարվող ռուսական գազը՝ իրանցի նախարարը չի մանրամասնել։
Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման, ներմուծման հնարավորություններն որոշակիորեն սահմանափակված են։ «Ազատությունը»՝ վկայակոչելով Reuters-ին, գրում է, որ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրանական նավթի ներմուծման ծավալը Չինաստան գերազանցել է 500 հազար բարելը` հասնելով ընդհանուր ներմուծման մոտ 6 տոկոսին։ Միաժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, իրանական նավթը Չինաստանին մատակարարվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, Օմանից և Մալայզիայից նավթի անվան տակ՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։
Չորեքշաբթի օրը Մոսկվայում տեղի են ունեցել Ռուաստանի և Իրանի նախագահների, ինչպես նաև արտգործնախարարների հանդիպումները։ Պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել նաև Իրանի նավթի նախարարը։ Վերջինս տեղեկացրել է նաև, որ ռուսաստանյան մի շարք ընկերությունների հետ «շատ լավ պայմանավորվածություններ» են ձեռք բերվել՝ գազի և նավթի հանքավայրերի զարգացման, նավթավերամշակման գործարանների կառուցման և էներգետիկ ոլորտում համատեղ այլ ծրագրերի շուրջ:
[1] Սվոփային են անվանում այն մատակարարումները, որոնք իրականացվում են փոխարինման սկզբունքով՝ այն դեպքերում, երբ ուղիղ մատակարարման հնարավորություն չկա։ Օրինակ՝ Ա երկիրը գազ է մատակարարում Բ երկիր, իսկ տարանցման ճանապարհն անցնում է Գ երկրի տարածքով։ Գ երկիրը տարանցման ուղիղ ճանապարհ չի տալիս, բայց համաձայնում է փոխարինման պայմաններին։ Այդ պարագայում Ա երկիրը կարող է գազը մատակարարել Գ երկրին, որն, իր հերթին, այն (ամբողջական ծավալով) կմատակարարի Բ-ին՝ առանձին պայմանագրով, որում կարող են սահմանվել այլ գներ և պայմաններ։ Կարող են լինել նաև այլ սվոփային մատակարարման այլ տարբերակներ։