Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց․ դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Արղամանյանի, բավարարեց Բախշիյանին երկու ամսով կալանավորելու մասին ԱԱԾ միջնորդությունը։
Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ըստ մեղադրանքի, նա ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է․ ապօրինի կալանավորումից հետո, ըստ դատախազության, Մկրտչյանին ստիպել են հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից հետո նա, առանց հանգամանքների որևէ փոփոխության, դատավոր Բախշիյանի կողմից ազատ է արձակվել․․․
(Թե ինչով է հայտնի դատավոր դարձած նախկին զինդատախազի տեղակալը և ինչի համար է հետապնդվում՝ կարելի է կարդալ այստեղ)
Առաջադրված մեղադրանքը դատավոր Բախշիյանը, որի լիազորությունները այժմ կասեցված են, չի ընդունում, հայտարարել է, թե իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են դատավորի լիազորությունների իրականացմանը։ Նրա փաստաբանները տեղի ունեցողը քաղաքական հետապնդում են համարում՝ պայմանավորված քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով նրա կայացրած վճիռներով։