ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրուն դատապարտել է Բաքվում բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների հանդեպ կիրառված ճնշումները՝ կոչ անելով իշխանություններին հետաքննություն անցկացնել։ Կոչերին միացել են միջազգային «Լրագրողներ առանց սահմանների» և «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունները։
Փետրվարի 15-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի դիմաց 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հարազատների բողոքի ժամանակ ոստիկանները ձերբակալել են երեք լրագրողների։ Ավելի ուշ նրանցից մեկին՝ յութուբյան Kanal1 ալիքը վարող Թեյմուր Քերիմովին բաց են թողել առանց մեղադրանք առաջադրելու․ նա նշում է, որ «ոստիկանության հետ շփվելու արդյունքում» ձեռքի թեթև վնասվածք է ստացել։
Բերման էին ենթարկվել նաև Azadliq-ի աշխատակից Ֆաթիմա Մովլամլին և Azel.tv թղթակից Սեվինջ Սադիգովան։ Վերջինիս ամուսնուն` լրատվականի հիմնադիր ղեկավար Աֆգան Սադիգովին, բանտարկել են 4 տարով՝ քննադատական ռեպորտաժների համար։
Լրագրողները պատմում են, որ իրենց ծեծել և վիրավորել են՝ օգտագործելով նաև սեռական բնույթի հայհոյանքներ, որից հետո տարել են Բաքվում գտնող ոստիկանության գլխավոր բաժանմունք և չորս ժամ անց բաց թողել՝ առանց մեղադրանք ներկայացնելու։ Ոստիկանությունը ասել է ձերբակալվածներին, որ նրանք չեն կարող հանդես գալ որպես լրագրողներ, քանի որ ներառված չեն լրագրողների կենտրոնացված ցուցակում, որը ներդրվել է 2022 թվականի փետրվարի 8-ից։
2021 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի խորհրդարանը արագացված կարգով անցկացրել է «Մեդիայի մասին» օրինագծի ընթերցումները։ Մինչ ընդունվելը օրինագիծը հասարակությունից գաղտնի է պահվել․ դեկտեմբերի 14-ին այն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ 28-ին՝ երկրորդ։ Դրան հետևել է լրագրողների, իրավապաշտպանների և որոշ քաղաքացիների բողոքի ցույցերը, որոնք ուժի կիրառմամբ ցրվել են։ Ցուցարարների գնահատմամբ՝ նոր օրինագիծն իրավական աստառ է տալիս անկախ մեդիաների նկատմամբ հետապնդումներին և արդեն բացեիբաց սահմանափակում խոսքի ազատությունը։
Նոր օրենքն ամրագրում է, որ լրգարությամբ զբաղվելու համար հարկավոր է ստանալ իշխանությունների թույլտվությունը․
Ստեղծվել է մեդիասուբյեկտների պետական ռեեստր, հավաստագրերն ու միասնական բեյջերը տրամադրությում է այսուհետ պետությունը։
Ռեեստում գրանցվելու իրավունք են ստանում միայն այլ լրագրողները, որոնք
— ունեն աշխատանքային պայմանագիր կամ գրանցված են որպես անհատ ձեռներեց,
— ունեն բարձրագույն կրթություն և ամենաքիչը երեք տարվա աշխատանքային փորձ,
— տիրապետում են «համապատասխան ունակությունների»:
Թե ինչ ունակությունների մասին է խոսքը՝ օրինագիծը չի կոնկրետացնում։
Եվս մեկ նորամուծություն․ լրագրողների մասնագիտական էթիկան, նրանց օբյեկտիվությունն ու անկախությունը այսուհետ դառնում են չինովնիկների սուբյեկտիվ գնահատականի առարկա։
Օրենքում տեղ գտած ձևակերպումները թույլ են տալիս այն կիրառել ոչ միայն ԶԼՄ-ների, այլև բլոգերների և սոցցանցերում ակտիվ օգտատերերի նկատմամբ։
Օրենքն, ընդհանուր առմամբ, բաղկացած է 78 հոդվածից, որոնցից որոշները, ըստ իրավապաշտպանների, հակասում են իրար կամ ունեն լղոզված ձևակերպում։ Այնուամենայնիվ, պատգամավորների մեծամասնության քվեարկությամբ օրինագիծը ընդունվել է նաև երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։
Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հաշվարկների, Ադրբեջանում 2021 թվականին լրագրողների ազատությունը 180 երկրների մեջ 167-րդ տեղն է զբաղեցրել։ Երկրում գործող մեդիայի մեծ մասը կամ պետական է, կամ իշխանամետ։ Անկախ լրագրողներն առանց այն էլ գործում էին պերմանենտ ճնշման ներքո, այժմ նրանք կարող են զրկվել նաև լրագրող կոչվելու իրավունքից։