Home / Օրենքի մարդիկ / Ադրբեջանցի լրագրողի առևանգումը կապվեց Վրաստանի փաստացի ղեկավարի հետ

Ադրբեջանցի լրագրողի առևանգումը կապվեց Վրաստանի փաստացի ղեկավարի հետ

Վրաստանաբնակ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգումն ու արտաքսումն իրականացվել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի՝ Վրաստանում իշխող կուսակցության հիմնադրի հրամանով, հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին։

Իվանիշվիլին այժմ ոչ մի պաշտոնական քաղաքական պաշտոն չի զբաղեցնում, սակայն շատերը կարծում են, որ նա դեռ կանգնած է կառավարության առանցքային որոշումների հետևում։ Ընդդիմությունը նրան մեղադրում է երկրի միանձնյա և ոչ ֆորմալ կառավարման մեջ։ 

Գոգաշվիլին, որը հուլիսի կեսերին ձերբակալվել էր՝ մեղադրվելով հատուկ ծառայությունների տվյալների հանրայնացման մեջ, հուլիսի 26-ին Ռուսթավիի բանտից գրառում է կատարել։ Մեծամասամբ նա անդրադարձել է Վրաստանում ապրող ադրբեջանցի լրագրողի հնգամյա պատմություն ունեցող աղմկահարույց դեպքին․ անհայտ հանգամանքներում լրագրողին ձերբակալել ու բռնի կերպով ուղարկել էին Բաքու։ 

2017 թվականի մայիսին ադրբեջանցի լրագրող-հետաքննիչ Աֆղան Մուխտարլին դուրս էր եկել Թբիլիսիի իր բնակարանից և չէր վերադարձել։ Նույն օրը նրա կինը հայտարարել էր, որ ամուսնուն առևանգել ու տարել են Բաքու՝ մեղադրելով դրանում վրացական և ադրբեջանական ուժայիններին։ Հաջորդ օրը Մուխտարլիին հայտնաբերել էին Բաքվում՝ ձեռնաշղթաներով և ոստիկանության ուղեկցմամբ։ Նրան մեղադրում էին սահմանն ապօրինի անցնելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքներով։

Մուխտարլին չէր ընդունել իր մեղավորությունը։ Նա ազատազրկման մեջ անցկացրել է 3 տարի։ Միջազգային հանրության ճնշումների արդյունքում լրագրողին ազատել են 2020 թվականին, սակայն անմիջապես ուղարկել են Գերմանիա։ Մուխտարլին այս մասին ասել է, որ իրեն ոչ թե ազատել են, այլ փոխել են պատժամիջոցը՝ բանտախցի փոխարեն արտաքսում։ 

Գոգաշվիլին պնդում է, որ այս գործին վերաբերող բոլոր ապացույցները վերացրել է Վրաստանի անվտանգության պետծառայության օպերատիվ-տեխնիկական գերատեսչությունը։ Նախկին պաշտոնյան նաև բացահայտում է Բիձինա Իվանիշվիլիի անօրինական հրամաններն իրագործողներին, որոնց թվում են Անվտանգության պետծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին և Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։

Վրացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ շարունակելու է հրապարակել իշխող կուսակցության կողմից կատարված ապօրինությունները, որոնք հավաքել է նրանց հետ աշխատելու ընթացքում։

Սոսո Գոգաշվիլին ձերբակալվեր էր վերջերս՝ հուլիսի 16-ին, այն բանից հետո երբ հայտարարել էր, որ պատրաստվում է հրապարակել իշխող կուսակցության մասին իր հավաքած նյութերը: 

Գոգաշվիլին պաշտոնին լինելու ամբողջ ընթացքում ոչ օրինական առաջադրանքներ կատարելու կարգադրություն է ստացել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրից: Երբ նման կարգադրությունները հաճախակի են դարձել, նա որոշել է աշխատանքից հեռանալու փոխարեն ապացույցներ հավաքել: 

Հուլիսի 21-ին «Արդար ընտրություններ» (ISFED) և Transparency International – Georgia կազմակերպությունները հրապարակեցին Պետական ​​անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալի տրամադրած նյութերը, որոնք բացահայտում են իշխող կուսակցության օգտին ընտրողներին ապօրինի միջոցներով մոբիլիզացնելու լայնածավալ սխեմաները։