Home / Բանակ / Հայաստանից արձագանքել են կամայական մահապատժի տեսանյութին

Հայաստանից արձագանքել են կամայական մահապատժի տեսանյութին

Առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներում մի տեսանյութ է տարածվել, որում երևում է, ինչպես են ադրբեջանցի զինծառայողները սպանում հայ ռազմագերիներին։ Հայաստանի օմբուդսմենի հաղորդմամբ՝ մահապատժի տեսանյութի իսկությունը հաստատվել է, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ սանձազերծված հարձակման ընթացքում։

«Փաստը հաստատվում է տեղանքի ուսումնասիրության, տեսանյութերի մեր և այլ շտեմարաներում առկա համանման տեսանյութերի հետ համադրությամբ, ինչպես նաև եղանակային պայմանների, զինծառայողների համազգեստի, ադրբեջանցի ծառայողների խոսակցության և այլ պարամետրերի համալիր համադրությամբ», – ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ, այս պահին գնդակահարության ենթարկված զինծառայողների նույնականացում է իրականացվում, խոսքը 7-8 հոգու մասին է։

«Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել վերջին՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում նաև կոնկրետ դիրքը բացահայտելու ուղղությամբ։

Եթե ժամանակին պատժելիություն լիներ նմանօրինակ բազմաթիվ գործողություններին, ապա այսօր պատերազմական հանցագործությունները չէին շարունակվի», – նշել է Եվրադատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանը։

Օմբուդսմենը շեշտել է՝ տեսանյութը, ի թիվս մյուսների, կներառվի ՄԻՊ արտահերթ զեկույցում և կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակն էլ հավելել է՝ առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ։

«Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և անդրադառնա այս ռազմական հանցագործությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար։ Հայաստանը կօգտագործի առկա բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու հետաքննությունն ու հաշվետվողականությունը։ Նման բռնության գործողությունները պետք է պատշաճ կերպով արձագանքվեն՝ ագրեսորի համար հետևանքներով», – հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արտգործնախարարությունը շեշտել է՝ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից այս և նախորդող ժամանակահատվածներում իրականացված աղաղակող պատերազմական հանցագործություններին․ «Մենք հետամուտ ենք լինելու միջազգային համապատասխան հարթակներում և ատյաններում խնդրի բարձրաձայնմանը, և վերոնշյալ հացագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելուն, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ։ Այս համատեքստում միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը հրամայական է»։

Ավելի վաղ կամայական մահապատժի տեսանյութին անդրադարձել է վերջին էսկալացիայի ընթացքում տարածաշրջան գործուղված՝ Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ «Եթե ապացուցվի, որ այդ տեսանյութն իսկական է, դա պատերազմական հանցագործություն է, որը պետք է քննվի, և կատարողները պետք է պատժվեն»։

Սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո հայկական կողմը ևս մեկ ռազմագերու սպանության մասին էր հաղորդել․ սեպտեմվերի 17-ին Բաքուն Երևանին էր փոխանցել ադրբեջանական գերության մեջ հայտնված՝ շարքային Դավիթ Գիշյանի մարմինը։ Նա նույնականացված գերիների թվում էր։