Home / Ազգային ժողով / Կրկնակի ռոճիկ, պատերազմից ազատում․ ՀՀ-ում նոր նախարարություն կա

Կրկնակի ռոճիկ, պատերազմից ազատում․ ՀՀ-ում նոր նախարարություն կա

Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն։ Ազգային ժողովն այսօր 67 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքի նախագիծը։

Ստեղծվող ՆԳՆ-ի մեջ միավորվելու են երեք ծառայություններ՝ Փրկարար ծառայությունը, Ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Այսպիսով՝ կենտրոնացվելու է ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների և ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։

«Սա թույլ է տալու ունենալ, ըստ էության, աղետների, ճգնաժամային այլ իրավիճակներում միասնական ստանդարտ Հայաստանի Հանրապետությունում։ Ընդ որում, ստանդարտը վերաբերում է ոչ միայն տեխնիկական ասպեկտին, այլ նաև ծառայությունների մատուցման որակական ասպեկտին», – ԱԺ արտահերթ նիստին հայտարարել է նախագծի զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Ինչ է փոխվելու

— Երեք ծառայությունների ղեկավարներին նշանակելու է ՀՀ վարչապետը։

Տեղակալները ներքին գործերի նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են վարչապետի կողմից, իսկ Ոստիկանապետին, Փրկարար ու Միգրացիոն ծառայությունների տնօրեններին միանգամից նշանակելու է վարչապետը։

— Ոստիկանապետը դառնում է ներքին գործերի նախարարի տեղակալ և անվտանգության խորհրդի անդամ։ 

Ներքին գործերի նախարարը կունենա ևս երկու տեղակալ, որոնք կիրականացնեն բացառապես քաղաքացիական գործառույթներ։

Ոստիկանության պետը և և Փրկարար ծառայության (ԱԻՆ-ի) տնօրենը կշարունակեն իրականացնել կառույցի ամենօրյա և անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային նշանակումներ է անելու։

— Ձևավորվում է Ոստիկանական գվարդիա, որն իր մեջ ներառելու է Ոստիկանության զորքերը, Պետական պաշտպանության գլխավոր վարչությունը (ՊՊԳՎ) և Ուղեկցող գումարտակները։

Գվարդիայի հիմնական գործառույթներն են լինելու՝ հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը (հիմնականում՝ ատոմակայանի), հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը աջակցելը:

— Ոստիկանական զորքերը այլևս չեն մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Այսպիսով՝ ոստիկանական զորքերն ապառազմականացվելու են․ սա, ըստ Արդարադատության փոխնախարարի, վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը:

— Նախարարության ենթակայությանն են հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը և ԱԻՆ-ի ենթակայությամբ գործող «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ը։

Այսպիսով՝ այս երկու ուսումնական հաստատությունների միավորման արդյունքում նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարության կրթահամալիր։

— Կլինի մեկ միասնական հեռախոսահամար։ 

911 կամ 102 համարի ներքո նախատեսվում է ստեղծել մի օպերատորական խումբ, որպեսզի քաղաքացին ստիպված չլինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգելու համար տարբեր համարներ հավաքել։

— Նախարարության ձևավորումից հետո կմեկնարկի նաև կամավոր ատեստավորումը։

Արդյունքում՝ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող է առնվազն կրկնապատկվել։

Նախագծի հեղինակները (Արդարադատության նախարարությունը) վստահեցնում են, որ նոր ստեղծվող և 90-ականների ՆԳՆ-ները ոչ մի գաղափարական կապ չունեն իրար հետ։ 

«Ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ թեկուզ միայն այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե´ քաղաքական և թե´ քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են։ Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստի և ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը։ 

Մյուս ծանրակշիռ փաստարկը գաղափարախոսական այն փոփոխությունն է, որը նոր ոստիկանության համար նախատեսված է Ռազմավարությամբ, սակայն այդ համակարգային ու մտածողության փոփոխությունը բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների», – ասվում է նախագծի հիմնավորման մեջ։ 

Հիշեցնենք՝ Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, Ոստիկանություն է դարձել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2002 թվականից։