Home / Առողջապահություն / Մահացել է վթարից տուժած մարզիկներից մեկը․ 06-ում 7 հոգով էին

Մահացել է վթարից տուժած մարզիկներից մեկը․ 06-ում 7 հոգով էին

Հունիսի 2 — Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարից հետո հոստիպալիզացված չորսը երեխաներից մեկը գիտակցության չգալով մահացել է՝ տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը։

Գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդերով հոսպիտալացված 12-ամյա երեխան վիրահատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Մյուս երեք երեխաները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Ծայրահեղ ծանր է նաև վթարից հետո հոսպիտալացված մեծահասակներից մեկի վիճակը, հիվանդանոցից տեղեկացնում են, որ կյանքին սպառնացող վտանգը առ այսօր չի վերացվել։

Ավտովթարը տեղի էր ունեցել մայիսի 27-ին։ Բախվել էին «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները։ «ՎԱԶ 2106»-ում 7 մարդ է եղել, վարորդը՝ Վերին Արտաշատի 38-ամյա բնակիչը (երեխաներից մեկի հայրն է) տեղում մահացել է։ 6 ուղևորները, որոնցից 5-ը՝ երեխաներ, և «Ֆոլքսվագենի» 42-ամյա վարորդը, վնասվածքներով տեղափոխվել են Երևան բուժհաստատություններ։

Երեխաներից 4-ի, այդ թվում՝ նախօրեին մահացած 12-ամյա տղայի, և մեծահասակներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում։

Երեխաներն Արտաշատից մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։ Չափահասները մարզիչներն էին, անչափահասները՝ մարզիկները։

Վթարի դեպքով քրեական գործ է հարուցվել՝ երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ միայն փորձաքննություններից հետո պարզ կլինի, թե ինչն էր վթարի պատճառը, ով կամ ովքեր էին մեղավորները։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը սեպտեմբերին նախատեսված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է լինելու, ավտովթարը մեկնաբանել է այսպես՝ «նման սարսափելի դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում երթևեկության կանոնները չեն պահպանվում», «ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները», «վստահ եմ՝ ամրակապված չեն եղել», «այս ծանրագույն դեպքի հետևանքների պատճառներից մեկը նաև դա է»։

Հունիսի 4 — Հունիսի 3-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նաև Արարատի մարզի բնակիչ, 8-ամյա Սարգիս Օ․-ն։

«Ֆոտոլրագրող» Գագիկ Շամշյանի տվյալներով՝ նա վթարի օրը մահացած 38-ամյա մարզիչի (ՎԱԶ 06-ի վարորդի) որդին էր։ Մայսիսի 27-ից ի վեր նա գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Գիտակցության այդպես էլ չի եկել։