Մահափորձից հետո հիվանդանոց տեղափոխված Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ծայրահեղ ծանր վիճակում է։
Կառավարության արտագնա նիստից հետո անհայտ անձը մի քանի անգամ կրակել է նրա ուղղությամբ։ Պաշտոնապես հաստատված տվյալներով՝ վարչապետը վիրավորվել է փորի և ձեռքի հատվածում։ Քանի որ Բրատիսլավա թռիչքը չափազանց երկար է, հրատապ բուժօգնության համար նրան ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոց: Ֆիցոյի ֆեյսբուքյան էջը հաղորդել է՝ վարչապետի կյանքին վտանգ է սպառնում․ «առաջիկա ժամերը վճռորոշ են լինելու»։
Ըստ սլովակական TV Markiza հեռուստաալիքի՝ վարչապետին Բանսկա Բիստրիցայի հիվանդանոց են տեղափոխել պատգարակով՝ սավանով ծածկած․ վնասվածքները տեսանելի չէին։
Տեղական մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Ֆիցոյի վրա կրակել է Լևիցե քաղաքի 71-ամյա բնակիչ, ընդդիմադիր «Առաջադեմ Սլովակիա» կուսակցության աջակից, գրող Յուրայ Ցինտուլան։ Պաշտոնական հաստատում չկա։
Սլովակիայի ներքին գործերի նախարար Մատուշ Շուտայ-Էշտոկը հայտարարել է, որ հարձակումը քաղաքական դրդապատճառներ է ունեցել։
Ֆիցոյի ուղղությամբ կրակել են ամբոխի միջից։ Ըստ ականատեսների՝ վարչապետն ընկել է, ինչից անմիջապես հետո նրան մեքենայով տարհանել են տարածքից։ TAZ հեռուստաալիքը հայտնում է, որ վարչապետի վրա կրակել են չորս անգամ, գնդակներից մեկը կպել է փորին։
BREAKING: The Prime Minister of Slovakia, Robert Fico, has just been shot in public.
This comes only days after Fico formally & publicly rejected The WHO Global Pandemic Accord. pic.twitter.com/cQKmmJKb4c
— Pubity (@pubity) May 15, 2024
Կրակողը, ըստ սլովակական մամուլի, տեղում վնասազերծվել է և բերման ենթարկվել։
Երկրի փրկարար ծառայությունը հայտարարել է, որ 59-ամյա վարչապետին տարհանելու համար ուղղաթիռ է ուղարկել Հանդլովա։ Հանդլովայի հիվանդանոցի խոսնակը լրագրողներին ասել է, որ Ֆիցոն գիտակցության մեջ է եղել, բժիշկներին հաջողվել է կայունացրել նրա վիճակը։
59-ամյա Ռոբերտ Ֆիցոն «Կուրս՝ Սոցիալ-դեմոկրատիա» (Smer – SD) ձախ պոպուլիստական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդն է։ 2023-ի հոկտեմբերին նա չորրորդ անգամ ստանձնել է Սլովակիայի վարչապետի պաշտոնը։
աշխարհաքաղաքական շրջադարձ
«Այլևս ոչ մի փամփուշտ Ուկրաինային»՝ վարչապետ դառնալուց առաջ խոստացել էր Ֆիցոն։ Նախորդ կառավարության օրոք Սլովակիան Կիևի ամենաակտիվ դաշնակիցներից էր, զինտեխնիկան մատակարարում էր անվճար։
Վարչապետը հայտարարել էր, թե Ուկրաինային զինելը երկարաձգում է արյունահեղությունը, հանուն խաղաղության Կիևը պետք է զիջի իր տարածքները Ռուսաստանին։
Ֆիցոյի քաղաքական հայացքներն աստիճանաբար փոխվել են՝ չափավոր եվրոպամետից դեպի պոպուլիստական հակաեվրոպական: Ընդդիմախոսները նրան մեղադրում են անսկզբունքայինության՝ քաղաքական դիրքորոշումները էլեկտրոտի տրամադրություններին համապատասխանեցնելու մեջ։
Ըստ 2023-ի մարտին իրականացված սոցհարցումների (Globsec կենտրոն), երկրի բնակչության կեսը համարում է, որ ուկրաինական պատերազմի համար մեղավոր է Արևմուտքը։ Հարցվածների 69 տոկոսը կարծում է, որ Կիևին զենք մատակարարելը սադրում է Ռուսաստանին և մոտեցնում Սլովակիային պատերազմի։ Վարչապետի դիրքորոշումները, որպես կանոն, համապատասխանում են սոցհարցումներին։
«Նա փորձում էր իր կողմը քաշել ծայրահեղ աջ կուսակցությունների ընտրազանգվածին, որը Սլովակիայում ավանդապես ռուսամետ կողմնորոշում ունի։ Նրան դա հաջողվեց», – ընտրություններից հետո մեկնաբանել էր քաղաքագետ Յոզեֆ Լենչը։
Քաղաքական նոր կուրսի շնորհիվ Ֆիցոյի կուսակցությունը վերջին ընտրություններին ստացել էր քվեների գրեթե մեկ քարրորդը, կոալիցիա կազմել Սլովակիայի ազգային կուսակցության ուլտրաաջ եվրոսկեպտիկների հետ և դարձել վարչապետ։
Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցին նա հայտարարել էր, թե Դոնբասի պատերազմը սկսվել է «ուկրաինացի նեոնացիստների աշխուժության» պատճառով, և որ «Ռուսաստանի նախագահն այլ տարբերակ չուներ», քանի որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում էր դեպի Արևելք։
Մինչ այդ նա՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցող երկրի վարչապետ, հայտարարել էր, որ թույլ չի տա Ուկրաինային մտնել ՆԱՏՕ, պետք լինի՝ կօգտվի վետոյի իրավունքից։ «Դա երրորդ համաշխարհայինի պատճառ է դառնալու», – ասել էր նա։
Իշխանության գալով Ֆիցոն կյանքի է կոչել իր նախընտրական խոստումները, Սլովակիայի աջակցությունը Ուկրաինային կրճատվել է, անվճար զենք-զինամթերքի մատակարարումներն ամբողջապես դադարեցվել են։