հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / 2024-ի ամառային զորակոչի խնդիրները ըստ ՀՔԱՎ իրավապաշտպանների

2024-ի ամառային զորակոչի խնդիրները ըստ ՀՔԱՎ իրավապաշտպանների

2024 թվականի ամառային զորակոչի (ապրիլ-հուլիս) շրջանակներում մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած երիտասարդների մեծ մասի խնդիրը կապված է առողջական վիճակի հետազոտությունների ոչ պատշաճ իրականացման հետ։

Ապրիլից հուլիս ամիսների ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել 44 զորակոչիկ, 4 զինվորական հաշվառման ենթական անձ, օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած 7 քաղաքացի, պահեստազորում հաշվառված 25 անձ։

Հելսնկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը իրավապաշտպանական աջակցություն է տրամադրում զորակոչիկներին և նրանց հարազատներին, ամփոփել է արձանագրված խնդիրները.

1. ՊՆ-ում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը փորձ է արվում լուծել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի փոփոխությամբ և լուրջ առողջական խնդիրներով զորակոչիկներին առանց պատշաճ և առանց թանկարժեք բժշկական հետազոտությունների իրականացման զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելով և զորակոչելով։

2. Օրենքով ամրագրված չեն զորակոչի ընթացքում ընդունված վարչական ակտերի, գործողության կամ անգործության դեմ դատարան ներկայացված գործերով քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որը հնարավորություն կընձեռի դատարանի որոշումն ունենալ մինչև զորակոչի ավարտը։

3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի փոփոխությունները միտված են պիտանի զորակոչիկների թվաքանակի ավելացմանը անկախ վերջիններիս մոտ առկա առողջական խնդիրներից, ինչը զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ակնհայտ հետընթաց է։

4. Խտրական վերաբերմունք է դրսևորվում մտավոր հետամնացություն ունեցող այն անձանց նկատմամբ, ովքեր ճանաչվում են սահմանափակումով պիտանի, մինչդեռ նախկինում՝ 2019 թվականի հուլիսի 25-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում նույն խնդրով զորակոչիկները ճանաչվում էին ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Սա ակնհայտ տարբերակված մոտեցում է զորակոչիկների նկատմամբ։

5. Զինկոմիսարիատները ոչ բոլոր առողջական խնդիրներով են ուղեգրեր տրամադրում զորակոչիկներին, չի իրականացվում նրանց առողջական վիճակի ամբողջական, համալիր հետազոտություն։

6. Անտեսվում են զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության սահմանման համար որոշիչ նշանակություն ունեցող առողջական խնդիրները։

7. Զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել, նրանց առողջական վիճակի մասին «տրվում է բանավոր ախտորոշում», մասնավորապես՝ զորակոչիկներին հայտնում են, որ «ամեն ինչ նորմալ է» և հետազոտություններ իրականացնելու կարիք չկա։

8. Զորակոչային բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին բժշկական հետազոտությունների ուղեգրելիս հիմնվում են առողջական վիճակի վերաբերյալ պոլիկլինիկայի ամբուլատոր քարտում առկա տվյալների վրա, մինչդեռ որոշ գանգատներ պոլիկլինիկաներում չեն արձանագրվում և, արդյունքում, զորակոչիկների որոշ առողջական խնդիրներ մնում են չբացահայտված։

9. Հետազոտության արդյունքները բողոքարկելու դեպքում զորակոչիկը ստուգիչ հետազոտության է ուղեգրվում կրկին նույն բժշկի մոտ։

10. Առողջական վիճակի հետազոտությունների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում զինվորական ծառայության չզորակոչվելու հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զորակոչիկները երբեմն չեն ենթարկվում դատաբժշկական փորձաքննության։ Միաժամանակ վարույթ իրականացնող մարմինը զորակոչիկներին հայտնում է, որ վերջիններս առողջական վիճակի հետազոտությունների կենթարկվեն հաջորդ զորակոչի շրջանակներում։

11. Զորակոչի բժշկական հանձնաժողովների կողմից հակասական մոտեցում է դրսևորվում զորակոչիկների՝ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտությունների իրականացման հարցում։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներում զորակոչիկին հայտնում են, որ վերջինս պետք է առողջական խնդիրների առկայությունն ապացուցի իր սեփական միջոցներով իրականացված բժշկական հետազոտություններով, մյուս կողմից այլ տարածքային ստորաբաժանումներում հրաժարվում են ընդունել զորակոչիկի սեփական միջոցներով իրականացված բժշկական հետազոտության արդյունքները՝ պատճառաբանելով, որ դրանք, իբր, կարող են կեղծված լինել զորակոչիկների կողմից՝ «բժիշկների հետ համագործակցության արդյունքում»։  Փաստորեն, առկա է մի իրավիճակ, երբ փաստացի առողջական խնդիր ունեցող զորակոչիկի՝ զինվորական ծառայությանը պիտանիության մասին որոշումը կայացվում է բժշկական թերի հետազոտությունների հիման վրա։

12. Մի շարք բժշկական կենտրոններ շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց հետազոտել վերջիններիս սեփական ֆինանսական միջոցներով, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»։

13. Եզակի դեպքերում, երբ որևէ բժշկական հաստատության բժիշկը ի սկզբանե տեղեկացված չէ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտվող անձի զորակոչիկ լինելու հանգամանքի մասին, հետազոտում է վերջինիս, սակայն պարզելով, որ անձը զորակոչային տարիքի է, հայտում է, որ «չի կարող արձանագրել իր նկատած բոլոր խնդիրները», քանի որ մտահոգություն ունի, որ այդ պարագայում իրեն կարող են «աշխատանքից ազատել»։

14. Որոշ բժշկական հաստատություններ զորակոչային տարիքի անձանց հետազոտում և բուժում են իրականացնում միայն զինկոմիսարիատի ուղեգրերի հիման վրա։ Որոշ դեպքերում հրատապ բուժում պահանջող առողջական խնդիրներով զորակոչիկներին հրաժարվում են ընդունել բոժհաստատություններ նույնիսկ սեփական ֆինանսական միջոցներով՝ հորդորելով ներկայացնել տարածքային ստորաբաժանումների կողմից տրված ուղեգիրը։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ թոքաբորբ ունեցող զորակոչիկը ստիպված է սպասել շուրջ 20 օր, որպեսզի տարածքային ստորաբաժանումից ստանա ուղեգիր հետազոտվելու համար։

15. Մի քանի առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկներին տրամադրում են ավելի քիչ ուղեգրեր, քան անհրաժեշտ է ամբողջական հետազոտություն անցնելու համար։ Երբ զորակոչիկը մյուս առողջական խնդիրների կապակցությամբ հետազոտվելու պահանջ է ներկայացնում, նրան հայտնում են, որ նա արդեն իսկ ունի բազմաթիվ ուղեգրեր և նոր ուղեգրերի կարիք չկա, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ զորակոչիկի անձնական գործում առկա մի քանի ուղեգրերը միայն խնդիրներից մի քանիսի հետազոտության համար  են։ Արդյունքում պիտանիության մասին որոշումը կայացվում է զորակոչիկների առողջական վիճակի ոչ ամբողջական և օբյեկտիվ հետազոտությունների հիման վրա։

16. Անձի մոտ 5 և ավելի հիվանդության առկայության դեպքում շեշտը դրվում է միայն հիվանդությունների քանակի վրա․ նույն անձի մոտ զուգահեռաբար մի քանի հիվանդության պարագայում հնարավոր ծանրաբեռնվածության և ընդհանուր առողջական վիճակի և հնարավոր վատթարացման հանգամանքը շարունակվում է չդիտարկվել։

17. Միաժամանակ մի քանի հիվանդության դեպքում չի սահմանվում անձի զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու իրավական հիմքերը. անձի մոտ առկա հիվանդությունները դիտարկվում են մեկը մյուսից առանձին՝ չտալով անձի առողջական վիճակի ողջ պատկերը։

18. Բուժման նպատակով տարկետում ստացած զորակոչիկները որևէ բուժում չեն ստանում։ Արդյունքում առողջական վիճակում առանց որևէ փոփոխության զորակոչիկները հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի կամ սահամնափակումով պիտանի և զորակոչվում ծառայության։

19. Ամառային զորակոչի ընթացքում ԱՐՄԵԴ հավելվածն աշխատել է տեխնիկական թերություններով։ Զորակոչի վերջին օրերին մի քանի օր շարունակ զորակոչիկները հասանելիություն չեն ունեցել իրենց առողջական վիճակի հետազոտության արդյունքներին, հետազոտությունների ավարտից ավելի քան մեկ շաբաթ, երբեմն նաև տասն օր անց նրանց փաստաթղթերը հավելվածում ներբեռնված ու հասանելի չեն եղել։ Բացի այդ, տարկետում ստացած զորակոչիկների նախորդ տարիների առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ ակտերը ևս հասանելի չեն ԱՐՄԵԴ հավելվածում, հետևաբար զորակոչիկները ստիպված են անձամբ մոտենալ տարածքային ստորաբաժանումներ՝ դրաք ստանալու համար և կրկին բախվում են փաստաթղթերի չտրամադրման կամ ուշ տրամադրման խնդրին։

20. Շարունակում է մտահոգիչ մնալ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության որոշ աշխատակիցների վերաբերմունքը զորակոչիկների նկատմամբ՝ զիվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագրից հրաժարվելու դեպքում իրավական հետևանքների վերաբերյալ հայտնելիս։ Մասնավորապես, որոշ տարածքային ստորաբաժանումներ զորակոչիկներին «սպառնում են» «ռոզիսկ»-ի (քրեական հետախուզման) վտանգով՝ ծանուցագրից հրաժարվելու դեպքում։

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով․

093111615 Նազելի Մովսեսյան
094582792 Անուշ Պետրոսյան։