Կառավարությունն այնքան է տարվել հին ավտոմոբիլների դեմ պատերազմելով, որ վնասել է նաև մոդեռն էլեկտրամոբիլներ ներկրողներին։ Հոկտեմբերի 10-ի Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առանց մաքսատուրքի կարելի է ներկրել միայն 1-2 տարվա թարմության էլեկտրամեքենաներ, իսկ մնացածը պետք է մաքսազերծվեն 15%-ով։ Մինչ այդ շատերը, հույս ունենալով, որ կունենան մաքսատուրքից ազատում, արտասահմանից գնել էին էկելտրամոբիլներ։ Բարձրացված դժգոհությունը հասել է ԱԺ։
2024 և 2025 թվականների համար ԵԱՏՄ-ն Հայաստանին հատկացրել է էլեկտրամեքենաների ներմուծման սակագնային քվոտա՝ յուրաքանչյուր տարի 8 հազար հատ չափաքանակով, որի շրջանակներում նախատեսվում է կիրառել ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որոշ ներմուծող անհատներ բողոքում էին, որ իրենք դրա մասին իմացել են միայն մեքենան գնելուց և կես ճանապարհը տեղափոխելուց հետո։ Բացի այդ նրանք նշում էին, որ այս կերպ օրենքը գործում է միայն ի շահ էլեկտրամեքենաներ ներմուծող սալոնների։
«Ինչո՞ւ են նոր կանոն մտցնում, ինչո՞ւ էն ժամանակ չէին ասում, որ 2025 թ․ քվոտայից կարող են օգտվել միայն երկու տարվա հնության մեքենա ձեռքբերողները։ Փաստացի օրենքը գործում է միայն սալոնների համար, որովհետև մինչև 2 տարվա հնություն ունեն սալոնի մեքենաները։ Փաստացի իմ վրա ավելանում է մոտ 8000 դոլարի լրացուցիչ բեռ, որը եթե իմանայի, էլեկտրական մեքենա չէի գնի», – ԱԺ ամբիոնից քաղաքացիների բողոքը ներկայացրեց պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Թորոսյանը նշեց, որ ՊԵԿ-ի գործելաոճում երկու խնդիր կա․ կանխատեսելիության բացակայությունն ու «երկու տարվա» պահանջը։
«Վերջին տարիներին արտադրվող մեքենաների դեպքում նույնիսկ մարտկոցների գործարանային երաշխիքն է ութ տարվա, էլ չեմ ասում, որ դրանից հետո էլ են դրանք հիմնականում շահագործվում։ Մենք կարծես թե դրա համար բնապահպանական հարկ ենք գանձում։ Այսինքն, կրկնակի ֆիլտր ենք դնո՞ւմ այս ամեն ինչի վրա», – ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանին նույն խնդրով դիմեց նաև պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ հույս հայտնելով, որ այդ մարդկանց նկատմամբ արդարություն կլինի։
Փաշինյանը նշեց, որ երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի 2025 թվականի համար։ Անձամբ վարչապետն այդ որոշման հետ համաձայն չէ, բայց կհամակերպվի, քանի որ «պետական մարմինները հարցը ճիշտ չեն կոմունիկացրել»։
«2025 թվականի քվոտաները բաժանվելու են հետևյալ տրամաբանությամբ․ 5000 քվոտա կտրվի քաղաքացիներին, 3000-ը դիլերներին, այսինքն այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են նաև ծառայություններ», – ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև չմոռացավ խոսել ճանապարհատրանսպորտային պատահարներում հին մեքենաների դերի մասին․ «Մեքենան կարելի է նորոգել, կարելի է էլի նորոգել, կարելի է 10 անգամ նորոգել, բայց մեզ մոտ մեքենաները նորոգվում են 100, 200, 400 անգամ։ Մեր փողոցներում հազարավոր մեքենաներ են շրջում, որոնք անիվներով դագաղներ են։ Եթե կառավարությունը որոշում կայացնի, որ անիվներով դագաղները հանում ենք, մարդիկ կասեն, որ տաս տարի առաջ իրենք չեն իմացել, որ անիվներով դագաղները պետք է արգելվեն»։
Թե հին մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ներն ինչ տոկոս են կազմում, Վարչապետը տվյալներ չնշեց։