Home / Հայաստան / Ռուս օլիգարխները Աբխազիայում հող դեռ չեն գնի․ արտահերթ ընտրություն

Ռուս օլիգարխները Աբխազիայում հող դեռ չեն գնի․ արտահերթ ընտրություն

Աբխազիայում բողոքի ալիքն ավարտվեց նախագահ Ասլան Բժանիայի և վարչապետ Ալեքսանդր Անկվաբայի հրաժարականներով։ Կառավարական շենքերը գրավված էին, հիմնական մայրուղիները՝ շրջափակված․ ընդդիմությունն ու իշխանությունը ցույցերի ֆոնին բանակցություններ էին վարում։ Ձեռք բերված համաձայնությունը ենթադրում էր, որ նախագահն ու վարչապետը հեռանում են իրենց պաշտոններից, ցուցարարները լքում են գրավված շենքերը, նախագահի պաշտոնակատար է դառնում փոխնախագահ Բադրա Գունբան, նշանակվում են արտահերթ ընտրություններ։

Պայմանավորվածությունները ի կատար ածվեցին նոյեմբերի 19-ին, երբ ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը ընդունեց նախագահի հրաժարականը («Հանուն կայունության և սահմանադրական կարգի պահպանման»)։

1984607355_0_321_3071_2048_1920x1080_80_0_0_73f3d15d528193c704da18c6554c0226
Աբխազիայի խորհրդարանի արտահերթ նիստը

Մինչ այդ աբխազական լրատվամիջոցները գրում էին, որ նախագահ Բժանիան փախել է երկրից։ Վարկածներ կային, որ նա տեղափոխվել է Ռուսաստան։ Քիչ անց համացանցում տեսանյութ հայտնվեց, որում արդեն նախկին նախագահը հավաստիացնում էր՝ գտնվում է Սուխումիից ընդամենը 40կմ հեռավորության վրա՝ Տամիշի գյուղում․ «Այստեղ ավելի վատ չէ, քան Կրասնայա Պոլյանայում (կուրորտային ավան Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում – խմբ․ )։ Անկեղծ ասած՝ հիմա Պոլյանայի ժամանակն էլ չէ։ Ես այստեղ բազմաթիվ գործեր ունեմ»։

673c518c02e8bd05f6414ee4
Ասլան Բժանիան հերքում է, որ լքել է երկիրը

Նոյեմբերի 15-ին Սուխումիում զանգվածային հանրահավաք էր հրավիրվել ընդդեմ ռուս-աբխազական «ներդրումային համաձայնագրի», որը ստորագրվել է, բայց դեռ չի ռատիֆիկացվել տեղական խորհրդարանի կողմից։ 

Ըստ համաձայնագրի՝ 2 միլիարդ ռուբլուց ավել ներդրում կատարած ռուսաստանցի գործարարները 8 և ավել տարի ժամկետով ազատվելու են ոչ միայն գույքահարկից, այլև շահութահարկից։ Ցուցարարները վախենում են, որ այսպիսով աբխազական տնտեսությունը հանձնվելու է ռուս օլիգարխներին։ «Համաձայնագիրը արտաքին խոշոր կապիտալին հնարավորություն է տալու անհավասար մրցակցության պայմաններում փաստացի մենաշնորհ ստանալ ցանկացած ոլորտում», – աբխազական բիզնեսի արձագանքն այսպես է ամփոփում KELESHBEY-ը։  

Ընդդիմադիր կուսակցությունները հատուկ ուշադրություն են հրավիրում այն դրույթներին, որոնցով աբխազական կողմը պարտավորվում է արտաքին ներդրողներին հողեր հատկացնել և պաշտպանել նրանց սեփականության իրավունքը։

Բանն այն է, որ Աբխազիայում հողի օտարումն ամբողջությամբ արգելված է։ Օտարերկրյա քաղաքացիներն այստեղ անշարժ գույք գնելու իրավունք չունեն։

Ինքնահռչակ հանրապետության ընդդիմությունը կարծում է, որ համաձայնագրի վավերացումից և գործող օրենսդրության փոփոխությունից հետո ռուսական խոշոր բիզնեսը զանգվածաբար գնելու է աբխազական հողերը և անշարժ գույքը («տնտեսական անեքսիա»), Աբխազիան բնակեցվելու է հարևան  երկրի քաղաքացիներով, փոխվելու է ոչ միայն ժողովրդագրական, այլև քաղաքական բալանսը։

Ցույցերի ճնշման ներքո իշխանությունները նահանջեցին և խոստացան հետաձգել համաձայնագրի վավերացումը, բայց դա ոչ միայն չհանդարտեցրեց իրավիճակը, այլև հակառակ ազդեցությունն ունեցավ։ Նոյեմբերի 15-ին սկսված ցույցերը վերաճեցին բախումների, ընթացքում ցուցարարները գրավեցին կառավարության, խորհրդարանի և նախագահի աշխատակազմի շենքերը։ 

hd_Screenshot_2775
ցուցարարները գրավում են պարլամենտի շենքը / նոյեմբերի 15, 2024

Ովքե՞ր են հավակնում իշխանության

Առաջիկայում Աբխազիայում արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ Ասլան Բժանիան մասնակցելո՞ւ է դրանց, թե՞ ոչ՝ պարզ չէ։ Քաղաքական ճգնաժամի ամենասկզբում նա հայտարարում էր, որ մտադիր է շարունակել պայքարը։ Հիմա պաշտոնական հայտարարություններ չկան։ Կառավարամետ «Սուխումսկայա կոֆեյնյա» տելեգրամ ալիքը գրում է․ «Նախագահը անկարգությունների առաջին իսկ օրը հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե ցուցարարները վերադառնան իրավական դաշտ և հաջողվի հասնել նախագահական ընտրությունների շուրջ համաձայնեցված որոշման։ Այս պայմաններում է տեղի ունեցել հրաժարականը։ Նա կամ որևէ մեկը նրա թիմից հիմա ավելի շատ ժամանակ ունի ընտրություններին պատրաստվելու համար։ Այդ ընտրություններին իշխանամետ ուժերը գնալու են որպես մարդիկ, որոնք հանուն խաղաղության զոհաբերել են սեփական իշխանությունը։ Իսկ այ ընդդիմությունը ստիպված է լինելու ապացուցել սեփական պիտանելիությունը <․․․> հասարակության մեծ մասը չի կիսում իշխանության համար պայքարի նման ռադիկալ մեթոդները»։

Բայց Աբխազիայի ներքաղաքական պրակտիկան այլ բանի մասին է վկայում։ Նույն ինքը՝ Ասլան Բժանիան, իշխանության է եկել՝ առաջնորդելով 2019 զանգվածային բողոքի ցույցերն այն ժամանակվա նախագահ Ռաուլ Խաջիմբայի դեմ։ Բժանիային 2019-2020 թվականի փողոցային պայքարում ուժային աջակցություն էր տրամադրում, օրինակ, Ախրա Ավիձբան՝ «Պյատնաշկա» ինտերնացիոնալ բրիգադի հրամանատարը։ «Պյատնաշկան» հիմա կռվում է Ուկրաինայում՝ Ռուսաստանի կողմից։

Բռնի իշխանափոխությունը 2020-ին չխանգարեց նույն Բժանիային դառնալ նախագահ։ 2020-ի ընտրություններին նա ստացել էր քվեների 56․5 տոկոսը, նրա մրցակիցը՝ այսօրվա ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան (նախկին էկոնոմիկայի նախարարն է, Աբխազիայի ժողովրդական շարժում կուսակցության նախագահը) հավաքել էր 35․42 տոկոս։

Ո՞ւմ թեկնածությունն է առաջադրելու ընդդիմությունը հիմա։ Իշխանության դեմ պայքարող կոալիցիան մի քանի ուժերից է բաղկացած։ Ընտրություններին մասնակցելու մտադրություն է հայտնել Օլեգ Բարցիցը՝ ինքնահռչակ հանրապետության առևտրի պալատի նախկին ղեկավարը։ Ամենայն հավանականությամբ, առաջադրվելու է նաև նախկին էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան։

Իսկ ներդրումային համաձայնագի՞րը

«Աբխազիան [Վրաստանի] տարածքն է, որը օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Եթե հաշվի առնենք այս իրականությունը, ապա՝ այնտեղ գործող մարդիկ ուղղակի ինչ-որ դերեր են փորձարկում և խաղում «անկախության պատրանք» ներկայացման մեջ։ Ինչ տարբերություն՝ Բժանիան կլինի գլխավոր դերում, Գունբան թե այլ մեկը <․․․> Նրանց գլխավոր նպատակը՝ մնալ Ռուսաստանի հետ և փողեր ստանալ Ռուսաստանից, լինելով իբրև թե անկախ, չի փոխվելու։ Բժանիան կգնա, կգա այլ մեկը։ Նա չի կատարելո՞ւ Կրեմլի հրահանգները, կտրելու է այն ճյուղը, որին նստա՞ծ է։ Բոլորովին հասկանալի չէ, թե ընդդեմ ում է այս պրոտեստը՝ Բժանիայի՞, թե՞ Կրեմլի։ Ով էլ նստի այդ աթոռին, ստորագրելու է այն փաստաթուղթը, որը պարտադրում է Մոսկվան։ Ուստի այն ամենը, ինչ տեղի է ունենում Աբխազիայում, որևէ նշանակություն մեզ համար չունի․ պարզապես հիմա Կրեմլի փողերը փորձում են ստանալ այլ մարդիկ», – «Էխո Կովկազան» մեջբերում է Նելլիին, որին ներկայացնում է որպես «սոցիալական ցանցերի օգտատեր»։

Այս կարծիքը հանգավորվում է նրա հետ, ինչ գրում են վրացական մեդիաները։ Պաշտոնական Թբիլիսին, որը Աբխազիան իր տարածքի մաս է համարում, կտրուկ հայտարարություններ չի անում։ Վրացի վերլուծաբանները աբխազական «հեղափոխությունը» հաճախ մեկնաբանում են որպես ներքին պայքար հանուն ռուսական փողերի։

Կան նաև այլ կարծիքներ։ Հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով Վրաստանի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին «Էխո Կավկազայի» հետ զրույցում նշել է՝ Ուկրաինա ներխուժումից հետո ռուս օլիգարխները ներդնելու և փող աշխատելու հնարավորություններ են կորցրել, Աբխազիային նրանք նայում են որպես մի վայր, որը կարող է շահույթ ապահովել, որտեղ կարելի է նոր հողեր սեփականացնել։ Այս մտահղացմանն անուղղակիորեն աջակցել է նաև Կրեմլը, որը հույս ուներ, որ գործընթացն անցավ կանցի․ «Աբխազիայի ընդդիմությանը հաջողվեց օգատգործել այն ճաքը, որ առաջացել է Ռուսաստանի գեոպոլիտիկ շահերի և օլիգարխիկ հավակնությունների միջև։ Ընդդիմադիրները կարողացան համոզել բնակչությանը, որ ավելի լավ է գործ ունենալ Ռուսաստանի կառավարության, քան ռուսաստանցի օլիգարխների հետ»։