Այսօր առավոտից «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 39 երթուղիների վարորդները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գործադուլը հայտարարել է ապօրինություն, շանտաժ, որին կտրվի քրեաիրավական գնահատական։ Ըստ օրենքի՝ հանրային տրանսպորտի գործադուլը պետք է հայտարարվի 14 օր առաջ, գրել է նա։
Ավտոբուսի վարորդների ամենագլխավոր պահանջը, ինչպես նախորդ գործադուլին, աշխատավարձի բարձրացումն է։ Մինչև նոյեմբերի մեկը, երբ վարորդները տոմսերը վաճառում էին նաև կանխիկ, իրենց փողն ավելի շատ էր։ Ստվերը վերացնելու նպատակով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ը նոյեմբերի մեկից վճարումն ընդունում է միայն հարյուր դրամանոցների մեքենայով կամ TellCell հավելվածով։ Այսպես օրական հավաքվել է մեկ միլիոն դրամով ավել գումար։ Վարորդներին ստվերային հավելավճարներից զրկելու փոխարեն քաղաքապետարանը խոստացել էր բարձրացնել նրանց աշխատավարձը, ինչը ըստ գործադուլավորների չի արվել։
Ըստ քաղաքապետի խոսնակի՝ վարորդները ստանում են բարձր աշխատավարձ 219-ից 401 հազար ամսական 15 օր աշխատելու համար։ Հանրային տրանսպորտի վարորդները պնդում են, որ դա կեղտոտ աշխատավարձն է, ու դա բարձր չէ՝ հաշվի առնելով, որ աշխատում են 17 ժամ օրական, Երևանում կյանքը օրեցօր թանկանում է, մեքենաների պահպանության ծախսերն էլ են իրենց վրա։
Վարորդները հավաքված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որտեղ լրագրողներին պատմել են՝
— Մեզ խոստացել էին աշխատավարձի բարձրացում, թիվ էին ասել 100-150 հազար, այսօր, իրենց ասելով, պարզվում է, որ իրենք այդ թիվը չեն ասել։ Ամեն մեկն ասում է՝ անձամբ ես ասե՞լ եմ։ Բայց բոլորը ղեկավար են։ Եթե մեկն ասել է, դա նշանակում է քննարկված հարց է, ես այդպես եմ հասկանում։ Մեր աշխատանքային պայմանագրով մենք կարող ենք 12 ժամ աշխատել և երկու ժամ հանգստանալ, այսինքն ընդհանուր 14 ժամ պետք է աշխատենք։ Մեզ երեկ առաջարկել են հավելյալ ժամերի համար՝ ժամը 700 դրամ, ծիծաղելի թիվ, այն էլ 10-ից հետո։
— Մենք այսօրվա օրով աշխատում ենք մինչև 18 ժամ։ Մենք այսօր ունենք աշխատանքի հետ կապված լիքը խնդիրներ։ Երթուղիները սպասարկել ենք նորմալ, ոնց որ սպասարկել ենք սրանից մի ամիս, երկու ամիս առաջ թե՛ ժամային գրաֆիկով, թե մնացած-մնացած բաներով։ Բոլոր խոստումները մնացել են օդի մեջ։ Հազար հատ տարրական բան․ մարդը զուգարանի կարիք ունի, ոչ մի երթուղու կանեցում զուգարան անգամ գոյություն չունի, եթե լինի էլ վճարովի է։ Այն ժամանակ, մինչև առձեռն վճարի վերացումը, մենք կարողացել ենք վճարել, այսօր մենք չենք կարողանում։
— Այն ժամանակ էլ ենք նման կերպ աշխատել, բայց առձեռն կար, մենք այս հարցը չէինք բարձրացնում, մնացած հարցերը լուծում էինք՝ ավտոյի մաքրություն, զուգարան և այլն։ Այն ժամանակ օրը ձեռքներիս մնում էր միջինում 4-5 հազար էր մնում։
— Մեզ ժամավճար պետք չի, մենք հրաժարվում ենք ժամավճարով աշխատելուց, պայմանագրով ինչ կա, էդպես ենք աշխատելու, մնացած հարցերը թող մտածեն վերադասները։
— Էդ որ սիրուն, գեղեցիկ որ հանրությանը ներկայացնում են, որ Zhong Tong-ի վարորդը ստանում է 420 հազար դրամ, MAN-ի վարորդը ստանում է 500 հազար դրամ։ Դա ասել են կեղտոտ աշխատավարձը։ Մաքուր ստանում է 309 հազար Zhong Tong-ի վարորդը, 400 հազար MAN-ի վարորդը։
— Մենք ապօրինի ոչ մի բան չենք անում, բոլորս երեխա, ընտանիք ունենք, ուզում ենք մեր հացի խնդիրը լուծենք։ Ոչ մեկի ջեբից չենք ուզում, մենք աշխատում ենք, մեր աշխատավարձն ենք ուզում։
— Տնօրինությունից մոտեցան, պարկի դարպասները փակեցին, ասեցին՝ ով աշխատում է, թող նստի մեքենաները ու դուրս գա երթուղի, ով էլ չի աշխատում, բոլորդ աշխատանքից ազատված եք։ Ինքն էլ է պետական աշխատող, ես էլ։ Իմ ու իրա տարբերությունն այն է, որ իրենը կաբինետային աշխատանք է, իմը՝ ղեկին։
— Ճարահատյալ ենք այստեղ կանգնել։ Մեզ բազմիցս խաբել են։ Էլ ուրիշ տարբերակ չկա, որ լսելի լինենք։
— Մինչև աշխատավարձին հասնելը մենք այնքան խնդիրներ ունենք։ Սա սաբոտաժ չի։ Մենք ընդամենը ունենք խնդիր մեքենաները լվանալու, մեքենաները մաքրելու, մոյկաների հերթերի, ժամավճարի, աշխատավարձի բարձրացման, տուալետի։ Ո՞ւմ պատի տակը էթանք, ո՞ւմ դռան դեմը գնանք։ Մենք ինչ է՝ մարդ ենք, թե՞ ռոբոտ։
— Զուգարանի հարցով որ դիմում ենք, ասում են դա մեր խնդիրը չի, դրանով զբաղվում է ԿԴՎՑ-ն, ուրիշ կառույց է։
— Ես էլ եմ պետական աշխատող, իրենք էլ են պետական աշխատող։ Ինձ ոչ ոք չի կարող անհիմն աշխատանքից հեռացնել։ Եթե կհիմնավորեն, որ ես թերացել եմ, որ իմ արածը չի համապատասխանում աշխատանքային պայմանագրին, թող հեռացնեն։
— Իրենք տանը քնած են, չեն նայում, որ ժամը հինգին պետք ա գաս պարկ, ժամը յոթին մտնես գիծ, ժամը 12-ին կամ 1-ին իրիկունը գնաս տուն։ Արձակուրդի ժմանակն էլ գալիս ա, չեն տալիս ու վերջ։
— Վարորդը քշում է 17-18 ժամ, այդ ընթացքում կարող է վնասվել ապակին, անիվը կմա ժեշտային մասը, այդ բոլոր գումարները վճարում է վարորդը, իր գրպանից, իր աշխատավարձից պահում են։ Վարորդը ստանում է 300 հազար, 100 հազարը պահում են վնասվածքների համար, տակը մնում է 200։ Դրանով ընտանիքը ոնց պահի։ Այստեղ լիքը մարդ կա, որ վարձով է ապրում, տալիս են 160-200 հազար վարձ։