Ռուսաստանցի օլիգարխներն Աբխազիայում հող և անշարժ գույք չեն գնի․ աբխազական խորհրդարանն այսօր հրավիրված արտահերթ նիստին մերժել է ռուս-աբխազական «ներդրումային համաձայնագրի» վավերացումը։
Ըստ համաձայնագրի՝ 2 միլիարդ ռուբլուց ավել ներդրում կատարած ռուսաստանցի գործարարները 8 և ավել տարի ժամկետով պետք է ազատվեին ոչ միայն գույքահարկից, այլև շահութահարկից։
«Աբխազիայի տարածքում ռուսաստանցի իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին» պայմանագրի վավերացմանը դեմ են արտահայտվել նիստին մասնակցած 24 պատգամավորներից 22-ը, երկուսը ձեռնպահ են քվեարկել։
Նոյեմբերի 15-ից Սուխումիում զանգվածային հանրահավաքներ էին սկսվել ընդդեմ պայմանագրի։ Ինքնահռչակ հանրապետության ընդդիմությունը կարծում էր, որ համաձայնագրի վավերացումից և գործող օրենսդրության փոփոխությունից հետո ռուսական խոշոր բիզնեսը զանգվածաբար գնելու է աբխազական հողերը և անշարժ գույքն, Աբխազիան բնակեցվելու է հարևան երկրի քաղաքացիներով, փոխվելու է ոչ միայն ժողովրդագրական, այլև քաղաքական բալանսը։ Բողոքի ակցիաների հետևանքով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր ներկայացրել։