Home / Եկեղեցի / Օսմանա-եվրոպական ժառանգությունը, աշխարհիկ թալանը, հյուծված Սիրիան

Օսմանա-եվրոպական ժառանգությունը, աշխարհիկ թալանը, հյուծված Սիրիան

Սիրիա. Անցում արդիության պատերազմներից դեպի ավանդական հասարակությունների խաղաղության

Սիրիայի և նրա հարևանների համար երաշխավորված ճանապարհային քարտեզի մշակումը գրեթե անիրական է թվում այսօր։ Իրականությունն այնպիսին է, որ այս տարածաշրջանում և առհասարակ՝ Օսմանյան կայսրության իշխանության տակ եղած տարածքների մեծ մասում ապրող մարդիկ չունեն ներկայացուցչական մոդել։ Օսմանյան կայսրությունը տապալվեց նախքան իր ոչնչացումն ավարտին հասցնելը և ռեգիոնալ էթնոկրոնական միատարրության հասնելը՝ ի տարբերություն Եվրոպայի, որն անցել է հարյուրամյակներ ձգվող պատերազմներով։

Մարդկային պատմության այդ մութ տասնամյակների ընթացքում կիսակատար «նպատակները» Օսմանյան տարածքների նորաստեղծ երկրներում զգալի խոչընդոտներ են ստեղծել արդիականացման համար՝ բոլոր մակարդակներում։ Ասես այդ երկրները ցեղասպանություններ էին անում մաս-մաս, քանի որ չկարողացան անել միանգամից։

Այս երկրներն առաջացել են Եվրոպայի արյունալի մեծ պատերազմներից անմիջապես հետո։ Դրանք ծնվել են, երբ Եվրոպան պայծառ գիտակցման բուռն շրջանում էր՝ մայրցամաքում անդադար պատերազմներն այնքան հյուծիչ են, որ ավելի ապահով է հաղթանակի դրոշակները փոխանցել զոհերին։ Եվրոպական մեծ պատերազմներն ավարտվել են 20-րդ դարի կեսին՝ վճռականորեն բարձրացնելով զոհի կարգավիճակը։ Այսուհետ զղջումն ու արկածախնդրության հանդեպ վախն էին ուղղորդում քաղաքականությունը և ձևավորում հանրային տրամադրությունը։ Իր ժողովրդի արյունով տոգորված Եվրոպան հետագա արյունահեղությանը չէր դիմանա։ Այդ հագեցումը ապահովագրում էր ապագա սերունդներին և խոչընդոտում համակարգերի և սահմանադրությունների՝ դեպի էթնոկրոնական միատարրություն զարգացմանը։

Ցավոք, Օսմանյան կայսրության փլուզումից ծնված երկրներն ընդունեցին արդիականությունը, արդիության և ազգային պետության արժեքները հենց այն ժամանակ, երբ եվրոպական լիբերալիզմի ճգնաժամը դառնում էր ակներև։ Սա բերեց նրան, որ գլուխ բարձրացրեցին պոպուլիստական ուժերը, որոնք պահանջում էին Եվրոպան վերադարձնել եվրոպացիներին։ Տպավորություն է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո գոյացած երկրների պատմությունը զոհաբերվեց կրկնակի․ սկզբից՝ որ չկարողացան հասնել էթնոկրոնական միատարրության, երբ ցեղասպանությունները սովորական էին, հետո՝ որ կիսեցին բազմազան և հանդուրժող հասարակություն կառուցելու հույսը, երբ ատելությունը սկսեց արտահայտվել հենց այն երկրներում, որոնք  հանդուրժողականություն և մարդկային արժեքներ էին տարածում։ 

Նորածին այդ պետությունների մեջ Սիրիան հավանաբար ամենաբազմազանն ու բարդն է։ Ներառական պետությություն կառուցելու իր նախագծերում, գաղափարներում և միջոցներում այն ամենաէքսպերիմենտալն էր։ Այդուհանդերց, սիրիացիների ջանքերը բավարար չէին՝ կանխելու իրենց վերահսկողությունից դուրս գտնվող գլոբալ և լոկալ դինամիկաների ազդեցությունը երկրի վրա։ Ժողովրդավար պետության հայեցակարգը այնտեղ էլիտիստական էր։ 20-րդ դարի սկզբից վերնախավը համարում էր, որ քաղաքացի դառնալու համար անհրաժեշտ են այնպիսի որակներ, որոնցից զուրկ են հասարակ մարդիկ։ Մարդը ծնվում է որպես աղանդի, ընտանիքի կամ ցեղի անդամ և պետք է առաջադիմի կրության և մշակույթի մեջ, որ վերածվի քաղաքացու։ Քաղաքացիությունը երբեք չի տրվել սիրիացիներին ուղղակի, այն պետք էր վաստակել գիտելիքի և կրթության միջոցով։

Նման էլիտար մոտեցումները զուրկ չէին սովորական մարդկանց հանդեպ մեծամտութունից։ Քաղաքական կուսակցությունները՝ ճիշտ իրենց եվրոպական գործընկերները պես, ձգտում էին դաստիարակել հասարակությանը, որպեսզի այն հասունանա և պատրաստ լինի արդիության պահանջներին։ Եվրոպական արդիությունը այնպիսի կոտորածներ է արել իր երկրներում, ինչպիսիք չեն տեսել նախորդ կայսրությունները։ Նացիստական Հոլոքոստից մինչև ստալինյան ցեղասպանություններ մոդերնիստները հանուն ազգային պետության և միատարր հասարակության սպանում էին նրանց, ովքեր չէին ոչնչացվել Միջնադարի եկեղեցական պատերազմներում։ 

Մերձավոր Արևելքը ծնվել է այս միահյուսված և բարդ իրողություններից։ Աշխարհիկ էլիտաները, որոնք տնօրինում էին նրա ճակատագիրը, չկարողացան հավատքը փոխարինել քաղաքացիությամբ։ Խոչընդոտները նախևառաջ սոցիալական, կրոնական և էթնիկ էին, թեև մեծ դեր էին խաղում նաև տնտեսական խնդիրները։ Պարզ էր, որ ազգային պետության կայունացման համար հասարակական և քաղաքական պառակտումը պետք է փոխակերպվեր՝ աղանդավորականից դեպի ժամանակակից։ Կայունության համար անհրաժեշտ են տնտեսական մակարդակով պայմանավորված սոցիալական դասակարգեր։

Այս պայմանը Օսմանյան կայսրությունից դուրս եկած երկրներում ի կատար չի ածվել երկու հիմնական պատճառներով․

– նորաստեղծ երկրներում տարբեր համայնքներ միատարր էին միայն իրենց բնակության տարածքներում, իրենց սահմանների երկայնքով, բայց այդ միատարրությունը մեծամասամբ աղանդավորական էր և էթնիկ։
– Սա խոչընդոտում էր քաղաքացիների՝ որպես դասակարգի և ժամանակակից քաղաքային կենտրոնների ձևավորմանը։

Քաղաքները մնում էին տարասեռ թաղամասերի հավաքածու, որոնք խաչվում էին զանազան շուկաներում և բաժանված էին առանձին թաղերի։ Նրանց չհաջողվեց վերածվել ժամանակակից քաղաքների, որտեղ անհատները միավորված են միևնույն օրենքի ներքո։  

Բանակները միակ ինտիտուտն էին, որ ձևավորվել էին աշխարհիկ սկզբունքներով, ուստի հենց դրանք էլ վերածվեցին ամենահարատև իշխանության։ Գաղտնիք չէ, որ Մերձավոր Արևելքի ռազմական պետությունները, ներառյալ Սիրիան, իրենց առավելություններն ու կապիտալը սպառել են դեռ տասնամյակներ առաջ։ Բաշար ալ-Ասադի ռեժիմը վերապրել է զուտ այլընտրանքների բացակայության շնորհիվ։ Այդ ռեժիմները՝ անկարող արձագանքել երկընտրանքներին, որոնց բախվում էին, սնվում էին ենթակաների կարգավիճակը ազգականից քաղաքացու վերածելու ձախողմամբ։

Այսօր Սիրիան տառապում է նրանից, որ երկար ժամանակ արհամարել է իր ավանդական հասարակությանը և անտեսել իշխող վերնախավի մահացու կոռումպացվածությունը։ Նույնիսկ ամենապարզ և ակնառու խնդիրների համար այս էլիտաները չունեն լուծումներ, մինչդեռ կեղեքում են ավանդական հասարակությունները՝ վերջիններիս՝ արդի ժամանակներին չհամապատասխանելու պատրվակով։

Ամփոփելով․ աշխարհիկ էլիտաները (որոնք նույնպես վերածվեցին աղանդի)՝ ազդված ավանդական աղանդների քաղաքականություններից, Սիրիայի ապագայի համար ոչինչ առաջարկել չեն կարող։ Ուժերը, որոնք վերցրել են իշխանությունը և որոնք պատրաստ են միանալ նրանց նոր իշխանություն հաստատելու համար, առավելապես ավանդական են։ Նրանք բազմաթիվ պատճառներ ունեն՝ վախենալու այլ ուժերից, որոնց հետ ստիպված են գոյակցել, բայց ունեն նաև բազում ընդհանրություններ, որոնց շնորհիվ կարող են իրական համակեցության հասնել Սիրիայի տարբեր բաղադրիչների միջև։

Նոր սահմանադրությունն և օրենքները, որոնք ամենայն հավանականությամբ կընդունվեն, հաշվի են առնելու նախևառաջ այս խմբավորումներին, ընգծելու են ընդհանրությունները, որպեսզի պահպանեն Սիրայի ամբողջականությունը որպես պետություն՝ բազմազան ծագումներով և կողմնորոշումներով։ Ընդդիմադիր ուժերի դյուրին հաղթանակը Բաշար ալ-Ասադի ռեժիմի նկատմամբ պայմանավորված չէ միայն Սիրիայի ժողովրդի մեծ զոհաբերություններով։ Այն նաև բխում է վերջին տարիներին Սիրիայի հյուսիս-արևելքում ընդդիմության զինված ուժերի ձեռք բերած փորձից։ Այդ ժամանակահատվածում նրանք կառավարական, ադմինիստրատիվ և դատական մարմիններ են ստեղծել տարածաշրջանում և հաջողացրել են սակավ ռեսուրսներով սոցիալական և տնտեսական կայունության հասնել։

Սիրիացիների՝ միմյանց նկատմամբ նրբանկատության ամենավճռական պատճառը վերջին տասնամյակների հսկայական մարդկային, սոցիալական և տնտեսական կորուստներն են՝ հատկապես 2011 թվականից հետո։ Հենց սա է սիրիացիներին հետ պահում հետագա հակամարտությունների մեջ ներքաշվելուց։ Քաղաքական նոր փուլը կարելի է անվանել «պարկեշտություն»՝ արձագանքելով նոր լիդերների հայտարարություններին․ «Սիրիայի ժողովուրդն ուժասպառ է և այլևս չի կարող պատերազմներ վարել։ Վրեժը տեղ չունի նոր Սիրիայում»։

Բայց խաղաղությունը երաշխավորված չէ։ Մարտահրավերները իրոք հսկայական են, հակապես՝ տեխնոլոգիական և տնտեսական փոփոխությունները, որոնք հարկադրված են գլոբալիզացիայի հետևանքով։ Թեև այս խմբերը կարող են հաջողել բնատնտեսություն հիմնելու հարցում, ռեգիոնալ բարգավաճման և բարեկեցության հեռանկարը մնում է անորոշ։ Ժամանակակից տեխնոլոգիաները խրախուսում են ինդիվիդուալիզմը, ոչ թե խմբային ինքնությունները ու միասնականությունը, և փորձերը՝ սառեցնել երկիրը սահմանադիր շրջանակի մեջ, տագնապ և անհանգստություն են հարուցում։

Խմբային ավանդույթների հաշտեցումը գլոբալիզացիայի պահանջների հետ մեծ ջանքեր է պահանջելու բոլոր սիրիացիներից։ Այժմ Սիրիան զրոական կետում է։ Լարված ճիգեր և նորարար լուծումներ են պետք, որոնք դուրս կլինեն պայմանական պատասխաններից։

Հիմնական եզրակացությունը, որն առնչվում է Սիրիայի ապագային՝ աշխարհիկ վերնախավը անկարող է շարժվել իրադարձությունների զարգացմանը համընթաց։ Ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ սեկուլյարիստները պատասխաններ չունեն ամենահրատապ հարցերի համար, նրանք հենվում են անցյալում տրված պատասխանների վրա, որոնք հանգեցրել են բռնության բռնկումների՝ Սիրիայի արդիությունից շատ քիչ բան թողնելով անձեռնմխելի։

Բիլալ Խբեյզ
անգլերեն բնագիրը՝ e-flux

Տե՛ս նաև
Դամասկոս տանող ճանապարհները․ Տարիկ Ալի