Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեկ Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին և նոր վերջնագրեր ներկայացրել Երևանին։
Իլհամ Ալիևը տարին սկսել է սպառնալիքներով և նախազգուշացումներով, թե ադրբեջանական պահանջների չկատարման դեպքում խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու:
Պահանջներն են՝ բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», փոխել Հայաստանի Սահմանադրությունը, լուծարել Մինսկի խումբը և այլն, և այլն։ Այս պահանջներից և ոչ մեկը չկա խաղաղության պայմանագրի քննարկվող նախագծում։
Վարչապետ Փաշինյանը կարծում է, որ Ալիևի սպառնալիքների նպատակը Հայաստանին սադրելն է․ «Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ [երեկ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե հրադադարի ռեժիմ է խախտվել, Հայաստանի ՊՆ-ն հերքել է – խմբ․]՝ տարածաշրջանոմ նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար»: Հայաստանի կառավարությունը չի գնալու այդ ճանապարհով՝ «Արմենպրես»-ին տված գրավոր հարցազրույցում վստահեցրել է վարչապետնը։
«ֆաշիզմի» հարցը
Ադրբեջանի նախագահը նույն հարցազրույցում Հայաստանն անվանել է «ֆաշիստական պետություն» և հայտարարել, թե Հայաստանի կառավարությունը պետք է ոչնչացնի «ֆաշիզմը», այլապես դա կանի Ադրբեջանը։ Այս հայտարարությունը սոցիալական ցանցերում համեմատում են ռուսական հռետորաբանության հետ․ Ուկրաինա ներխուժումը Մոսկվան պատճառաբանում էր «դենացիֆիկացիայի» անհասկանալի նպատակով։
Նիկոլ Փաշինյանն այս մեղադրանքին անդրադառնալիս պատրաստակամություն է հայտնել Բաքվի հետ քննարկել և հասկանալ՝ որն է Հայաստանի մասին նման ընկալման պատճառը:
«Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը», – նշել է վարչապետը:
Հայաստանը պատնեշ չէ
Խնդիրները լուծելու և հաշտության համաձայնագիր ստորգարելու համար, ըստ Փաշինյանի, անհրաժեշտ է, որ Բաքուն դրական արձագանքի պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերին առնչվող հայկական առաջարկներին։ Դրանցից մեկը հայ-ադրբեջանական սահմանին օտար ուժերի ներկայությանն է վերաբերում, մյուսը՝ միջազգային ատյաններում միմյանց դեմ իրավական հայցերին։ Հաղորդակցությունների ապաշրջափակման (խոսքը նախ և առաջ Սյունիքով անցնող ճանապարհի մասին, որը Բաքուն անվանում է «միջանցք») հարցը առհասարակ դուրս է բերվել պայմանագրից, դրա շուրջ բանակցություններն առանձին են ընթանում։ Մոտ երկու ամիս է՝ Ադրբեջանը չի արձագանքում ոչ խաղաղության պայմանագրին, ոչ էլ ճանապարհների վերագործարկմանը վերաբերող հայկական առաջարկներին։
Փոխարենը նախագահ Ալիևը չի հրաժարվում «Զանգեզուրի միջանցքը» բացելու պահանջից:
«Նրանք չպետք է որպես աշխարհագրական պատնեշ կանգնեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի», – երեկվա հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։
Ի պատասխան՝ Փաշինյանը պնդել է, թե իրագործելու են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և կրկին հիշեցրել ապաշրջափակման հարցում արված առաջարկների մասին:
«Մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Բաքուն տարիներ շարունակ պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես արձագանքում է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա», և հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Ալիեւը լղոզում է սահմանը
Ադրբեջանի նախագահը նաև Հայաստանի ռազմական գնումներից է դժգոհել, պահանջել է խզել կնքված պայմանագրերը (Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլնի հետ) և վերադարձնել արդեն առաքված զենքերը։ «Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում», – հայտարարել է Ալիևը։
Այս ուլտիմատումը Բաքուն նախկինում էլ է հնչեցրել, Հայաստանից մշտապես արձագանքել են՝ զենքը պաշտպանվելու համար է, բանակ ունենալն էլ Հայաստանի սուվերեն իրավունքն է։
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ բացատրել է, որ զենքի գնումներում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա․ «Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Մենք Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի իրավունքը»։
Ալիևը, ի դեպ, խոսել է նաև սահմանազատման հանձնաժողովոների մասին՝ պնդելով, թե դրանց հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։
Հայ-ադրբեջանական սահմանը նա անվանել է «պայմանական սահման», ու չնայած դելիմիտացիայի սկզբունքներն արդեն համաձայնեցվել են կողմերի միջև՝ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե սահմանը ճշգրտելիս հարկավոր է լինելու հաշվի առնել «անվտանգությունը», «պատմական գործոնները», առկա «հաղորդակցությունները» և «բնակավայրերը», բնապահպանական հարցերը և այլն։
Թրամփը վկա
Ալիևը նախ հայտարարել է, թե «սորոսականները» կորցնում են իրենց դիրքերը, ԱՄՆ-ում նրանց դարաշրջանն ավարտվել է դեմոկրատների պարտությամբ, և «Հայաստանը պետք է նկատի ունենա դա»։
«Մինչդեռ Ալիևը Հայաստանին սպառնում էր, Թրամփը զուգահեռաբար հայտարարում էր, որ չի բացառում ուժի կիրառումը Գրենլանդիայի ու Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։ Հավանաբար բլեֆ է, բայց ԱՄՆ ընտրված նախագահի կողմից նմանատիպ հայտարարությունը ինքնին ցուցիչ է, որ մեր իմացած աշխարհը այլևս չկա։ Կանոնների վրա հիմնված կարգի (rules-based order) ենթադրյալ երաշխավորը հայտարարում է, որ թքած ունի այդ կանոնների վրա՝ առնվազն հրապարակային մակարդակում։ Ու սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ լեգիտիմության անտեսանելի պատերի մասին», – Ալիևի երեկվա հայտարարությունները մեկնաբանել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահը՝ հաճախ երկրորդելով ռուսաստանցի պաշտոնակցին, իրեն որպես հակագաղութային ակտիվիստ է ներկայացնում․ խոսում է արևմուտքի փափուկ ազդեցության և երկերեսանության, սորոսականների, առաջին աշխարհի իմպերիալիստական անցյալի և նորգաղութային ներկայի մասին։ Ենթադրվում էր, որ Թրամփի հաղթանակից հետո նրանց հռետորաբանությունը ավելի կսրվի։