Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատակազմն այսօր հաստատել է, որ Պաղեստինում խաղաղության շուրջ բանակցությունների համար Քաթար մեկնած իսրայելական պատվիրակությունն արդեն ստորագրել է համաձայնագիրը, բայց Իսրայելի կառավարությունը փաստաթուղթը կարող է քննարկել և հաստատել ոչ ավելի շուտ, քան հունվարի 18-ը։ Այսինքն, չնայած պատերազմի ավարտի մասին համատարած տոնախմբություններին, իսրայելական կողմը փաստացի դեռևս չի ստորագրել համաձայնագիրը։
Հունվարի 16-ին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել էին, որ Իսրայելը չի կարող կողմ քվեարկել ՀԱՄԱՍ-ի հետ հաշտության պայմանագրին, քանի որ խմբավորումը վերջին պահին ինչ-որ կետեր է փոխել։
Times of Israel և Jerusalem Post լրատվականները գրում են, որ այսօր Իսրայելի վարչապետը համաձայնագի թեմայով քննարկում է ունենալու երկրի ռազմական իշխանությունների հետ։ Բայց փաստաթուղը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է ողջ կառավարության հավանությունը։
Բանակցությունների միջնորդ պետությունները՝ ԱՄՆ-ն և Քաթարը, համաձայնության հասնելու մասին սկսել են հայտարարել հունվարի 15-ից։ Բայց իսրայելական կողմը՝ չնայած Վաշինգտոնի ճնշումներին, դեռևս չի հաստատել փաստաթուղթը։
Համաձայնագրին դեմ են Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը և ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը։ Երկուսն էլ միշտ հայտնի են եղել իրենց ուլտրաաջ հայացքներով և կողմ են եղել Գազայում լայնամասշտաբ ռազմական գործողություններին։ Բեն-Գվիրը նախկինում հայտարարել էր, որ քաթարյան համաձայնագիրը հավասարազորի է Իսրայելի կապիտուլյացիային։ Երկու նախարարներն էլ սպառնում են հրաժարական ներկայացնել, եթե Իսրայելը հետ կանգնի ՀԱՄԱՍ-ը ոչնչացնելու ծրագրից։
Սմոտրիչն ու Բեն-Գվիրը ղեկավարում են երկու կուսակցությունները, որոնց հետ կոալիցիայի միջոցով է, որ Նեթանյահույի կուսակցությունը մեծամասնություն է ձևավորել խորհրդարանում և կարողացել է կառավարություն ձևավորել։ Նրանց հեռանալու դեպքում երկրում կարող է նորից քաղաքական ճգնաժամ սկսվել։
Մինչ խաղաղության համաձայնագիրը քննարկվում է և, ըստ մասնակից կողմերի հայտարարությունների մոտ է վերջնական հաստատմանը, Իսրայելը չի դադարեցնում Գազայի ռմբակոծությունը։ Պատերազմական գործողությունները շարունակվում են նույն տեմպով։
Համաձայնագրի մասին
Փաստաթղթով նախատեսվող գործողությունները բաժանված են 3 էտապների։ Հիմնական կետերն ու ժամկետները հստակեցված չեն։ Այս պահին հայտնի է այսքանը.
Փուլ առաջին
Առաջին փուլի համար վեց շաբաթ ժամանակ է նախատեսվում։
Այն պետք է սկսվի կրակի ամբողջական դադարեցմամբ։ Գազայի ակտիվ պատերազմական գոտուց փախած պաղեստինցիները կկարողանան վերադառնալ։ ՄԱԿ-ի գնահատմամբ, տեղահանվել էր սեկտորի բնակչությանը 90 տոկոսը՝ շուրջ 2մլն մարդ։
Առաջին փուլում կկազմակերպվի նաև Գազային հումանիտար օգնություն հասցնելը։ Ենթադրվում է, որ օրական հազարավոր բեռնատարներ կմտնեն սեկտորի տարածք։
Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ը կսկսի բաց թողնել իսրայելցի գերիներին։ Ազառ արձակվածների առաջին խմբում կլինեն 33 կանայք, երեխաներ և տարեցներ։ Դեռևս պարզ չէ, թե այս խմբի մարդկանցից քանիսն են կենդանի։
Փոխարենը, ՀԱՄԱՍ-ը պահանջում է վերադարձնել հազար պաղեստինցի դատապարտյալների, բոլորը՝ ողջ։
Համաձայնագրի քննադատների համար այս կետը վիճելի է։ Պնդում են, որ Իսրայելի համար անհավասար պայմաններ են առաջարկվել, թեև փաստացի իսրայելական կողմը մի քանի հարյուր անգամ ավելի շատ մարդ է գերեվարել։
Փաստաթղթի իսրայելական ընդդիմախոսները դժգոհ են, որ իշխանությունները չեն պնդել հենց առաջին փուլում բոլոր 94 գերիների (իսրայելական հետախուզության տվյալներով, այս պահի ՀԱՄԱՍ-ի մոտ հենց այդքան իսրայելցի պատանդ կա, որոնցից 34-ը՝ մահացած) վերադարձի պահանջը։
Պաղեստինական կողմը հայտարարել է, որ մնացած գերիների ճակատագիրը կքննարկվի համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունների ժամանակ։
Փուլ երկրորդ
Երկրորդ փուլում պատերազմի «ամբողջական ավարտ» է նախատեսվում, բայց քանի որ կողմերը դեռևս չեն սկսել այս փուլի հստակեցված քննարկումը, ոչինչ պարզ չէ։ Հայտնում են, որ առաջին փուլի մեկնարկից 16 օր անց, երբ պարզ լինի, որ պայմանավորվածությունները կատարվում են ըստ սահմանված օրացույցի, կողմերը կանցնեն երկրորդ փուլի մանրամասն քննարկմանը։
Հավանաբար, այս փուլում ՑԱԽԱԼ-ը ստիպված կլինի հեռանալ Գազայի տարածքից։
Իսրայելը խոստացել է բաց թողնել 1000 պաղեստինցի դատապարտյալներին, որոնցից 190-ի համար ավելի քան 15 տարվա ազատազրկում էր սահմանվել։ Թե կոնկրետ երբ սա կլինի՝ պարզ չէ։ Մի մասին գուցե արտահանձնեն առաջին փուլում։
Փուլ երրորդ
Համաձայնագրի երրորդ և եզրափակիչ փուլում նախատեսվում է վերակառուցել Գազայի սեկտորը։ Դա, հավանաբար, տարիներ կտևի։