Home / Դատարան / Սերբիայի ցույցերը չեն դադարելու վարչապետի հրաժարականից հետո

Սերբիայի ցույցերը չեն դադարելու վարչապետի հրաժարականից հետո

Սերբիայում ամիսներ շարունակվող ուսանողական բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական է տվել վարչապետ Միլոշ Վուչևիչը։ Զանգվածային ցույցերը երկրում սկսվել են Նովի Սադի երկաթուղային կայարանում 15 մարդու մահվան պատճառ դարձած բետոնե հովանոցի փլուզումից հետո։ Վուչևիչի հեռանալուց ընդամենը մեկ օր առաջ նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր կառավարության հրատապ նորացման պլանների մասին:

Ուսանողներն ու ընդդիմությունը չեն դադարում բողոքի ցույցերը նոյեմբերից։ Նրանք իշխանություններին մեղադրում են կոռուպցիայի, անփութության և նեպոտիզմի մեջ, որն էլ, ըստ ցուցարարների, ողբերգության պատճառ է դարձել։

Ի սկզբանե ուսանողները պահանջում էին դեպքի թափանցիկ հետաքննություն, այնուհետև պահանջները վերաձևակերպվեցին՝ ընդհուպ մինչև անցումային կառավարության ստեղծում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Բնակչությամբ Սերբիայի երկրորդ քաղաքի՝ Նովի Սադի երկաթուղային կայարանի հովանոցը փլուզվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին։ Այն վերակառուցվել է 2021 թվականին և կրկին վերանորոգվել 2024-ին՝ հուլիսի 5-ի պաշտոնական բացման համար։

Ավելի վաղ Սերբիայի նախագահը հայտարարել էր, որ ուսանողները գործում են օտարերկրյա հետախուզական ծառայությունների պատվերով, որպեսզի տապալեն իշխանությունը:

Երկուշաբթի օրը ցուցարարները 24 ժամ անընդմեջ շրջափակել են Բելգրադի առանցքային տրանսպորտային հանգույցը, ինչը զգալիորեն մեծացրել է ճնշումը իշխանությունների վրա: Հազարավոր ուսանողներ գիշերել են փողոցում, նրանց միացել են այլ մարդիկ։

Վուչևիչն իր հրաժարականի մասին հայտարարվել է բողոքի ակցիայից ընդամենը մի քանի ժամ անց ասուլիսի ընթացքում։ Նա ասել է, որ հրաժարական է տալու նաև Նովի Սադի քաղաքապետ Միլան Ջուրիչը։

«Մենք կարծում ենք, որ օբյեկտիվ պատասխանատու ենք տեղի ունեցածի համար, և հետևաբար հրաժարական ենք տալիս», – ասել է Վուչևիչը։

Նա հույս է հայտնել, որ հրաժարական տալու իր որոշումը կօգնի թուլացնել լարվածությունը հասարակության մեջ և սկսել երկխոսություն: Վարչապետի հրաժարականը դեռ պետք է հաստատի երկրի խորհրդարանը։

Վուչևիչի հրաժարականից հետո երկու սցենար է հնարավոր՝ կամ իշխանական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովն ընտրում է նոր վարչապետի (և նա ձևավորում է կառավարություն), կամ Սերբիայում սպասվում է նոր խորհրդարանական ընտրություններ։

Ընդդիմությունը հայտարարել է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն այդքան էլ արդար և ժողովրդավարական չէին: ԵԱՀԿ-ն էլ կոչ էր արել բարելավել ընտրական օրենսգիրքն ու ընտրությունների պայմանները։

Սերբիայում շուտով կձևավորվի նոր անցումային կառավարություն, իսկ բողոքի ցույցերն, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն․ ցուցարարները պնդում են, որ իրենց ոչ բոլոր պահանջներն են կատարվել:

Թեև հովանոցի փլուզման հետ կապված մի քանի ձերբակալություններ են եղել, ցուցարարները շարունակում են պահանջել հանրային վերահսկողություն և դատական ​​գործընթացներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կարող են պատասխանատու լինել ողբերգության համար: