Home / Համայնքներ / Երևանցուն ստիպում են վճարել մեքենայի համար, որն ինքը չունի

Երևանցուն ստիպում են վճարել մեքենայի համար, որն ինքը չունի

Կառլեն Սմբատյանը բողոքում է՝ Հայաստանում այնպիսի բյուրոկրատական համակարգ է ստեղծվել, որ քաղաքացին հոլի պես պտտվի, հոգնի և ստիպված վճարի անարդար կազմված տուրքերն ու տուգանքները։

Նա պատմում է, որ մի քանի անգամ իր անունով գույքահարկի տուգանքներ են եկել՝ մեքենաների համար, որոնք իրենը չեն եղել կամ եղել են շատ վաղուց։ Սկզբում նրանից պահանջել են 100 դրամ, այնուհետև 465, հետո՝ 11 հազար, վերջերս էլ եկել է 51 հազար դրամի տուգանք։

Կառլենը բոլոր անգամները գնացել է տարբեր պետական ատյաններ՝ Ճանապարհային ոստիկանություն, ՊԵԿ, թաղապետարան՝ հասկանալու, թե ինչ մեքենաների մասին է խոսքը, ամեն անգամ նրան տվել են տարբեր տեղեկանքներ։ Ճանապարհային ոստիկանությունում հայտնել են՝ խոսքը Օպել Ռեկորդ մեքենայի մասին է, Թաղապետարանում վստահեցրել, որ մեքենայի մակնիշը Օպել Վեկտրա է. սկզբում ասել են, որ մեքենան1983 թվականի է, հետո՝ 1999։

2021 թվականին իր մեքենայի գույքահարկը վճարելիս, Կառլենին նաև տեղեկանք են տվել իր անունով գրանցված մեկ այլ մեքենայի վերաբերյալ։ Պարտքը եղել է 100 դրամ։ Ավելորդ գլխացավանքից խուսափելու համար նա վճարել է այդ գումարը, սակայն դիմել է ոստիկանություն՝ պարզելու համար, թե ինչ մեքենայի մասին է խոսքը։

«Մեքենան 97 թվականին է գրանցված եղել, ես չեմ հիշում նման մեքենա ունեցել եմ, թե չէ։ Գնացի ոստիկանություն, դիմում գրեցի։ Ինձ ասեցին ոչ մի բան չկա, գնացեք այդ 100 դրամը վճարեք, կվերջանա։ Եկել եմ հանգիստ տուն», – պատմում է Կառլենը։

2024 թվականին մեքենայի գույքահարկը վճարելիս, նա կրկին ստացել է տեղեկանք։ Այս անգամ պարտքը կազմել է 486 դրամ։ Կառլենը կտրոնը տարել է Ճանապարհային ոստիկանություն։ Այնտեղ ասել են, որ վճարումն անի և կտորոնով մոտենա իրենց, որպեսզի գույքն օտարեն և այլևս նման խնդիրներ չառաջանան։ Կառլենը վճարել է գումարը, սակայն ՃՈ-ից պահանջել են տեխանձնագիր և պետհամարանիշներ՝ օտարելու համար։ Այդ փաստաթղթերը, Սմբատյանը, բնականաբար չունի։

Ոստիկանությունում նրան հորդորել են գնալ Ներքին գործերի նախարարություն, վստահեցրել են, որ այնտեղ ունեն ամբողջ բազան։ Մեկ ամիս առաջ Կառլենը գնացել է ՆԳՆ։ Նախարարությունում նրան չեն ընդունել, համոզել են, որ դիմում գրի։ Դիմումին, մինչ օրս, ոչ մի պատասխան չկա։