Home / Հայաստան / Մեծերի կոռուպցիան ստուգե՛ք. փոքր բիզնեսը կառավարության մոտ

Մեծերի կոռուպցիան ստուգե՛ք. փոքր բիզնեսը կառավարության մոտ

Հագուստի, կոշիկի, ոսկու առևտրով զբաղվող ձեռներեցներն այսօր բողոքի ակցիա են արել Կառավարության դիմաց՝ ընդդեմ նոր հարկային փոփոխությունների։ Նրանք պահանջում են հետաձգել նոր հարկային ռեժիմն առնվազն 6 ամսով և ուսումնասիրել ոլորտների առանձնահատկությունները։ Ներկա փոփոխություններով՝ շրջանառության հարկը 5-ից դառնում է 10 տոկոս բոլոր նրանց համար, ովքեր ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չեն ներկայացնի: Բացի այդ, առևտրականներին պարտավորեցնում են ներկայացնել մանրակրկիտ գույքագրում։

Հարկերի նման բարձրացումը, ըստ առևտրականների, նոր հարված կլինի փոքր բիզնեսին, որն արդեն տուժել է օնլայն խանութներից (Wildberries, Temu, Ozon եւ այլն) և մարդկանց վճարունակության վատթարացումից։ Փաստաթղթագրումը մեծ վարչական աշխատանք և ծախսեր է պահանջելու`ընդհուպ մինչև հաշվապահ պահելու անհրաժեշտություն։ Որոշ դեպքերում, փաստաթղթեր ներկայացնելը գրեթե անհնար է։

«Ոսկին յոթ մասնագետի ձեռքով է անցնում մինչև վաճառքի է դրվում, սկսած լոմից մինչև պատրաստի զարդ դառնալը։ Այդ բոլորը եթե չեն տալիս փաստաթուղթ, մենք ո՞նց ներկայացնենք»,-ասել է ոսկյա զարդեր վաճառողներից մեկը։

Իսկ հագուստ վաճառողները բողոքում են, որ իրենք ապրանքը հիմնականում ներմուծում են Թուրքիայից և Չինաստանից՝ փոքր արտադրողներից։ Ոչ միշտ են վաճառողները թղթեր տալիս, ինչպես, օրինակ, մեծ ընկերությունների՝ Zara, Mango և այլն, դեպքում է։

Բողոքի մասնակիցները վստահ են, որ եթե Կառավարությունը չգնա զիջումների, շատ փոքր բիզնեսներ կփակվեն։

«Օրենքը փոխելուց առաջ, պետք էր անել ազդեցության գնահատում», – հայտարարել է ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը։

«Մեզ ասում են՝ ուզում ենք բռնենք մեծ կոռուպցիոներներին։ Մենք ասում ենք՝ մեծերի տեղը գիտեք, մոլերի բռենդերի տեղը գիտեք։ Ցանկություն չկա մեծերին ստուգելու։ Այս օրենքը տանելու է փոքր բիզնեսի վերացման և խոշորացման», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։