Home / Հայաստան / Խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բանակցությունները՝ ավարտված

Խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բանակցությունները՝ ավարտված

Հայաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով փոխանցել է Ադրբեջանի ԱԳՆ-ին, որ Հայաստանն ընդունում է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները։ 

«[Պաշտոնական Երևանն] առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ՝ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ», – ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Հայաստանի ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, հաստատել է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է, դրա համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ ավարտված։

«Այսպիսով, Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», – գրել է ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանը, ըստ նույն հայտարարության, պատրաստ է Ադրբեջանի հետ խորհրդակցություններ սկսել Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ատգործնախարարն էր հայտարարել, որ «խաղաղության պայմանագրի տեքստի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են, Երևանը ընդունել է բաց մնացած վերջին երկու կետերը»։ 

Ըստ Բայրամովի՝ հաջորդ փուլում «Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվեն Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները, պետք է լուծարվեն Մինսկի խումբն ու դրա մնացորդները»։

Համաձայնագրի երկու՝ մինչ այս չհամաձայնեցված հոդվածները վերաբերում էին միջազգային հայցերից փոխադարձաբար հրաժարվելուն ու հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելուն: Ադրբեջանը, ըստ էության, պահանջում էր սահմանից հեռացնել եվրոպական դիտորդներին։ Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ՝ չի հրապարակվում։

Իլհամ Ալիևն այսօր կրկնել էր ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հասցեին իր մշտական մեղադրանքները և հայտարարել, թե իբր այն ծառայում է որպես Եվրամիության հետախուզական առաքելություն։ «Նրանք գիշեր-ցերեկ կանգնում են մեր սահմաններին, ինչպես լրտեսները, փնտրում են հարմար անցքեր՝ մեզ մոտ անցնելու համար»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

Հ․Գ․ Հայ-ադրբեջանական բանակցությունների ամենաբարդ կետերը խաղաղության պայմանագրից առհասարակ դուրս են մնացել։ 

Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը առանձին է բանակցվում․ Բաքուն Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք է պահանջում և պնդում ռուսական սահմանապահ ծառայության վերահսկողության վրա, Երևանը միջանցքային տարամաբանությունը մերժումը՝ ճանապարհը դիտարկելով որպես տարանցիկ ուղի, որի անվտանգությունը պետք է ապահովի հայկական կողմը։ Ընդհանուր կետի այս հարցում կողմերը առ այսօր էլ չեն հասել։ 

Զուգահեռ ընթանում է նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որի պարամետրերն ուրվագծվել են անցած տարի ընդունված համատեղ հայտարարությունում։