Home / Հայաստան / Երևանն ու Բաքուն ընդհանուր դիրքորոշում չունեն

Երևանն ու Բաքուն ընդհանուր դիրքորոշում չունեն

Խաղաղության պայմանագրում մեկ-երկու հարց է մնում չհամաձայնեցված՝ նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Կողմերը չունեն ընդհանուր դիրքորոշում»։

Չհամաձայնեցված երեք կետերը X-ի իր էջում «գաղտնազերծել է» Իլհամ Ալիևի կառավարության կողմից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևը։ Ըստ նրա՝ դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխության, մյուսը՝ Երևանի կողմից «իրավական և դիվանագիտական վեճերի» բացառման, երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին օտար ուժերի բացակայության մասին է:

Հայաստանի փոխարտգործնախարարը հերքել է՝ Սահմանադրությունը փոխելու պահանջ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա: Ադրբեջանցի պաշտոնյաները անցած ամիսների ընթացքում պարբերաբար վերջնագրեր են ներկայացնում Երևանին՝ պահանջելով Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել հղումը Անկախության հռչակագրին, որը գնահատում են որպես նկրտում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

Մյուս երկու կետերին հայաստանցի պաշտոնյան չի անդրադարձել։

«Քանի որ այս պահին բանակցություններն ընթանում են, ես ճիշտ չեմ համարում ամբողջությամբ բացել, թե ինչի շուրջ են ընթանում քննարկումները, բայց՝ այո, ինչպես նշեցի կան չհամաձայնեցված կետեր և սրանց շուրջ պիտի շարունակվեն քննարկումները», – ասել է Կոստանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Հայաստանի համար ընդունելի՞ է պայմանագրի կնքման դեպքում Եվրամիության դիտորդների դուրսբերումը, փոխարտգործնախարարը պատասխանել է․ «Քանի դեռ մենք ունենք չդելիմիտացված սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, քանի դեռ առկա են խնդիրներ, [Հայաստանը] գտնում է, որ Եվրամիության դիտորդների ներգրավումը Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կարևոր անվտանգային ու կայունության նշանակություն ունի»:

Անդրադառնալով դիվանագիտական վեճերի հետ կապված հարցին՝ նա արձագանքել է․ «Ընդհանուր գործընթացի ու ընդհանուր տրամաբանության մեջ պիտի նայել: Հայաստանի Հանրապետության համար կան նաև այս համաձայնագրից դուրս շատ կարևոր հարցեր, այդ թվում՝ հումանիտար հարցեր, որոնք հասցեագրման կարիք ունեն»:

Սեպտեմբերին խորհրդարանում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ պայմանագիրը բաղկացած է 17 հոդվածներից։ Ի սկզբանե այն 18 հոդված է ունեցել, ապաշրջափակմանը առնչվող ամենավիճահարույց դրույթը հետագայում հանվել է։ 17 հոդվածներից 13-ը (ներառյալ նախաբանը) արդեն համաձայնեցված են, 3-ը՝ համաձայնեցված են մասամբ (ըստ Փաշինյանի՝ «կան նախադասություններ, որոնք համաձայնեցված են, կան նախադասություններ՝ ոչ»), մեկն էլ առհասարակ համաձայնեցված չէ:

Հայաստանի վարչապետը հետագայում առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ ներառելով այնտեղ այն հարցերը, որոնց շուրջ կողմերին արդեն իսկ հաջողվել է համաձայնության հասնել։ Ադրբեջանն այս առաջարկը մերժել է։

Նոյեմբերի 5-ին հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, թե ի տարբերություն «արևմտյան կեղծավոր միջնորդների»՝ Մոսկվան չի դրդում կողմերին «հապճեպ հաղաղության պայմանագիր կնքել», քանի որ համարում է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։

Անցած ամիսների ընթացքում հայտնի է դարձել, որ հաշտության համաձայնագրի նախագծից դուրս են մնացել բանակցային ամենավիճահարույց երկու հարցերը՝ ապաշրջափակման խնդիրը (մասնավորապես, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավին կապող մայրուղին) և սահմանազատման խնդիրը: Այս երկու հարցերի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում մեծամասամբ երկկողմ ձևաչափով, թեև 2020-ի պատերազմից հետո Մոսկվայի միջնորդությամբ պրոֆիլային եռակողմ հանձնաժողովներ էին ձևավորվել։ Այդ հանձնաժողովների աշխատանքը դե ֆակտո սառեցված է։