Այսօր առավոտյան ոստիկանները ձերբակալել են արվեստագետ Կարեն Քյուփելյանին՝ կանխելով նրա ակցիա-միջամտությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին նվիրված երևանյան պաշտոնական միջոցառմանը։
Քյուփելյանը Epress.am-ին պատմել է, որ ինքն ակցիան պլանավորում էր մեկ ամիս, բայց դրա մասին գիտեին մտերիմներից մի քանիսը։ Ոստիկանների հայտնվելը վերջին պահին վկայում է, որ իրեն կամ իր ընկերներին գաղտնալսում են։
«Ես ակնկալում էի, որ ռուսական դելեգացիային դուր չի գա իմ ակցիան, բայց որ Հայաստանի ոստիկանները ինձ նախապես կձերբակալեն և կտանեն 6-րդ վարչություն՝ չէի կարծում», – ասել է նա։
Քյուփելյանը պլանավորում էր Հաղթանակի այգի գնալ երկրորդ համաշխարհայինում հաղթած դաշնային արևմտյան երկրների դրոշներով։ Նրա պաստառներից մեկը Ռուսաստանի և Թուրքիայի դրոշների խառնուրդ է՝ ռուսական եռագույն, վրան կիսալուսին ու աստղ։ Մնացած երեք պաստառների վրա գրված է «Կոտորածից քսան տարի անց՝ մսաղաց», «Օպերացիա Գերթրուդա», «300 հազար երիտասարդ՝ հանուն ինչի՞»:
Քյուփելյանի մեքենան Շենգավիթ թաղամասում շրջապատել էին քաղաքացիական մեքենաներով՝ տնից դուրս գալուց քիչ անց։ Մեքենայում է եղել նաև նրա տղայի ընկերը, որը գալիս էր օգնելու ակցիայի անցկացմանը։
«Ինձ ու երեխային քցեցին առանձին ավտոներ, ձեռքերս ոլորեցին։ Մեկն էլ իմ ավտոն քշեց։ Բերեցին վեցերրորդ վարչություն։ Ասեցին, որ զենք զինամթերք են փնտրում։ Նկարեցին ավտոն։ Չորս ժամ անց բաց թողեցին։ Բայց ասեցին՝ դե պարզ ա, որ էս դրոշները ու պլակատները ստեղից դուրս չեն գալու», – պատմել է Քյուփելյանը։