Home / Օրենքի մարդիկ / Հայ միգրանտի մահվան հետևում մեծ «Ռուսական համայնք» է կանգնած

Հայ միգրանտի մահվան հետևում մեծ «Ռուսական համայնք» է կանգնած

Ռուսաստանում ուլրտաաջերի ռեյդի հետևանքով մահացած հայաստանցուն փորձում են վարկաբեկել։ Նրա հարազատները սպառնալիքներ են ստանում։

Մայիսի 3-ին «Ռուսական համայնք» ուլտրաաջական խմբավորման անդամները ներխուժել են Լենինգրադի մարզի Վսևոլոժսկ քաղաքում գտնվող բնակարաններից մեկը։ Դիմակավորված տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկաններ, ջարդել են դուռը և հարձակվել տանտիրոջ՝ 46-ամյա Եվգենիի վրա, որը թաքնվել էր զուգարանում։ Նրա վրա արցունքաբեր գազ են լցրել, հարվածել են էլեկտրաշոկերով և ծեծել։ Եվգենիի հյուրերը՝ Հայաստանի քաղաքացի 37-ամյա Գոռ Հովակիմյանն ու նրա 24-ամյա ընկերուհին, պատսպարվել են սենյակներից մեկում։ Շրջանառվող վարկածի համաձայն, երբ ազգայնական ակտիվիստները փորձել են ջարդել նաև այդ սենյակի դուռը, ներսում հրդեհ է սկսվել։ Հովակիմյանը ողջ-ողջ այրվել է, նրա ընկերուհին նետվել է 7-րդ հարկից և բազմակի կոտրվածքներով (այդ թվում ողնաշարի) հոսպիտալացվել հիվանդանոց։

Հարձակումը վերապրած տանտերը՝ Եվգենին, պատմել է «Фонтанка»-ին, որ ջարդարարներն իրենց այցը որևէ կերպ չեն պատճառաբանել և հետաքրքրվել են միայն Գոռ Հովակիմյանի գտնվելու վայրով։ 47news-ը լրագրողները «Ռուսական համայնքի» տեղական ստորաբաժանման ալիքներում հրապարակում են գտել՝ արված դեռ տարեսկզբին, որում Գոռի լուսանկարն է՝ կից հայտարարությամբ․ «Տվյալ անձնավորությունը որոնվում է «Ռուսական համայնքի» համակարգողի նկատմամբ հարձակում նախապատրաստելու համար։ Որոնվում են նաև նրա հանցակիցները՝ Հատուկ ռազմական օպերացիայի [ՌԴ այսպես է անվանում Ուկրաինայի դեմ իր լայնածավալ պատերազմը – խմբ․] նախկին մասնակիցները, որոնք վերջերս են դուրս գրվել հոսպիտալներից»։ «Медиазона» գտել է նաև Հովակիմյանի անձնական էջը Вконтакте-ում։ Վերջին հրապարակումը ապրիլի 8-ին է արվել և նվիրված է նույն «Ռուսական համայնքին»։ Հովակիմյանը դրա անդամներին անվանում է «նեղացած նեոնացիստներ», որոնք «դրուժինաներ են կազմում, որ բեսպրեդել անեն»։

Ակնհայտ է, որ հարձակման հետևանքով մահացած հայաստանցու դեմ որս էր հայտարարված։

Բայց «Ռուսական համայնքը» տեղի ունեցածը փորձում է ներկայացնել որպես դժբախտ պատահականություն։ Իրենց ապօրինի ռեյդը ուլտրաազգայնականները մատուցում են որպես թմրանյութերի դեմ պայքար։ Հայտարարվում է, թե բնակարանը, որը հարձակման է ենթարկվել, նարկոպրիտոն էր։ Ու թեև հրդեհված տան տերը չի հերքում, որ թմրանյութ օգտագործող է, որևէ ապացույց չկա, որ նրա տունը ծառայում էր որպես հատուկ հավաքատեղի կամ առավել ևս տարածման կետ։

Ավելին՝ ապօրինի ռեյդի մասնակիցները պնդում են, թե փորձել են հրդեհից փրկել Գոռին և նրա ընկերուհուն։ Բայց հարևանները այլ վկայություններ են տալիս։ Օրինակ, Mush-ի հետ զրույցում Եվգենիի հարևանուհիներից մեկը պատմել է, որ անձամբ է խնդրել դիմակավորված տղամարդկանց, որոնք ինքը համազգեստի պատճառով հատուկ ջոկատայինների տեղ էր դրել, օգնել սենյակից ներսում ողջ-ողջ այրվող մարդկանց, ինչին ի պատասխան նրանցից մեկն ասել է․ «Դա տեղական բարիգ Գոռն է, նրանք խղճալու չկա, թող վառվի»։

Հիմա, երբ տեղի ունեցածը ջրի երես է ելել, «Ռուսական համայնքի» անդամները – նրանք բոլորն առ այսօր էլ ազատության մեջ են – հանգուցյալի դեմ վարկաբեկման արշավ են սկսել․ փորձում են նրան ներկայացնել որպես գործազուրկ թրմամոլ, որն իբրև թե խանգարում էր հարևաններին և այլն։ Լրագրողներին արդեն հաջողվել է նույնականացնել Գոռին, գտնել նրա սոցցանցային էջերն ու տվյալները պետական բազաներում․ հավաքագրված տեղեկությունները հակասում են մարգինալ «գործազուրկ թմրամոլի» կերպարին, որը հիմա փորձում են ձևավորել ուլտրաջական էջերը։

Հայտնի է, որ Գոռ Հովակիմյանն աշխատում էր սեփական հացի փռում։ Սոցցանցերում նրա հրապարակումները մեծամասամբ իր արտադրած հացի գովազդ են կամ անձնական լուսանկարներ՝ մանկահասակ երեխաների, կնոջ և ծնողների հետ։ Հրապարակումներ են հանդիպում նաև ՏԻՄ ընտրություններում КПРФ-ի թեկնածուի քարոզչական պաստառներով և գովասանագիր՝ տեղական բարեգործական հիմնադրամին աջակցելու համար։ Գովասանագիրն, ի դեպ, Գոռի կնոջ անունով գրացված ԱՁ-ին է նվիրված․ նրա հացի փուռը հենց այդ ԱՁ-ով էր աշխատում։

Իրավապահ կառույցների բազաներում Գոռ Հովակիմյանի մասին ընդամենը մեկ հիշատակում է հանդիպում։ Նա իրոք անցել է թմանյութային հոդվածով, բայց՝ 2009 թվականին, երբ 22 տարեկան էր, այլ էլ՝ դեղատնային բուտիրատ ձեռք բերելու համար։ Այս դրվագից բացի հուգուցայլը երբևէ որևէ խնդիր օրենքի հետ չի ունեցել, բերման չի ենթարկվել, քրեական գործերով չի անցել։

Արդեն այսօր՝ մայիսի 7-ին, հաղորդումներ են հայտվել, որ հրդեհից հետո Հովակիմյանի հարազատները սպառնալիքներ են ստանում անհայտ անձանցից։ Ըստ «Фонтанка»-ի, դիմակավորված անհայտ անձինք հետապնդել են Գոռի հարազատներից մեկին և սպառնացել, որ եթե նա կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը շփվի լրագրողների հետ, նրանց հետ սարսափելի բաներ կպատահեն։ Հանգուցյալի հարազատներն այս դեպքի առթիվ արդեն հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին։

Այն մասին, թե ինչպես է տեղի ունեցածը հնարավոր դարձել, ինչ է իրենից ներկայացնում «Ռուսական համայնքը», որքանով են ուռճացված տեղեկությունները, որ աջերին հովանավորում է Ռուսաստանի ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը՝ Epress.am-ը զրուցել է լրագողներից մեկի հետ, որը երկար տարիներ հետաքննում է Ռուսաստանում գործող ուլտրաաջական խմբերի գործունեությունը։ Նրա խնդրանքով հարցազրույցը հրապարակվել է անանուն․