Home / Հայաստան / Էս շաբաթ Իրան մի գնացեք. ռեպորտաժ սահմանից

Էս շաբաթ Իրան մի գնացեք. ռեպորտաժ սահմանից

Իրան-Հայաստան սահմանին մարդկանց կուտակումների մասին լուրերը չափազանցված են։ Տեղացիներն ասում են, որ հոսքը սովորականից շատ չի տարբերվում։ Բեռնատարների խցանումն էլ մեծ է թվում միայն առաջին անգամ անցակետ եկած լրագրողներին, բայց հերթերը, ըստ վարորդների, նորմալ են։

Մուտքի մոտ հավաքված են տաքսիստներ կամ պարզապես մեքենա ունեցող հայաստանցիներ, որոնք լսել են, որ պատերազմից փախնողները շատ են և կարելի է հավելյալ փող աշխատել նրանց Երևան տեղափոխելով։

Անցակետից դուրս են գալիս հիմնականում երկքաղաքացի իրանցիներ, տուրիստներ, պարսկահայեր։ Նրանք, ովքեր Թեհրանից են գալիս, մի ամբողջ օր խցանումների և բենզինի հերթերի մեջ են անցկացրել։

Մեզ Ագարակի անցակետ հասցրած վարորդը ասում էր, որ փախստականների մեծ ալիք իրականում չկա․ «80 միլիոնանոց երկիր է, եթե մի տոկոսն էլ գար, Ագարակը չէր դիմանա։ Գալիս են հարուստները, որոնք շատ վախկոտ են»։

Հայաստան ժամանած մարդկանց մեծ մասը ուղևորվում է այլ երկրներ։ Իրանից թռիչքները չեղարկվել են, դրանց մի մասը տեղափոխվել է Երևան։ Պատերազմում հայտնված տուրիստները բանակցում են տեղացի տաքսիստների հետ, որ Ագարակից գնան ուղիղ Զվարթնոց օդանավակայան։

Գները սկսվում են 300-350 ԱՄՆ դոլարից։ Նախկինում Ագարակ-Երևան տաքսիներում մեկ տեղի համար 10 հազար դրամ էին ուզում։

Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդեասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ երեկ հանդիպել է տաքսիստներին և խնդրել ըմբռնումով մոտենալ իրավիճակին, չբարձրացնել գները։ Հորդորից բացի՝ ավելին անել նա չի կարող․ «Մասնավոր ոլորտ է»։

Մեղրիի և մոտակա համայնքների հյուրանոցներում ազատ տեղեր արդեն չկան։ Հյուրատների տերերը հրաժարվում են լրագրողների հետ խոսելուց և առաջարկում հարցազրույցներ վերցնել միայն պաշտոնյաներից։ Ինստիտուցիոնալ նախապատրաստություններ այստեղ չեն արվում, փախստականների հնարավոր հոսքին Ագարակն ու Մեղրին պատրաստ չեն, տեղի համայնքապետարանները հույս ունեն, որ բանը դրան չի հասնի։

Իրանից եկած մի ընտանիք Epress.am-ին պատմել է, որ որոշել են երկրից հեռանալ Հայաստանով, քանի որ Թուրքիայի անցակետերում հիմա մեծ հերթեր են։ «Առաջին անգամ ենք այստեղ։ Շատ փոքր անցակետ է ու անհարմար։ Մի ժամ պահել են մեզ, որովհետև չունեին երեխայի անվասայլակը ստուգելու սարք», – ասել է դուրս եկողներից մեկը, ով Գերմանիայի իրանական սփույռքից է։ Մեկ այլ ընտանիք պատմել է՝ նախօրոք տոմսեր էին առել, որ գնան Եվրոպա։ Չվերթները չեղարկել են և տեղափոխել Զվարթնոց․ «Իրանցիները չեն շտապում փախչել իրենց երկրից»։

Մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը չէր ուզում խոսել պատերազմից, լուսանկարվել, տեսաձայնագրվել։ Նրանցից մեկն ուղղակի խորհուրդ տվեց այս պահին չգնալ Իրան․ «Գուցե մի շաբաթից, բայց էս պահին մի գնացեք Թեհրան»։

Մեղրիի սրճարաններից մեկում ծանոթացանք պարսկահայ մի ընտանիքի հետ։ Նրանք պատմում էին, որ մայրաքաղաքից մարդիկ սկսել են հեռանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։ Թրամփը երեկ հորդորել է էվակուացվել Թեհրանից և ակնարկել, որ Միացյալ Նահանգները, որը հովանավորում է Իսրայելի ռազմական ագրեսիան, կարող է ուղիղ ներգրավվել պատերազմին․

«Մենք բարձրահարկ շենքում ենք ապրում, էս պահին երևի մի երեք տուն կա, որոնց բնակիչները չեն հեռացել։ Մեծ մասը գնացել են ամառանոցներ, խաղաղ տեղեր՝ Թեհրանից ոչ հեռու։ Մենք Երևանում տուն ունենք, մեզ հեշտ է, հաճախ ենք գալիս Հայաստան։ Փողոցները Թեհրանում հիմա դատարակ են, խանութները մի քանի ժամ են աշխատում», – պատմել է մեր զրուցակիցը։

Սրճարանում մի քանի իրանցի էլ կար։ Նրանք ասեցին, որ եկել են Ջուլֆայից, որտեղ ամեն ինչ խաղաղ է. «Մենք եկել ենք մեր մեղրեցի ընկերոջը հյուր։ Պատերազմից չենք վախենում։ Որ Թեհրանում լինեինք, կկռվեինք»։

Պատերազմից չեն վախենում նաև Ագարակի անցակետում մեզ հանդիպած մեղրեցիները, որոնք սովորականի պես գնում են մոտակա իրանական բնակավայրեր՝ առևտուր անելու։ Տեղացիները զուտ անհանգստանում են, որ Պարսկաստանի խանութները շուտով կդատարկվեն, և իրենք կզրկվեն էժան ապրանքներից։