հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մշակույթ / Երևանյան մզկիթը պաշտոնապես սգում էր, Իրանի մեծ մասը՝ ոչ

Երևանյան մզկիթը պաշտոնապես սգում էր, Իրանի մեծ մասը՝ ոչ

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում այսօր հոգեհանգստի արարողություն էր։ Իրանի դեսպանատան աշխատակիցները, հայաստանցի իրանագետները, իրանական համայնքի ներկայացուցիչները եկել էին հիշատակի տուրք մատուցելու նահատակներին՝ Իսլամական Հանրապետության արդեն նախկին նախագահ Իբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Խոսեյն Ամիր Աբդոլահիանին։

Ռայիսին և նրան ուղեկցող պատվիրակության անդամները մահացել են մայիսի 19-ին՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից վերադառնալիս։ Նրանց տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։ Իսլամական Հանրապետությունում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Երևանյան մզկիթում մթնոլորտը պաշտոնական էր, տեքստերը՝ մեծամասամբ ֆարսիով։ Հայերենով ելույթ ունեցան համալսարանական իրանագետները։ Խոսվում էր հիմնականում հայ-իրականական եղբայրության և համատեղ վշտի մասին։ ԶԼՄ-ներ չկային։ Ռուսական ՄԻՐ հեռուստաընկերության օպերատորն եկավ ու կարճ ժամանակ անց հեռացավ։ Մնացածներին երիտասարդ մատուցողները թեյ և քաղցրավենիք էին հյուրասիրում։

մեկնաբանություններ Իրանում ապրող և ապրած մարդկանցից

Ն․, մոտ 30 տարեկան

— Իրանում բոլորն ուրախացել են, որ հանգստյան օրեր են։ 

2022-ի ապստամբությունը վաղուց մարել ա, ապրիլից խստացումներ են սկսվել։ Բարոյականության ոստիկանությունը շրջում ա քաղաքով։ Ռայիսին լիքը մարդու գնդակահարության հրաման ա տվել՝ 80-ականներին, իրա վզին հազարավոր մահեր կան։ Իրանում մի հատ ասացվածք կա, իմաստը էն ա, որ երբ դու էդքան քաք ես ուտում, չես էլ կարա մարդավարի մեռնես։ Հատուցման զգացողություն ա սա։

Պարզ ա՝ ոչ ոք չի կարա դուրս գա, փողոցում տոնակատարություն անի։ Էտ օրը, որ իմացանք, պարսիկ ընկերներս ասեցին՝ եկեք գնանք նշելու։ Պարսկաստանում դա նորմ ա։ Միակ լավ բանը՝ որ իրա մահնելուց հետո ոչ աշխատանքային օրեր հայտարարվեցին։ Մարդիկ գնում են քաղաքից դուրս, հանգստանում են։ 

Մեծամասնությունը մտածում ա, որ սա դժբախտ պատահար էր։ Փնթի ու անփույթ են։ Մի խոսքով՝ էշ-էշ դեպք ա եղել։ Երկրորդ վերսիան էն ա, որ հոգևոր առաջնորդ Խամենեի հետ մի բան չեն կիսել, գլուխները կերել ա։ Այսինքն՝ պալատական ներքին գզվռտոց։ Երրորդ վերսիան Իսրայելն ա, բայց դա ավելի շատ արտաքին մամուլում ա շրջանառվում։ Ներսում դրան ոչ ոք առանձնապես չի հավատում։

Փոփոխության ոչ մի հույս չկա։ Վերջերս որոշել են, որ հայտնի ռեփեր Թումաջա Սալեհիին են կախելու։ Խոսակցություններ կան, որ եթե էտ մահապատիժն էլ լինի, նորից բունտ ա սկսվելու։ Դեռ չեն կախել։ Էս դեպքի հետ կապված ոչ ոք դրական փոփոխությունների հույս չունի։ Ընտրությունը համարի՝ ոչ մի բան ա։

Պարսկաստանում դիկտատուրա ա։ Մի քանի օր առաջ մեռան դիկտատորներից մի քանիսը։ Եթե բան չարվի, կգան նորերը։ Էդքան բան։

Պ․, մոտ 50 տարեկան

— Ռայիսին իսլամական ռեժիմի հայտնի դահիճներից էր։ Հնարավոր չէ միաժամանակ սգալ կախաղան հանված կանանց ու նրանց կախաղան հանողների համար։ Լիքը մարդու գլուխ են կերել։ Դիկտատուրայի տակ ապրող ժողովուրդները երազանք ունեն՝ մի օր արթնանանք ու իմանանք, որ իրանք անհետացել են։ Ռայիսիի մահը անհատականացված չէ։ Մենք ուղղակի ֆիքսում ենք բռնապետի անհետացումը։ Բոլորը գիտեն՝ նա այաթոլլա Խամենեի զինվորներից էր։ Ռեժիմի ներքին կամ արտաքին քաղաքականությունը նրա անհետացումից չի փոխվի։

Կ․, մոտ 40 տարեկան

— Խամենեին 85 տարեկան է։ Նրան փոխարինելու համար Ռայիսին հարմար տարբերակ էր։ Երկրորդ թեկնածուն Խամենեի որդի Մոջտաբան է։ Եթե նա իրոք Հոգևոր առաջնորդ դառնա, Իրանում ժողովրդական ցնցումներ կարող են սկսվել։ Մոջտաբան ոչ խարիզմա ունի, ոչ լեգիտիմություն, ոչ էլ հասարակական լուրջ հենարան։ Նա ամբողջությամբ հենվելու է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա։ Կամ ռազմական ռեժիմ կլինի, կամ հեղափոխություն։