«Գյուղատնտեսություն չեմ սիրում։ Ցանի, ջրի, խնամի, սպասի, որ մի բան աճի։ Իմը բնությունն ա։ Պատրաստի աճած ա: Գնա, ման արի, մի բան գտի, հավաքի, արի տուն»։
«Ես տռուդագոլիկ եմ։ Ալկագոլիկը որ կա է, այ դրա տռուդագոլիկը»։
Անահիտն արդեն երկար տարիներ հավաքչությամբ է զբաղվում։ Պատմում է, որ Շամշադինը աղքատ շրջան է, առևտրով տուն չես պահի։ Փորձել է հագուստի խանութ բացել, կով պահել, կաթնամթերք վաճառել, ինչ-որ բաներ թխել ու հանձնել խանութներին։ Չի ստացվել։ Ամենաձեռնտու տարբերակը հանդվորությունն է. «Տակ տալ չկա, հարկայինի հետ գործ չունես, դու՝ քո գլուխը»։
Պատմում է, որ հավաքչությամբ զբաղվել սովորել է մի վանաձորցի կնոջից. «Մեր հանդի նահապետն էր, Թամար էր անունը։ Բոլորիս սովորեցրեց բույսերը ճանաչել»։
Առաջ Բերդ քաղաքում ձեռնոցի գործարան կար՝ Տաշիր Տեքստիլ։ Այնտեղ մոտ 300 մարդ էր աշխատում։ Փակվելու պատճառների մասին հիմա տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ասում են, որ գործարանը վերանորոգում են, կարծիքներ կան, որ այն չի գործում ռուբլու կուրսի անկման պատճառով։ Շատերը վստահ են, որ ձեռնոցի գործարանն այլևս չի վերաբացվելու։ Աշխատանքային պայմանները Տաշիր Տեքստիլում տիպային էին. աշխատում էին օրական 12 ժամ՝ 20-30 րոպե ընդմիջումով, գիշերային հերթափոխը հավելյալ չէր վարձատրվում, աշխատավարձն ամսական մոտ 80 հազար դրամ էր։ Բայց մարդիկ համաձայնում էին նույնիսկ այս պայմաններին. բարդ է դժգոհել, երբ միակ այլընտրանքը գործազրկությունն է։
Փակվելուց հետո բանվորների մեծ մասն անցել է հանդվորության։ Շամշադինում հողը լավը չէ, խոնավություն չի պահում, անվերջ ջրել է պետք։
Գյուղատնտեսությամբ զբաղվելը բարդ է, բայց անտառները լիքն են։ Տարվա բոլոր եղանակներին հավաքելու բան կա։ 80-ականներին անտառտնտեսությունը 3000 ընկուզենի է տնկել. հանրային սեփականություն է, ով ուզի կարող է օգտվել։ Ձմռանը փիփերթ են քաղում, եղինջ։ Հետո գալիս է սինդրիկը, հետո՝ շուշանը։ «Իրար կպած սեզոնները գալիս են։ Հիմա պոպոքի ու մորու սեզոնն է։ Հետո վայրի մալինան կգա. մի քիչ մանրոտ է, բայց շատ համով։ Հետո հապալասը, մոշը, պնդուկը, վայրի տանձն ու խնձորը՝ օղի քաշելու համար։ Հետո զկեռը, մասուրը, հոնը»։
Տարիներ առաջ Անահիտն իմացել է, որ իրենց Մրղուզ սարում մլմլա կա՝ հապալաս։ Քրոջ հետ գնացել են փնտրելու։ Առաջին թուփը Անահիտն է գտել։ Տեղը սովորել են, սկսել են հավաքել։ Ուղարկել են լաբորատորիա, հաստատվել է, որ դա վայրի հապալաս է։ Քանի որ հանդի բաներից ամենաթանկը հապալասն է, սկսել են դրա վրա կենտրոնանալ։ «Ես դրանից համն էլ չեմ զգում առանձնապես, չեմ սիրում, բալետ չեմ անում։ Զուտ որ գիտեմ օգտակար ա՝ ուտում եմ»։
Անահիտը հանդվորությամբ չորս երեխա է մեծացրել, երեքին բարձրագույն կրթության է տվել՝ «զուտ բնությունով»։ Պատմում է, որ առաջ Բերդում ապրելն ավելի հեշտ էր. 1 օր կարող էիր գնալ, բան-ման բերել, հետո 2-3 օր հանգստանալ։ Հիմա բավարար փող աշխատելու համար 5-6 օր պետք է գնաս հանդ։ Իշխանություններից դժգոհ է հիմնականում հարկային քաղաքականության պատճառով․ մանր ու միջին բիզնեսը չի դիմանում, գները գնալով թանկանում են, մարդիկ ստիպված են լինում մի քանի տեղ աշխատել։
Անահիտի հայրն ու պապը արհեստավոր էին։ Հաճախ աշխատում էին ադրբեջանցիների հետ։ Երևանից եկող իկարուս ավտոբուսներն անցնում էին Թովուզ կայարանով։ Շամշադինցիները գնում էին ադրբեջանական շուկաներից էժան մթերք, շինանյութ, հումք բերելու։ Անկախությունից հետո ճամփեքը փակվեցին, արդյունաբերությունը կանգնեց, Շամշադինը դարձավ բերդ։
Նիկոլ Փաշինյանի՝ «գործ չկա, սինդրիկ հավաքեք» հայտնի արտահայտությունը Բերդում շատերն են կրկնում։ Տեղացիների համար աշխատանքային հնարավորությունները սահմանափակ են։ Հիմնական գործատուն պաշտպանության նախարարությունն է․ տղամարդիկ պայմանագրային զինծառայող են դառնում, կանայք սպասարկում են զորամասը՝ խոհարար, մաքրուհի, խանութպան, վարչական աշխատող։
Շատերը պտղատու այգիներ ունեն, բայց մթերումն էլ հեշտ չի։ Բերդը մեկուսացած է մնացած Հայաստանից, մթերողներին ձեռք չի տալիս այդքան հեռու տեղեր գալ։ Ով որտեղ էլ աշխատի, զուգահեռ նաև հանդեր է գնում։ Վարչապետի հայտնի արտահայտությունը մարդիկ մեջբերում են «ծուլություն» անողներին նախատելու համար, թեև բոլորը գիտեն՝ «սինդրիկ հավաքելով» մեկուսացած շրջանը տնտեսական առաջընթաց չի գրանցի, և երազում են մսխված արդյունաբերության վերականգնման, տնտեսական կապերի վերագործարկման մասին։
Անահիտի հետ գնացինք մորի հավաքելու։ Մոտակայքում կենդանի արածացնողներից նախապես իմացավ՝ ինչն է հասած, ինչը չէ։ Նախորդ տարիների փորձից տեղերն անգիր հիշում էր։ Հասանք մորու թփերին, ցույց տվեց՝ ոնց առանց վնասելու հավաքել հասածները, ոնց դույլը կախել, որ ձեռքերդ ազատ մնան և այլն։ Պերերիվի համար տնական հաց ու պանիր էր վերցրել։
«Ես սա աշխատանք չեմ համարում, ես համարում եմ սա հաճույք։ Բնության մեջ… երկուսը մեկում։ Դրա համար ես ոչ մի տեղ ոչ կուզեմ տուրիստ գնամ, ոչ ման գամ, ոչ աշխարհ տենամ։ Իմ էդ ցանկությունը լրիվ բնության բանով բավարարված ա։ Իմ աղջիկն ասում ա «քեզ տանեմ Ֆրանսիա, քեզ տանեմ տեղեր»։ Հետաքրքիր չի ընդհանրապես։ Մենակ Երուսաղեմ կուզեի գնամ, էն էլ կռիվ ա էդ կողմերը, կվախենամ։ Երուսաղեմ, Նազարեթ… Հիսուսի տեղերը։ Ուրիշ բան ինձ հետաքրքիր չի։ Մեկ էլ Եգիպտոս կարողա, բուրգերը տեսնեմ»։
Քնելուց առաջ Անահիտը միշտ լուրեր ու երաժշտություն է լսում՝ «իմ ժամանակների երգեր. Սմոքի, Քրիս Նորման, Ջո Կոկեր, Շառլ Ազնավուրի համար գժվում եմ, Դեմիս Ռուսոս մեկ-մեկ, Աբբա»։
Մարուսյա Սեփխանյան
Անի Թադևոսյան