Home / Հայաստան / Ատելության մթնոլորտ է․ սպառնալիքներ+հարձակում լրագրողի վրա=նկատողություն

Ատելության մթնոլորտ է․ սպառնալիքներ+հարձակում լրագրողի վրա=նկատողություն

Լրագրող, Երևանի նախկին քաղաքապետի նախկին մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառումից հետո սպառնալիքներ է ստացել քաղաքապետարանի պաշտոնյայից, այնուհետև՝ հարձակման ենթարկվել դիմակավորված անհայտ անձի կողմից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը միջադեպին արձագանքել է հարձակումից միայն երկու օր անց․ լրագրողին հայհոյած և սպառնացած պաշտոնյային «խիստ նկատողություն» են տվել և ուղարկել արձակուրդ, նրա կապը հարձակման հետ հետաքննվում է։

«Վերջերս Երևանի քաղաքապետարանի տեսուչները ավտոբուսում տուգանել էին մի կնոջ, որը, պարզվեց, վճարել էր իր ուղեվարձը։ Դրա մասին ռեպորտաժը տեսնելուց հետո ես գրառում էի արել՝ հայտնելով կարծիքս կատարվածի մասին ու նշելով, մասնավորապես, որ «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է. կյանքդ դարձնում են ամենօրյա պայքար կաստում-շլվարավոր տգետների արտադրած թյուրիմացության դեմ»», – Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր Կարապետյանը։

Գրառումից հետո նույն սոցցանցի միջոցով իր հետ կապի է դուրս եկել քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, վիրավորել և հայհոյել իրեն։ Բաբայանը հետագայում հայտարարել է, թե լրագրողին չի ճանաչում և երբևէ չի շփվել նրա հետ։ Կարապետյանը սա շատ թույլ պաշտպանություն է համարում, որովհետև իրենց խոսակցությունները փաստագրված են և բոլոր տվյալներն իրավապահների տրամադրության տակ են։

«Ես, իհարկե, նրան հասկանալի և հասանելի լեզվով փորձում եմ բացատրել, որ չարժե անծանոթ մարդկանց հետ նման տոնայնությամբ շփվել, ինչից հետո սա ձայնային հաղորդագրություններով ու լատինատառ տեքստերով սկսում է սպառնալ ինձ ու էլ ավելի կեղտոտ հայհոյանքներ տեղալ՝ հիշատակելով ընտանիքիս անդամներին, ընկերներիս, մասնագիտությունս, ներկա ու նախկին գործընկերներիս, այդ թվում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Չեմ հասցնում պատասխանել, տեսնում եմ՝ անմիջապես բլոկել է ինձ։ <․․․> Նույն երեկոյան զանգում եմ քաղաքապետարանի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից մեկի ուղղակի պարտականությունն է անձնակազմին առնչվող հարցերի համակարգումը։ Պատմում եմ կատարվածի մասին ու հույս եմ հայտնում, որ համապատասխան ընթացք կտան նրա վարքագծի վերաբերյալ։

Երկու օր անց, քաղաքապետարանից որևէ արձագանք չստանալով, ինքս եմ փնտրում, բաց աղբյուրներից գտնում եմ Բաբայանի աշխատանքային կոնտակտները, գործավարին փոխանցում եմ հեռախոսս ու խնդրում եմ հետ զանգել։ Ժամեր անց Բաբայանը զանգում է, կրկին սկսում է սպառնալիքներ տեղալ («տեղդ ասա, գամ ոտերդ ջարդեմ» և այլն)։ Կրկին, նրան հասանելի արտահայտչաձևերով փորձում եմ հասկացնել, որ նա պաշտոնյա է ու ավելի լավ կլինի զբաղվի իր պարտականություններով։ Այսքանով համարում եմ միջադեպը սպառված», – պատմել է Հակոբ Կարապետյանը։

Այս իրադարձություններից երկու շաբաթ անց լրագրողը՝ աշխատավայրից դուրս գալու պահին, հարձակման է ենթարկվել դիմակավորված անձի կողմից, ով «առանց բառ ասելու սկսել է հարվածներ հասցնել» նրան։

Լրագրողի դեմ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված, նրա ինքնությունն իրավապահներն առայժմ չեն բացահայտում:

Ըստ Կարապետյանի՝ ինքը հենց միջադեպի օրն էր հաղորդում տվել, հարցաքննվել, նույն օրը քրեական վարույթ էր հարուցվել։ «Այս պահին իրավապահների գործողություններից դժգոհելու որևէ հիմք չունեմ, – պատմել է նա Civilnet-ին տված հարցազրույցում, – հուսով եմ՝ քաղաքական ճնշումներ չեն լինի կամ քաղաքական ճնշումներ լինելու դեպքում իրավապահները չեն տրվի դրանց»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կարապետյանի դեմ բռնության մասին ահազանգից գրեթե երկու օր անց խիստ նկատողություն է տվել և արձակուրդի ուղարկել Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանին։

«Այս լուրը ընդունելով ի գիտություն, արձանագրենք, որ այս կիսատ-պռատ որոշումը անհուսորեն ուշացած է։ Եթե Ավինյանը պատշաճ քայլեր ձեռնարկեր իր ենթակայի սանձարձակ վարքի համար առաջին իսկ օրը, շատ հնարավոր է, որ իմ դեմ հարձակումը տեղի չունենար։ Բացի դրանից, հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպիսին կլիներ Ավինյանի արձագանքը, եթե չլիներ էն հսկայական հանրային արձագանքը, որ եղավ այս օրերին», – ասել է լրագրողը։ Նա վստահ է, որ իր հետ կատարվածը տեղի է ունեցել «իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ»։

Համանման դեպք էր գրանցվել ապրիլին, երբ Նոր Նորքի թաղապետարանում հրավիրված հանրային քննարկումից առաջ ծեծկռտուք էր տեղի ունեցել ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանի, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի, նրա թիմակիցների և թաղապետարանի աշխատակիցների միջև: Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը դրանից օրեր առաջ համատեղ տեսանյութ էին հրապարակել Նոր Նորքի նոր վերանորոգված թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով կատարված անորակ աշխատանքները։ Այնուհետև Չախոյանը գրառում էր արել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգել է իրեն ու Մանուկյանին, սպառնացել ու հայհոյել։ Հաջորդ օրը թաղապետարանի շենքում Չախոյանն ու Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել՝ հրապարակելով հեռախոսազանգի ձայնագրությունը, որտեղ նախ թաղապետն է հայհոյում, ապա փոխադարձ հայհոյանքներ են հնչում։ Ակցիայի կազմակերպիչները յոգուրտ էին լցրել թաղապետի լուսանկարների վրա, որոնք իրենց հետ էին տարել: Ակցիան ներկայացվել էր որպես հեռախոսազանգերում հնչած հայհոյանքների իլյուստրացիա։ Սրանից հետո թաղապետը և նրա թիմակիցները՝ տեսախցիկների առաջ, ծեծի էին ենթարկել ակտիվիստին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Մեղադրանք է առաջադրվել նաև թաղապետին։

«Անպատժելիության մթնոլորտն է, որ ստեղծում է բռնության նոր դեպքեր, – հայտարարել է Հակոբ Կարապետյանը։ – Բացի դրանից, ընդհանուր առմամբ ատելության խոսքի դոզայի բարձրացումը հանրային խոսքում և սա չի վերաբերվում միայն իշխանությանը, բայց հատկապես իշխանությանը․․․ Եվ ընդդիմադիր հանրային, քաղաքական գործիչների կամ բլոգերների խոսքում է ատելությունը, հայհոյանքը։ Իսկ անընդհատ գեներացվող ատելության խոսքը ի վերջո նյութականանում է ֆիզիկական բռնության տեսքով»։

Օրերս էլ ՀՀ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակցուհին էլ հայտնել էր, որ սեպտեմբերի 14-ին ամուսնուն առևանգել են, տարել Լուսակերտ և մի ամայի տարածքում դաժանաբար ծեծել՝ ասելով, որ ամուսնու հետ հաշվեհարդար են տեսել իր նախկին ղեկավարի՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի հրահանգով։