Մոտ 17 հազար մարդ է Հայաստանում դարձել օնլայն խարդախությունների զոհ։ Քրեական գործեր շատ կան, բայց տուժածներից ոչ ոքի կորցրած փողերը չեն վերադարձրել։ Սխեմաները անընդհատ փոխվում են։
Մի շրջան թալանում էին օնլայն վարկերի միջոցով։ Սև շուկա արտահոսած տվյալներից կամ բանկային հավելվածների միջոցով (օրինակ, ԻնեկոԸնկեր) զեղծարարները իմանում էին բանկի հաճախորդի անուն-ազգանուն-հեռախոսահամարը, զանգում և ներկայանում էին որպես բանկի աշխատող, հավելյալ տվայլներ էին խնդրում և ձևակերպում առցանց վարկեր, որոնց մասին «վարկառուներն» իմանում էին միայն պոստֆակտում։ Տուժողները մեղադրում էին բանկերին, որ չեն պաշտպանել իրենց անձնական տվյալները և վարկավորման չերաշխավորված ընթացակարգ են ներդրել։ Ոստիկանության անարդյունավետության մեջ նաև դիտավորություն են տեսնում։ Քանի որ աղմուկ բարձրացավ, բանկերը մի փոքր խստացրեցին առցանց համակարգերը։ Պետությունը որոշեց, որ քննության ընթացքում զոհերը չեն վճարի տոկոսներ։
Հիմա դաշտը ավելի է ճյուղավորվել։ Հեռախոսային մեքենայություններին գումարվել է մաքուր օնլայնը։ Միամիտ օգտատերերին թալանում են կեղծ խաղարկությունների, ֆիշինգի միջոցով, ավելի ամբիցիոզներին՝ ներդրումային հարթակներով, որոնք ավանդները բազմապատկելու հեշտ ճանապարհ են առաջարկում նրանց, ովքեր որոշակի գումար ունեն և ձգտում են այն շրջանառել։
Նոյեմբերի 19-ին օնլայն մախինացիաներից տուժած 30-40 մարդիկ հավաքվել էին Գլխավոր դատախազության մոտ՝ հանցագործության մասին խմբային հաղորդում ներկայացնելու։ Մեծ մասը ոստիկանություն և ԱԱԾ է դիմել վաղուց․ «Ծաղրում են մեզ, որ միամիտ ենք, ուրիշ ոչ մի բան չեն անում»։ Շատերը արդեն վստահ են, որ օնլայն թալանը հովանավորվում է վերևից, և ուժային կառույցները շահագրգռված չեն կազմակերպված հանցավորության դեմն առնելու:
«Տարեսկզբին Քննչական կեմիտեում որոշեցին ազատվել Կիբերհանցագործությունների քննության կոմպետենտ վարչության բոլոր ծառայողներից։ Առաջին հերթին` այդ ինտերնետ-խարդախությունների դեմ արդյունավետ պայքարող քննիչներից։ Իսկ դա, իր հերթին, տեղի ունեցավ այն բանից հետո, երբ քննիչները սկսեցին բացահայտել ինտերնետ-խարդախությունների կենտրոնների կապերը որոշ ազդեցիկ անձանց հետ», — գրել է Դանիել Իոաննիսյանը, որը հաճախ ներկայանում է որպես ոստիկանաքննչական համակարգի ինսայդեր։ Նրա ղեկավարած ՀԿ-ն մասնակցում էր քրեաիրավական բարեփոխումների մշակմանը։
Գլխավոր դատախազության մոտ հավաքվածները հիմնականում նույն բանն էին ասում։ Ոչ մեկ տեսախցիկի առաջ խոսել չէր ուզում՝ բացի Ռիտա Հովհաննիսյանից և Հասմիկ Գրիգորյանից։
Հովհաննիսյանը թոշակառու է, ամուսինը մահացել է, երեխաներ չունի։ Երկու տարի առաջ որոշել է մասնակցել «Գազպրոմի խաղարկությանը»։ Խաբել են, 1300 դոլար են գողացել։ Փորձել է վերադարձնել գողացված գումարը, բայց ներքաշվել է նոր մախինացիայի մեջ։ Հովհաննիսյանի հետ կապվել է ինչ-որ «փատաբանական ֆիրմա»։ Խոստացել են օգնել։ «Պարկեշտ մարդիկ էին թվում», «վստահ էին խոսում», «համոզիչ էին հնչում»։ Ռիտա Սերգեևնան նրանց վճարել է, հետո էլի է վճարել, վերջում հասանելություն է տվել իր բանկային հաշիվներին, որոնք լրիվ թալանվել են։ Պատմությունը կրկնվել է նորից, երբ նրան գրել են նոր «փաստաբաններ» և առաջարկել օգնություն։ Հովհաննիսյանը մինչև հիմա չի կորցրել հույսը, որ կվերադարձնի միլիոնավոր դրամները․ վերջերս նրան ֆրանսիացիներ են դիմել, որոնք խոստացել են Ուզբեկստանի միջոցով վերադարձնել գողացված դոլարները։ Ռիտա Սերգեևնան արդեն վաճառել է իր մեքենան, ավտոտնակը և ոսկեղենը, հետևաբար նոր ֆրանսիացիներին վճարելու բան էլ չունի։ Հույսը արդեն Հայաստանի իրավապահ մարմինների վրա է, որոնք երկու տարվա ընթացքում ոչ մի բան չեն ձեռնարկել նրան խաբած օտարերկրացիներին և հայաստանցիներին բացահայտելու համար։
Հասմիկ Գևոգյանը խաղարկությունների չի մասնակցել, բայց փորձել է ցածր տոկոսադրույքով վարկ վերցնել օնլայն «ընկերությունից»։ Գևորգյանը վարկեր ունի Հայաստանի բանկերում, նրան 0․3 տոկոսով նոր վարկ են առաջարկել արտասահմանից, տրամաբանական էր թվում, որ պետք է համաձայնվել․ «Կվերցնեի, կփակեի ստեղի վարկերը, տակը օգուտ կմնար»։ Վարկավորողները կամաց-կամաց սկսել են գումար ուզել՝ մեկ որպես երաշխիք, մեկ որպես ապահովագրություն, մեկ որպես պետական տուրք։ Անընդհատ թղթեր են ուղարկել, որ «ստորագրի, նկարի»՝ տարբեր պայմանագրեր օտար լեզուներով։ Հասմիկը 8 միլիոն դրամ վարկ ստանալու համար 2․5 միլիոն դրամ է վճարել։ Վարկը փոխանցելուց առաջ նրա հետ բանակցող օգտատերերն անհետացել են․ «Ֆեյսբուքները ջնջեցին»։ Գևորգյանը չէր վստահի անծանոթներին, եթե չլինեին ծանոթները։ «Կիրովականցի մի աղջիկ» ասել է իրենց, որ «նույն ընկերությունից 20 միլիոն դրամի վարկ է վերցրել», որ առաջարկը արդար է և հաստատ աշխատող։ ԱԱԾ-ն մոտ մեկ տարի անց գտել է այդ աղջկան։ Ըստ Հասմիկի, նա հերքել է, որ նման բան է արել կամ երբևիցե ասել։
Բայց սրանք պարզ զեղծարարությունների դեպքեր են։ Հիմա ավելի բարդ համակարգեր էլ են հայտնվել՝ ներդրումային հարթակներ, կրիպտոհավելվածներ և այլն։ Ժամանակ է պետք, որ հասկանաս՝ ֆինանսական բուրգ է, թե ինվեստիցիոն հնարավորություն։
Վերջերս ՆԳՆ-ն զգուշացում էր տարածել՝ մի վստահեք HelloBit հարթակին, որից Հայաստանում հարյուրավոր մարդիկ արդեն տուժել են։ HelloBit-ը ներկայանում է որպես վստահելի առևտրային պլատֆորմ, որը բարձր եկամտաբերությամբ գործարքներ է առաջարկում սկսնակ ներդրողներին։ Բորսայի իմիտացիա՝ գումար ես ներդնում, ինչ-որ գործողություններ անում, բարձր կամ ցածր եկամուտ ստանում։ Թվում է լուրջ, որովհետև պահանջում է ամենօրյա աշխատանք։ Տուժում են հիմնականում նրանք, ովքեր խնայողություններ ունեն և հավատում են, որ փողը չի կարելի ուղղակի պահել, և կապիտալը պետք է միշտ շրջանառվի։
Հարթակը արագ դարձել է բուրգ։ Իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանի խոսքով՝ սկզբանական շրջանում ներդրումները ապահովել են եկամուտ, որը ստացվել է կանխիկացնել։ Սա բերել է վստահություն և ոգևորություն։ HelloBit-ը շահավետ գործարքներ կնքած հաճախորդներին բոնուսներ է առաջարկել ծանոթներին հարթակ ներքաշելու դիմաց․ մարդիկ սկսել են համոզել ընկերներին, ընտանիքի անդամներին և բարեկամներին, որ նրանք էլ գրանցվեն և արագ հարստանան։ Մարդ կա՝ պարտքով փող է վերցրել, որ ներդրում անի։
Հետո ամեն ինչ ավարտվել է։ HelloBit-ը եզակի երևույթ չէ՝ սովորական ֆինանսական բուրգ։ Այսպիսի պլատֆորմների տարածումը միայն աճում է։
«Հիշե՛ք, նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»։ Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը», — գրել է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը՝ հորդորելով խուսափել այսպիսի կայքերից: Տուժողներին առաջարկել են դիմել ոստիկանության տարածքային բաժիններ։
ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից հետո էլ HelloBit-ի աշխատանքը շարունակվում է․ կայքը հասանելի է, նոր մարդիկ են գրանցվում, տուժողների թիվը աճում է։
Կարագյոզյանը պահանջում է արգելափակել նման հարթակները։ Բայց Հայաստանում ինտերնետի ազատությունը սահմանափակումներ չունի։ Թեպետ շատերը հիշում են, որ պատերազմի օրերին կայքեր էին կամայականորեն փակվում և բացվում, Կառավարության ուժային թևը օնլայն գրաքննության իրավասություն չունի, օրենսդրական բազա չկա։ Նոյեմբերի 19-ի ակցիայի պես միջոցառումները երևի կբերեն այդ բազայի ձևավորմանը՝ ռիսկերով հանդերձ։
Epress.am Լուրեր Հայաստանից