Օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ներքին կարգով ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին «կուլակաթափ» անելու գործընթաց է սկսել:
Բանն այն է, որ ՄԿ նախկին նախագահի պաշտոնանկությունից հետո պարզվել է, որ Ավետիսյանն իր պաշտոնավարման տարիներին խաբել է բարձրագույն ղեկավարությանը և «վերխերը» պակաս է վճարել: Այս հանգամանքը ի հայտ է եկել Ավետիսյանների տան վրա 2008-ի հոկտեմբերի 27-ի կեսգիշերի սահմաններում տեղի ունեցած ավազակային հարձակումից հետո: ՄԿ նախկին նախագահի տնից տարված գողոնում եղել են Շվեյցարական բանկերի գրքույկներ, որոնցից մեկը հասել է Սերժ Սարգսյանին: Արմեն Ավետիսյանի անունով այդ գրքույկում արձանագրված է եղել 55 միլիոն եվրո շվեյցարական բանկում: Դրանից հետո Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՀՀ իրավապահներին հանձնարարել է Արմեն Ավետիսյանի դեմ նյութեր նախապատրաստել, որոնց հիման վրա, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի քրեական գործ հարուցել: Արդյունքում, ՀՀ իրավապահները, մասնավորապես` ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները սկսել են ներքին կարգով վեր հանել նախկինում Արմեն Ավետիսյանի դեմ ստացած այն բողոքները, որոնք նրա կողմից քաղաքացուն կամ ընկերությանը հետապնդելու, ֆինանսական վնասներ պատճառելու վերաբերյալ են եղել: Մեր աղբյուները նշում են, որ նախապատրաստվող նյութերին դժվար թե պաշտոնական ընթացք տրվի, քանի որ քիչ հավանակն է համարվում, որ Ավետիսյանը համարձակություն ունենա հրաժարվել շվեցարական բանկերի հաշվեհամարների վրա եղած գումարները ՀՀ բարձրագույն ղեկավարությանը հանձնելուց: